Գործարարներն արդեն զգում են ճգնաժամի ազդեցությունը

06/12/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Որքան էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորին խորհուրդ տա չխոսել համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, որպեսզի այդ ճգնաժամը Հայաստան չմտնի, այնուամենայնիվ, մեր երկիրն արդեն տնտեսական լուրջ խնդիրներ ունի:

Այն առաջինն ազդել է հանքարդյունաբերության ոլորտի վրա: Արտահանվող հանքարդյունաբերությունն ամբողջությամբ կաթվածահար վիճակում է հայտնվել, քանի որ միջազգային շուկայում հանքային հումքի գներն օրեցօր նվազում են: Ճգնաժամի ազդեցությունն արդեն զգացել են նաեւ Հայաստանի արտադրող ձեռնարկությունները: Երեկ մենք փորձեցինք Ազգային ժողովում արտադրություն ունեցող պատգամավորներից ճշտել, թե ճգնաժամն ի՞նչ ազդեցություն է թողել նրանց արտադրական գործունեության, նաեւ արտահանման վրա: Նաեւ այն, թե ճգնաժամի ազդեցությունը թուլացնելու համար գործարար պատգամավորներն ի՞նչ ակնկալիքներ ունեն հայրենի կառավարությունից: Իրենց կարծիքները ներկայացրեցին պատգամավորներ` «Կիլիկիա» գարեջրի, բնական հյութի եւ լիմոնադի գործարանների սեփականատեր Հակոբ Հակոբյանը, կոնյակ արտադրող եւ արտահանող «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը եւ «Ավանի աղի կոմբինատի» սեփականատեր Արեգ Ղուկասյանը: Այս խնդրի շուրջ խուսափեցին մեր հարցերին պատասխանել պատգամավորներ` «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանն ու «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը:

«Կիլիկիա» գարեջրի, բնական հյութի եւ լիմոնադի գործարանների սեփականատեր Հակոբ Հակոբյանի համոզմամբ` «Միջազգային ճգնաժամն ամբողջ աշխարհի վրա է ազդեցություն ունեցել, Հայաստանի վրա էլ է ունենում: Ինձ թվում է, որ մեզ մոտ դեռ նոր պետք է զգանք, համոզված եմ, որ գարնանը` արդեն մարտին ազդեցությունն ավելի զգալի կլինի: Մենք մինչեւ հոկտեմբերի կեսը Ռուսաստանում սպառվող գարեջրի ձմեռվա խմբաքանակը արտահանել ենք: Հիմա գումարները ստանալու խնդիր կա, որովհետեւ Ռուսաստանում էլ այդ ճգնաժամը զգալի է: Դժվարանում են գումարները ժամանակին փոխանցել, եւ մենք արդեն կընկնենք ֆինանսական վատ վիճակի մեջ: Արտադրողները Հայաստանում ավելի վատ օրեր էլ են տեսել: Հիշենք 93-94թթ. շրջափակումները: Մենք գոյատեւել ենք այն ժամանակ, ու համոզված եմ, որ հիմա էլ կգոյատեւենք, պարզապես պետք է ճիշտ ծրագիր կազմվի տնտեսվարող սուբյեկտ-կառավարություն հարաբերության դեպքում: Իհարկե, վիճակից դուրս գալու ծրագիր կազմելու համար կառավարությունը պետք է բարի կամք ունենա»:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ճգնաժամի` սպառման ծավալների նվազման արդյունքում արտադրությունը դադարեցնեք:

– Դա վատագույն տարբերակն է: Ամեն ինչ հնարավոր է, բայց կաշխատենք, որ դրան չհասնենք: Իսկ եթե այնպիսի իրավիճակ եղավ, որ չկարողացանք դիմակայել, ստիպված պետք է փակենք, բայց հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի: Ամառը գա` կտեսնենք, գարեջուրը սեզոնային իրացման ապրանք է: Բայց միայն գարեջուրը չէ, եթե մյուս ձեռնարկությունները կանգնեն, աշխատավարձ չկարողանանք վճարել, ապա չենք կարողանա նաեւ արտադրել: Եթե ընտանիքում գումար չեղավ, ապա մարդիկ ոչ միայն գարեջուր, այլեւ երեխայի համար հյութ ու լիմոնադ էլ չեն գնի:

– Արտադրողի ու արտահանողի վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու համար իշխանություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Վարչապետի հետ հանդիպում եղել է: Տեսնում եմ, որ նախագահն ու վարչապետը հուսադրող բաներ ասում են, առայժմ ասել են, լսել ենք: Թե շարունակությունն ինչպե՞ս կլինի` չգիտեմ: Մի բան է ասելը, մեկ այլ բան է կատարելը: Կատարելու համար էլ կան եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ պատճառներ: Չի կարելի միանշանակ մեղադրել կառավարությանը կամ տնտեսվարող սուբյեկտին: Խնդիրներ կան, որ նրանցից էլ կախված չէ:

– Իսկ հանդիպումների ժամանակ կառավարությանը ճգնաժամի ազդեցությունը մեղմացնող առաջարկություններ ներկայացրե՞լ եք: Այնպիսի առաջարկներ, որի արդյունքում շատ չտուժեն թե՛ պետական բյուջեն, թե՛ տնտեսվարողը:

– Այո, իհարկե, ներկայացրել ենք: Օրինակ, առաջարկել ենք ներկրվող հումքի եւ արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների վրայից հանել Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ): Հումքի ներկրման ճանապարհածախսը շատ թանկ է, եւ մեզ ձեռնտու է մեծ քանակությամբ` միանգամից 6 ամսվա կամ 1 տարվա կտրվածքով բերել: Դրսի կազմակերպությունների հետ պայմանավորվում ենք, որ վճարման լավ պայմաններ տան, եւ տալիս են, մաս-մաս ենք վճարում: Բայց գալիս-հասնում ենք մեր սահմանին ու ԱԱՀ-ն անմիջապես վճարում ենք: Այստեղ ես խնդիր տեսնում եմ: Լավ կլիներ, որ գոնե հումքից եւ սարքավորումներից սահմանի վրա ԱԱՀ չվերցնեն: Մենք վարկ ենք վերցնում, թանկ սարքավորումներ ենք բերում: 6 ամիս տեւում է՝ մինչեւ պատրաստում են այդ սարքավորումները, 1-2 ամիս տեւում է, մինչեւ տեղ է հասնում, 1 ամիս էլ գործարանում մոնտաժային աշխատանքներն են տեւում: Այստեղ մենք 8-9 ամիս կորցնում ենք ու վարկի տոկոս ենք տալիս: Ինձ թվում է՝ սարքավորումների, հատկապես հոսքագծերի դեպքում ընդհանրապես պետք է հանվի ԱԱՀ-ն, եթե, իհարկե, դա վերավաճառելու համար չի բերվում: Մենք հիմա Գյումրիում ածիկի գործարան ենք կառուցում, որը շատ աշխատատեղեր է բացելու ՀՀ գյուղացիական տնտեսությունների համար` մոտ 20-25 տոննա գարի պետք է մթերենք: Դա հսկայական աշխատանքներ են, գոնե այսպիսի դեպքերում պետք է բացառություններ լինեն: Իմ կարծիքով՝ ԱԱՀ-ով չպետք է հարկվի նաեւ հումքը, որովհետեւ առանց այդ էլ հումքը ապրանքի վերածելու պրոցեսում ԱԱՀ վճարվում է: Իհարկե, սահմանին հումքի համար վճարվող ԱԱՀ-ն հետո ետ ենք ստանում, բայց մենք վճարում ենք մեր շրջանառու միջոցներից, որը ետ ենք ստանալու 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում, եւ որը կարող էինք օգտագործել արտադրության մեջ եւ արդյունք ստանալ: Այսօր տնտեսվարող սուբյեկտից չի կարելի շրջանառու միջոները վերցնել:

Արեգ Ղուկասյանի կարծիքով` «Համաշխարհային ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա առայժմ մեծ ազդեցություն չունի, մեր գործարանի վրա եւս մեծ ազդեցություն չի թողել»:

– Ինչո՞ւ: Որովհետեւ աղը միշտ էլ սպառվո՞ւմ է:

– Ինչ-որ ազդեցություն կլիներ այն դեպքում, եթե մենք հիմա ունենայինք վարկային ծրագրեր: Այս պահին մենք մեծ վարկեր չունենք:

– Կարծիք կա, թե Հայաստանում ճգնաժամի սուր ազդեցությունը կզգացվի գարնանը: Դուք հնարավոր չե՞ք համարում, որ ձեր արտադրությունն էլ կտուժի:

– Մենք պրոֆիլակտիկ միջոցառումներ կազմակերպել ենք, որ ձմեռը կարողանանք նորմալ անցկացնել: Պիտի որ նորմալ լինի, եթե, իհարկե, գազի հետ կապված ճգնաժամ ու տարբեր կատակլիզմներ չլինեն: Մեր գործարանի վրա ավելի շատ ազդել է գազի գնի բարձրացումը, որի արդյունքում մենք ստիպված էինք բարձրացնել արտադրանքի գինը:

– Ճգնաժամին դիմակայելու համար կառավարությունից ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Այսօր կառավարությունը ձեռնամուխ է եղել տեղական արտադրողի պաշտպանության գործին: Առայժմ դա քննարկման փուլում է, եւ գովելի է, որ այդ քննարկումները կազմակերպում են Գործարարների միության հետ: Կարծում եմ, որ պետք է վերանայվի մաքսատուրքի տոկոսադրույքները, որն այսօր 10 տոկոսից ավելի չէ: Մենք անդամակցում ենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, մեզ թույլ է տալիս ունենալ մինչեւ 15 տոկոս մաքսատուրք: Ես կարծում եմ, որ սահմանին որոշ ապրանքատեսակներ պետք է հարկվեն 10-ից ավելի տոկոսադրույքով: Ներմուծվող ապրանքների մաքսատուրքը պետք է մի փոքր բարձրացվի, որպեսզի տեղական արտադրողն իրեն լավ զգա: Եթե ներսում չունենք տվյալ ապրանքի արտադրությունը, դրա մասին խոսք չի կարող լինել, եթե ունենք` պետք է մաքսատուրքը բարձրացվի: ԱԺ-ում քննարկվելու է ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, եւ պատգամավորների առաջարկն է՝ ավելացնել ակցիզային հարկը ներմուծվող սպիրտային խմիչքների վրա: Կարծում եմ, որ դա էլ մի միջոց է տեղական արտադրողին պաշտպանելու համար: Շատ միջոցներ կան, եւ ես կարծում եմ, որ կառավարությունը կհասկանա եւ եզրակացություն կանի:

Տիգրան Արզաքանցյանն այլ կարծիքի է. «Համաշխարհային ճգնաժամը շատ վատ է ազդել մեր գործունեության վրա: Դիստրիբյուտորները չեն կարողանում ֆինանսավորում ստանալ իրենց վաճառած ապրանքների դիմաց, որ վճարեն մեզ մեր ապրանքների համար: 22 երկրներում դիստրիբյուտորներ ունենք, եւ հատկապես վատ է վիճակը Ռուսաստանում: Նրանց մոտ մեծ պարտքեր են գոյացել, սպասում ենք, որ փակեն, որ մենք դրանից հետո կարողանանք էքսպորտն ավելացնել: Մեր կոնյակի արտահանումը նվազել է մոտ 14 մլն դոլարով, դա ընդհանուր արտահանման 38 տոկոսն է: Ես բանակցություններ եմ վարում տարբեր երկրների խոշոր բանկերի հետ, որ իմ գործընկերներին վարկերով օգնեն, որ նրանք էլ կարողանան վճարել մեզանից վերցրած ապրանքի դիմաց: Հայաստանի կառավարությունից ոչինչ չեմ սպասում, որովհետեւ մեր խնդիրները հիմնականում դրսում են»: