Հանդիպումներ՝ առանց միջնորդների

07/12/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Երեւանում անցկացվում է «Կինոն որպես երկխոսության եւ փոխըմբռնման միջոց» խորագիրը կրող երկրորդ սեմինարը, որին մասնակցում են հայ եւ թուրք կինոգործիչները: Սեմինարը միավորում ու խթանում է մեր երկու երկրների ներկայացուցիչների գործնական հանդիպումները: Հանդիպումներն իրականում միայն կինոնախագծեր քննարկելով չեն սահմանափակվում, քանի որ պատմական, քաղաքական ու հոգեբանական խնդիրների կծիկն այնքան խճճված է, որ կինոյի ոլորտից տեղափոխվում է քաղաքացիական ոլորտ:

Նման սեմինարի գաղափարը պատկանում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որը փորձում է կոնկրետ քայլեր անել ոչ միայն հայ եւ թուրք կինոգործիչների շփումն ապահովելու, այլեւ` համատեղ ֆիլմարտադրության հիմք դնելու համար: «Մենք կփորձենք կոնկրետ նախագծեր սեղանին դնել ու կինոարտադրանք ստեղծել: Արդեն իսկ հայաստանյան կինոդպրոցը պարսիկ կինոռեժիսոր Աբբաս Քիառոսթամիի շնորհիվ ստեղծել է առաջին համատեղ հայ-թուրքական կարճամետրաժ ֆիլմը, որն ունենալու է «Տուն» պայմանական վերնագիրն ու իր մեջ վերադարձի թեման է կրելու»,- ասաց «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Սեմինարի մասնակից թուրք ռեժիսոր Էզել Ական նշեց, որ հիմա աշխարհում չափազանց կարեւորվում է մարդու ինքնության խնդիրը, եւ յուրաքանչյուր արվեստի գործում այդ թեման իր դրսեւորումն է ստանում: «Շատ վատ է, երբ մենք իրար նսեմացնելով ենք ինքնադրսեւորվում ու միմյանց ծաղրում ենք մեր ֆիլմերում ու գրվածքներում: Պետության եւ ժողովուրդների շահերը միշտ չէ, որ համընկնում են, մենք պետք է փորձենք առանց պարտադրված քաղաքականության իրար հասկանալ»,- նկատեց նա` առաջարկելով հայկական ֆիլմերը ցուցադրել Թուրքիայի հեռուստատեսությամբ, իսկ թուրքական ֆիլմերը ներկայացնել մեր հեռուստալսարանին:

«Ոսկե ծիրանը» (որը հասարակական կազմակերպություն է) վաղուց արդեն սոսկ փառատոն չէ, այլ մի կառույց է, որը փոքր ու կինոարտադրությունից զուրկ Հայաստանը դարձնում է մեր տարածաշրջանի կինոկենտրոնը: Սեմինարի մասնակից, կինովավերագրող Արա Շիրինյանն ասում է. «Ստացվեց այնպես, որ Հայաստանն իրոք կինոկենտրոն դարձավ: Եթե նախկինում հայերն ու թուրքերը Վրաստանի միջոցով էին հանդիպումներ կազմակերպում, ապա հիմա հնարավոր է դարձել առանց միջնորդների հանդիպել: Իսկ դա շատ կարեւոր է»: Եթե հաշվի առնենք Իրանի կրոնական խստությունն ու գրաքննությունը, նաեւ Վրաստանի շփոթված ու ոչ ներկայանալի լինելու փաստերն, ապա պարզ կդառնա, որ Հայաստանն այժմ շատ ավելի բարենպաստ ու «բաց» երկիր է արվեստի համար, քան երբեւիցե եղել է: Եվ այդ պահը հարկավոր է օգտագործել: Թուրքիայի «Անոդոլու կուլտուր» ասոցիացիայի համակարգող տիկին Չիգդեմ Մաթեր Ուտկուն, ով երեւանյան սեմինարի էմոցիոնալ «շարժիչ ուժն» է, ասաց. «Մենք նույն տարածաշրջանի զավակներն ենք, եւ մեր տարածաշրջանի «համը» զգալու համար` սահմանների կարիքը չունենք: Մեր երկրներով է անցել պատմական Մետաքսի ճանապարհը, եւ մենք էլ պետք է փորձենք վերականգնել այդ ճանապարհ-կամուրջը: Ես հավատում եմ, որ մեր երկու ժողովուրդները չեն մոռացել իրենց հազարամյակներ տեւող բարեկամության մասին: 1915 թվականին կատարված ողբերգության համար ես անձնապես շատ եմ ցավում եւ ձեզանից ներողություն եմ խնդրում: Բայց մենք ունենք պետություններ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, եւ կարծում եմ, որ հիմա ժամանակն է` աջակցել այն բոլոր ծրագրերին (նույնիսկ ամենափոքր քայլերին), որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ»: Այս տարվա գարնանը Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում անցավ առաջին հայ-թուրքական սեմինարը, որի ընթացքում ֆիլմեր ցուցադրվեցին ու թեժ բանավեճեր տեղի ունեցան: 12 հայ կինոռեժիսորներ ու սցենարիստներ մասնակցեցին «Կինոն ու պատմությունը» սեմինարին, որին մեծ աջակցություն ցույց տվեց «Անոդոլու կուլտուրը»: «Չկա՞ մտավախություն, որ մեծ քաղաքականությունը կարող է խառնվել այդ ծրագրերին ու դրականին միտված քայլելը հանկարծ հակառակ էֆեկտը կունենան ու կփշրեն առանց այդ էլ ոչ այնքան ամուր կապերը մեր քաղաքացիների միջեւ» մեր հարցին տիկին Չիգդեմը պատասխանեց. «Այսպես թե այնպես քաղաքականությունն ազդում է ամեն ինչի վրա, ճիշտ կլինի ասել, որ ամեն ինչն էլ քաղաքականություն է: Բայց հավատացնում եմ, որ բացասական արձագանքները մեզ չեն խանգարի: 2007 թվականին տեղի ունեցած Հրանտ Դինքի մահը մեզ ցույց տվեց, թե ինչին կարող են հանգեցնել ազգային հարցերն ու ազգային անջատողականությունը: Մենք շատ պարտական ենք նաեւ գրող Ֆեթիե Չետինին, ով իր վեպում ներկայացրեց իր մեծ մորը` Հրանուշին, ու մեզ հիշեցրեց, որ մենք մեր պարտքը վճարելու ճանապարհները պիտի գտնենք: Ինչպե՞ս պիտի փնտրենք 1915 թվականին հարյուր հազար անմեղ զոհված հայերին մեր պարտքը վճարելու ուղիները: Կինոն միացնող ու խաղաղարար կողմեր ունի: Մեկ գիրքը կամ մեկ ֆիլմը շատ բան կարող են փոխել մարդկանց գիտակցության մեջ: Իհարկե, մենք աշխարհը փոխելու ցանկություն չունենք, բայց փոքր քայլեր անել կարող ենք: Պետք է ողջունենք ամեն մի քայլ, որի արդյունքում հայերն ու թուրքերը կարողանում են զրուցել միմյանց հետ ու լսել իրար: Ես եկա Երեւան ու ծանոթացա, օրինակ, ձեզ հետ: Սա էլ է քայլ, եւ այդ քայլը թերագնահատել պետք չէ: Բոլորիս նպատակը հայ-թուրքական կինոպլատֆորմ ստեղծելն է: Եվ դա մենք կամաց-կամաց անում ենք»: