Մեծ հույս ու մեծ աշխատանք

07/12/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Ջութակահար, դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի ղեկավար Վլադիմիր Սպիվակովին Հայաստանում բոլորը ճանաչում են, սիրում են ու շնորհակալ են նրան:

Նրան Հայաստանի մտերիմ ընկեր են համարում աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերը: «Շատերն ինձ մոտենում են ու ասում են՝ «Վլադիմիր ջան, ցավդ տանեմ»,- ասում է նա: Նա առաջիններից էր, ով 1988 թվականի երկրաշարժին հաջորդած օրերին եկավ Հայաստան ու կիսաքանդ, արցունքներով ու մահվան շնչով ողողված Գյումրիում կատարեց այն, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում` նվագեց: Եվ նրա այդ նախաձեռնությունը դարձավ վերածնվող Գյումրիի յուրատեսակ խորհրդանիշը, քանի որ, երբ հնչում է երաժշտությունը` լացը որոշ ժամանակով դադարում է: Լացը հիմա դադարել է, ապահով ապագա ունենալու հույսը դեռ կենդանի է, սակայն կյանքը նույնն է մնացել. Գյումրին, ինչպես եւ 20 տարի առաջ, մխիթարանքի ու օգնության կարիք ունի: Եվ գյումրեցիները Սպիվակովի համերգները լսելու են գնում` այդ գեղեցիկ երաժշտական մխիթարանքը ստանալու համար: Սպիվակովն ասում է. «Երաժշտությունը տարբեր ֆունկցիաներ ունի` գեդոնիստական ֆունկցիայից սկսած, կոմունիկատիվ ֆունկցիայով վերջացրած: Բայց ինձ ավելի հոգեհարազատ են Պուշկինի բառերը, ով ասում էր, որ արվեստի շարժիչ ուժը ներշնչանքն է: Յուրաքանչյուր համերգ էներգիայի փոխանակում է, այն ոգեւորում է ու կրեատիվ մտքեր է առաջացնում: Քաղաքական գործիչները ղեկավարվում են պրագմատիկ գործերով, իսկ արվեստի մարդիկ` էմոցիաներով: Չէ՞ որ նոտաները հենց կոդավորված զգացմունքներն են, որոնք մենք բարձրաձայնում ենք»:

Հիմա, երբ երկրաշարժի օրից անցել է 20 տարի, Վ. Սպիվակովը կրկին եկել է Հայաստան ու նվագել է գյումրեցիների համար: «Ես ազնիվ չեմ լինի, եթե ասեմ, որ Գյումրին վերածնվել է: Վերքերը նոր են սկսել «փակվել», սակայն ցավը դեռ զգացնել է տալիս: Բայց Գյումրիում ես տեսա երեխաների, որոնք երգում են: Այնպես որ, Գյումրիի մասին իմ գիտելիքները հոռետեսական են, բայց հավատը լավատեսական է»,- ասաց Վ. Սպիվակովը, ում համար երեխաների ոգեւորությունն ամենամեծ պարգեւն է: Նա պատմեց, որ մինչեւ հիմա իր փարիզյան տան պատից կախված է ծաղրածու պատկերող այն փոքրիկ գորգը, որը գործել էր 1988 թվականին զոհված մի աղջիկ: Նա պահպանում է նաեւ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ծնված մեկ այլ հայ աղջկա նկարը, որը վկայում է հայ մանուկների ստեղծագործական ոգու շարունակականության մասին: «Իմ երեք դուստրերը շատ են սիրում այդ գորգը»,- ասաց Սպիվակովը, ում զավակները կիսով չափ հայ են, սակայն հազվադեպ են ուղեկցում իրենց հայրիկին: Հազվադեպ է Հայաստան գալիս նաեւ դերասանուհի ու հաղորդավար Սաթի Սպիվակովան, ում հոր` ջութակահար Զարեհ Սահակյանցի 75-ամյակին էլ Վլադիմիր Սպիվակովը նվիրել է դեկտեմբերի 3-ին կայացած երեւանյան իր համերգը: «Լինում են արտակարգ իրավիճակներ, երբ հիշողությունն իր հաղթանակն է տոնում ժամանակի նկատմամբ: Եվ երբ հիշում ենք, որ կան մարդիկ, որոնք դժվար պահին լուռ օգնության ձեռք են մեկնում ու բացում են իրենց սիրտը` ուրիշի ցավն ընդունելու համար, դա թեթեւացնում է մեր ցավը»,- ասում է Վ. Սպիվակովը, ով իր մարդկային պարտքն է համարում երեխաներին սատար կանգնելը: Նրա ստեղծած հիմնադրամը զբաղվում է շնորհալի երեխաների որոնմամբ ու աջակցմամբ: Նա համոզված է, որ յուրաքանչյուր նորածին մարդ էակ ամեն բան իմացող հանճար է, ում ծնվելու պահին հայտնվում են հրեշտակներն ու համբուրում են նրան (այդ պատճառով էլ մարդու դեմքի վրա փոսիկներ են հայտնվում), ու երեխան մոռանում է իր հանճար լինելու մասին. «Սովորեցրեք երեխաներին աշխատել, որպեսզի զարգանա երեխաների մեջ ներդրված ստեղծագործական սկիզբը, դա շատ կարեւոր է: Ինձ համար սարսափելի է ծույլ մարդկանց տեսնելը, ես ինքս պատրաստ եմ օր ու գիշեր աշխատել: Եվ ես ստեղծեցի իմ հիմնադրամը՝ ոչ միայն նախկին Խորհրդային երկրներում ընդհանուր մշակութային տարածքը, լեզուն ու ավանդույթները պահպանելու համար, այլեւ, որպեսզի երեխաները հասկանան, որ իրենց սիրում են, որ իրենց հավատում են: Եվ սիրում են ոչ միայն իրենց մայրիկներն ու հայրիկները, այլեւ` օտար մարդիկ: Երեխաները միջակության աշխարհ են մուտք գործում, իսկ սիրո զգացումը նրանց կարող է պահպանել: Մեր կյանքում չարի էներգիան շատ ուժեղ է, եւ պետք է այն բարության էներգիայով հավասարակշռել»:

Գյումրիի թատրոնի լեփ-լեցուն դահլիճում, գեղեցիկ, հանդիսավոր ու իրեն պաշտող գյումրեցիներին նա ասաց. «Ես ցանկանում եմ ձեզ մեծ հավատ ու մեծ աշխատանք»: Հույսը չկորցնելու համար իրապես մեծ աշխատանք է հարկավոր կատարել: Եվ այդ աշխատանքը, մեզանից բացի, ոչ ոք չի կարող կատարել, մյուսները կարող են միայն հուսադրել: Իսկ հուսադրել Սպիվակովը շատ լավ է կարողանում: Նա խնդրում է չմոռանալ, որ Աստված ամեն ինչ հիշում է:

«Ես շատ եմ սիրում Երեւանի Սախարովի հրապարակը: Եվ ամեն անգամ, երբ անցնում եմ այդ հրապարակի մոտով, մեջս կարծես կրկին հնչում են Սախարովի խոսքերը. «Կարեւորը նախանշված ուղով շարժվելն է»,- ասաց Սպիվակովը, ով իր համար վաղուց ուղի է գծել ու չի ցանկանում շեղվել իր ընտրած ուղուց` քարոզելով դասական երաժշտությունն ու գթասիրտ լինելը: Իսկ թե մենք ո՞ւր ենք շարժվում` ինքներս էլ չգիտենք: Գերադասում ենք պարադոքսներով ուղղորդվել: Ամեն գնով ցանկանում ենք Սպիվակովի համերգը լսել, սակայն դասական երաժշտությունը տեղ չի գտնում մեր կյանքում: Մեծ գումարներ ենք ծախսում երկրաշարժի տարելիցը նշելու համար, բայց «աղետի գոտի» բառերից չենք կարողանում ազատվել: Ասում ենք, որ Գյումրին վերակենդանանում է, բայց այնտեղ անհուսություն է տիրում: Աստված դա էլ է հիշելու: