«Միացում» ազգային նախաձեռնությունը հանդես է եկել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քաղաքային իշխանությունների կողմից իրականացված ոտնձգությունները դատապարտող եւ նրան իր զորակցությունը հայտնող հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասվում է: «Միացում» ազգային նախաձեռնությունը հիշեցնում է ՀՀ իշխանություններին, որ հրապարակային հանցագործ եւ Հայոց պետությունը ծանրագույն կերպով վարկաբեկող Վարդան Ղուկասյանի որակի անձանց Շիրակի թեմի առաջնորդի դեմ քրեախուլիգանական ոտնձգություններին սատարելը դուրս է բարոյականության եւ քաղաքական խոհեմության բոլոր սահմաններից: «Միացում» ազգային նախաձեռնությունը փաստում է, որ բացառիկ հոգեւոր ու իմացական արժանիքների տեր եւ հանրության համընդհանուր դրվատանքը վայելող Տ. Միքայել եպիսկոպոսի նկատմամբ սանձազերծված հալածանքն ու Մայր Աթոռի խնդրո առթիվ ցուցաբերած իշխանահաճո ստորաքարշությունը վերստին եւ ակներեւաբար վկայում են, թե որքան խորն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու գերագույն հոգեւոր իշխանության անհամապատասխանությունը` Աստուծո եւ ազգի առջեւ սրբաշնորհ օծմամբ ստանձնած պարտավորություններին»: