Ձկների կյանքից

07/12/2008

Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերարտադրությունը զարգացնելու նպատակով այս տարի ՀՀ կառավարությունը հատկացրել էր 80 մլն դրամ: Վերոհիշյալ գումարից 73,263 մլն դրամով գնվել էր 200.000 մանրաձուկ, որը լիճ բաց էր թողնվել ապրիլին եւ հոկտեմբերին: Երեկ բաց է թողնվել մնացած 6 մլն դրամի գեղարքունի տեսակի 5,5 գրամ քաշ ունեցող 33.700 մանրաձուկ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հավաստմամբ` իշխանի բուծմանը ներգրավված մասնագիտական համապատասխան ուժերը, որոնք գործելու են գիտագործնական եւ կենսատեխնոլոգիական նոր մեթոդներով, կապահովեն գործարանային մայրական վտառի կազմավորման, շարունակական պահպանման, զարգացման, ձկնկիթի ստացման, բեղմնավորման, ինկուբացիայի, մանրաձկան աճեցման ու կենսունակ մատղաշի բացթողնման գործընթացը դեպի Սեւանա լիճ: «Իշխանը» եւ «գեղարքունին» փրկելով ոչնչացումից, նախապայմաններ կստեղծվեն սելեկցիոն եւ գենետիկական եղանակով վերականգնել նաեւ այդ ենթատեսակների արդեն իսկ ոչնչացած համարվող կենսատիպերը` «ձմեռային բախտակն» եւ «բոջակը»: Զուգահեռաբար, գետեր եւ լիճ բացթողնված բոլոր տեսակի մանրաձկների հետագա ճակատագրի համալիր ուսումնասիրությունների համար կիրականացվի մոնիտորինգ: Ըստ Ա. Հարությունյանի` ձկան պաշարների ապօրինի արտահանումների, տեղափոխման եւ վաճառքի դեմ իրականացրած միջոցառումներին զուգահեռ՝ նոյեմբերի 15-ից մինչ օրս բնապահպաններն առգրավել են 200 ձկնորսական ցանց, 8 լողամիջոց, 100 կգ ծածան: Առգրավված ձուկն, ընդունված կարգի համաձայն, հանձնվել է ծերանոցներին եւ մանկատներին: