Մարմնավաճառներին տուգանողները

07/12/2008

ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից այս տարվա 10 ամիսներին հայտնաբերվել է թրաֆիկինգի զոհ դարձած 10 անձ, որոնցից 9-ը ենթարկվել է սեռական շահագործման: Նշված գործերով, որպես մեղադրյալ, ներգրավվել են 17 անձինք: Հետախուզման մեջ գտնվող 7 անձանցից հայտնաբերվել են միայն 2-ը: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են թրաֆիկինգի զոհ դարձած ՀՀ 20 քաղաքացիներ: Այս տվյալները երեկ կայացած ասուլիսում ներկայացրել է ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը` ամփոփելով թրաֆիկինգի, արտագնա մարմնավաճառության, կավատության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների եւ դրա դեմ տարվող պայքարի աշխատանքները: Նման հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով ՀՀ Ոստիկանությունում ստեղծվել են նաեւ մասնագիտացված բաժիններ: Այս տարի հայտնաբերվել եւ վարչական պատասխանատվության են ենթարկվել շուրջ 357 մարմնավաճառներ, որոնցից 110-ի մոտ բժշկական զննությամբ հայտնաբերվել են վեներական հիվանդություններ: Պատասխանելով լրագրողի հարցին` Հ. Պողոսյանը նշել է, որ Ոստիկանությունը կողմ չէ մարմնավաճառությունն օրինականացնելու նախաձեռնությանը, քանի որ դրա համար դեռեւս պետք է կատարվեն մի շարք ուսումնասիրություններ: Հնարավոր է` Ոստիկանությունը հանդես գա մարմնավաճառների նկատմամբ վարչական տույժերի չափի մեծացման առաջարկով: «Մեր երկիրը համարվում է թրաֆիկինգի սկզբնաղբյուր. դրա զոհերը բռնության են ենթարկվում այլ երկրներում, իսկ նպատակային երկրներից են Թուրքիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները»,- ասել է նա: Այս տարի Երեւանում հայտնաբերվել են նաեւ մարմնավաճառության «որջ» հանդիսացող չորս գիշերային ակումբներ` դրանցից երկուսը` Շենգավիթ համայնքում, մեկը` Կենտրոնում`«Դինուլիկ» անվամբ, իսկ մյուսը` Նոր Նորք համայնքում` «Կետ» անվամբ: Ոստիկանության կողմից նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 617 դեպք, 362 անձ ենթարկվել է քրեական պատասխանատվության: Նշված անձանցից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ եւ օգտագործմամբ զբաղվել են 11 կին եւ 7 անչափահասներ: Նախորդ տարի հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1084 դեպք: Այս տարվա 10 ամիսներին Ոստիկանության կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է 21 կգ 130 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց` նախորդ տարվա 144 կգ-ի դիմաց: Այս տարվա սեպտեմբերին իրականացված «Կանեփ-կակաչ» խորագրով միջոցառման ընթացքում Ոստիկանության աշխատակիցներն առգրավել են շուրջ 80 տոննա կանեփ եւ մեկ տոննա կակաչ, հայտնաբերել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 7 օտարերկրյա քաղաքացու՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հունաստանից եւ Հոլանդիայից: