Սովորության համաձայն

06/12/2008

Ազգային ժողովում պատգամավորների` կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արդեն ավանդույթ է դարձել միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցության մասին խոսելը: Եվ քանի որ այդ խնդիրն այսօր հրատապ է, իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են հայտարարելու համար, թե ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն չի թողել, եւ իրենք էլ ամեն ինչ անում են, որ ազդեցությունը մեղմ լինի: Ամեն անգամ վարչապետը կամ տնտեսական բլոկի որեւէ նախարար հայտարարում է, թե կառավարությունն ինչ նոր «գործիքներ կամ գործիքակազմ» է ստեղծել ճգնաժամի դեմ պայքարելու համար: ԱԺ-ում նման հայտարարություն անելու համար նախ անհրաժեշտ է, որ կոալիցիայի, ցանկալի է՝ ՀՀԿ խմբակցության, աչքի չընկնող որեւէ անդամ նման հարց ուղղի կառավարությանը: Եվ երեկ հարցն ուղղեց պատգամավոր Սամվել Սարգսյանը: Այս անգամ պատասխանելու հերթը ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանինն էր: «Դուք գիտեք, որ կառավարությունը բավականին արագ որոշում ընդունեց, մասնավոր հատվածին, բանկային համակարգի միջոցով, լրացուցիչ, եւ այն էլ՝ հիմնականում փոքր ու միջին ձեռնարկատիրական համակարգին 50 միլիոն դոլարին համարժեք ռեսուրս տրամադրել: Այդ խնդիրն արդեն լուծվել է, եւ կարծում ենք, այդ գումարը շուտով տեղ կհասնի ու հնարավորին չափով կմեղմի: Բացի այդ, մենք հիմա բանակցություններ ենք ավարտում Համաշխարհային բանկի հետ եւ խնդրում ենք, բացի մեր նախատեսված ծավալներից, կրկնապատկել աջակցությունը Հայաստանի տնտեսությանը: Մեր առաջարկը մոտենում է մինչեւ 1 միլիարդ դոլարի ծավալի: Կարծում եմ, որ որոշակի հաջողություն մենք կունենանք եւ լրացուցիչ ռեսուրսներ կներգրավենք տնտեսության մեջ»,- ասաց Տ.Դավթյանը: «Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Բաքվում ԵԽ երկրների Մշակույթի նախարարների խորհրդի նիստում Հայաստանի հասցեին ուղղված քննադատություններ են հնչել: Եվ քանի որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Բաքու չի գնացել, քննադատություններն անպատասխան են մնացել: ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն ասել է, որ հայերը ոչնչացրել են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ադրբեջանական հուշարձանները»: Իլհամ Ալիեւն էլ հերթական անգամ հայտարարել է, թե «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը»: Պատգամավորին հետաքրքրում էր, թե հայկական կողմն ինչո՞ւ չի մասնակցել այդ նիստին եւ այդպիսով միակողմանի հակահայկական քննադատության հնարավորություն է տվել: Հ.Պողոսյանը պատասխանեց, որ այդ հավաքին մասնակցելու հրավերը պարունակել է ոչ պատշաճ արտահայտություններ, ինչի համար էլ մերոնք այն մերժել են: «Մենք որեւէ պարտավորություն ի սկզբանե չենք ունեցել, որովհետեւ ո՛չ ասել ենք մեր մասնակցության մասին, ո՛չ էլ բացառել ենք մեր մասնակցությունը»,- պատասխանեց նախարարն` ավելացնելով, թե Ադրբեջանի կողմից «իրենց տանը» նման հայտարարությունների սպասել են: Պարզապես Հայաստանը թույլ է տվել, որ խորհրդի նիստի մասնակիցների կողմից հայտարարություններն ի գիտություն ընդունվեն: