Ինչին եւ ինչու է դեմ «Ժառանգությունը»

06/12/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Կարծում ենք՝ մարտի 1-ից հետո իրականացվող դատավարությունների շարքը չպետք է պատճառ հանդիսանա դատավորներին պարգեւատրելու համար»:

Երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով 2009 թվականի բյուջեով դատական համակարգի աշխատողների աշխատավարձը կրկնապատկելու կառավարության նախաձեռնությանը, որին «Ժառանգությունը» դեմ է քվեարկել: Իսկ 2009 թվականի բյուջեն «Ժառանգությանը» չի բավարարել նաեւ այլ պատճառներով: «Նախ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը բյուջեով նախատեսված է 17.4%. մենք գտնում ենք, որ դա շատ ցածր թիվ է, եւ հնարավոր է ապահովել մինչեւ 21.4%` նույնիսկ ստվերին չդիպչելով` միայն վարչարարության հաշվին: Երկրորդ` 93.6 մլրդ դրամ հարկերի մեջ ուղղակի հարկերը` շահութահարկը եւ եկամտահարկը, կազմում են ընդամենը 26%: Սա ցույց է տալիս, որ բյուջեի գումարները նորից հավաքագրվելու են քաղաքացիների հաշվին: Մյուս կողմից՝ մենք կարծում ենք, որ արտահանման-ներմուծման այսքան մեծ բացասական տարբերության պայմաններում մաքսայինը շատ քիչ` ընդամենը 44 մլրդ դրամ է հավաքագրելու: 2009թ. բյուջեում ջինի գործակիցն էլ (հարուստների եւ աղքատների եկամուտների տարբերությունը ցույց տվող գործակիցը.- ՀՄ) աճի միտում ունի: 9.2% տնտեսական աճը նախատեսվում է ապահովել հիմնականում շինարարության եւ ծառայությունների ոլորտի հաշվին, մինչդեռ տնտեսական ճգնաժամն արդեն իսկ ազդել է շինարարության ծավալների վրա: Այսինքն` սա նաեւ ռիսկային է»,- պարզաբանեց «Ժառանգության» ներկայացուցիչը: Ա. Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, քանի որ դրանով խախտվում է սահմանադրությունը: Ըստ նրա` կառավարությունը չպետք է կարողանա պարտադիր իրավական հետեւանքներ չունեցող ինչ-որ հարցումներ անցկացնել հանրաքվեի տեսքով: «Ընտրովի մարմիններին` նախագահին ու ԱԺ-ին, հեռու են պահում հանրաքվե անցկացնելու խնդրից եւ կառավարությանն են հարվածի տակ դնում, մինչդեռ Սահմանադրության տառը եւ ոգին պահանջում են, որ հանրաքվե անցկացնեն ընտրովի մարմինները: Քանի որ այսպես հապճեպորեն է բերվել այս նախագիծը, կարծում եմ՝ խնդիրը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է ԼՂ-ին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: ԱԺ-ում այժմ երկու օրենքների փոփոխությունների օրինագծեր են շրջանառվում, որոնք վերաբերում են գյուղացիական տնտեսություններին: Սրանց նույնպես «ժառանգությունը» դեմ է: «Այն հարցն է դրված, որ գյուղացիները ավելի հեշտ վարկ ստանան, բայց արդյունքում մենք, հնարավոր է, ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որոշ գյուղացիական տնտեսություններ վարչական լծակների հաշվին ֆինանսական ռեսուրսներ կունենան, շատ արագ կկազմավորվեն խոշոր տնտեսվարողներ, իսկ գյուղացիները կմնան առանց հողի: Հիմա էլ ոչ թե փողը կտան գյուղացուն, այլ գյուղացուն՝ փողին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Վերջինս Գերմանիա, Հոլանդիա եւ Լեհաստան կատարած այցելություններից ու Արտգործնախարարության աշխատակիցների, պատգամավորների հետ զրույցներից մտահոգվել էր այն պատճառով, որ վերջիններս նպատակահարմար են համարում հայկական զորքերի դուրսբերումն ազատագրված տարածքներից, ինչպես նաեւ՝ կողմ են ԼՂ-ի ու Հայաստանի միջեւ Լաչինի միջոցով նեղ միջանցքով կապի ապահովմանը: «Ճիշտն ասած, Եվրոպայում իմ հանդիպումների ընթացքում նկատեցի, որ նրանք սպասում են ԼՂ հարցի որոշակի դրական հանգուցալուծման՝ նույնիսկ մինչեւ Նոր տարի: Բայց ես չեմ կարող միանշանակ ասել` հարցի լուծումն արագացված տեմպերով տեղի կունենա՞, թե՞ ոչ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Նա վերը նշած երկրների օրենսդիր կառույցների փորձը ուսումնասիրելիս եկել է այն եզրահանգման, որ նպատակահարմար է կուսակցություններին ֆինանսավորել բյուջեով, որպեսզի նրանք կախվածության մեջ չընկնեն օլիգարխներից: «Ժառանգությանը» մտահոգում էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջեւ ստեղծված լարվածությունը: «Կարծում եմ՝ մեր պատկան մարմինները եւ այն կուսակցությունները, որոնք անմիջական առնչություն ունեն Գյումրիի քաղաքապետի հետ, պետք է պատասխանատվության կանչեն Գյումրիի քաղաքապետին»,- նշեց Ա. Մարտիրոսյանը: «Ժառանգության» ղեկավարը անդրադարձավ նաեւ մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի եւ ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին:

«Եթե իշխանությունների կողմից խոչընդոտներ չլինեն, կարծում եմ՝ փաստահավաք խմբից որոշակի ակնկալիքներ մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման հարցում կարող ենք ունենալ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը` հավելելով, որ փաստահավաք խմբի աշխատանքներն ԱԺ-ում անցկացնելու փորձը հենց այդպիսի խոչընդոտներից էր: «Ինչ վերաբերում է ԱԺ հանձնաժողովին, նշեմ, որ չկասկածելով հանձնաժողովականների մարդկային որակների վրա այն առումով, որ ցանկանում են բացահայտել տեղի ունեցածը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ լիազորությունների եւ խնդիրների սահմանափակության հետեւանքով նրանք այդ հնարավորությունը չունեն»,- նշեց Ա. Մարտիրոսյանը: Նա բացասաբար է վերաբերվում այդ հանձնաժողովում ընդդիմությանը վարկաբեկելու փորձ անելու համար տարածվող ֆիլմի դիտմանը: «Ես տեսել եմ այդ, այսպես կոչված, հակաֆիլմը, եւ այնտեղ իրավական առումով որեւէ հետեւանքներ առաջացնող խոսակցություն չեմ լսել»,-հայտարարեց Ա. Մարտիրոսյանը: Նա բացասաբար է վերաբերվում նաեւ ԱԺ-ի կողմից «Երեւան քաղաքի մասին» օրենքի նախագծի հետ ուղարկմանը, քանի որ, այդպիսով, ըստ նրա, շարունակաբար խախտվում է Սահմանադրությունը: Անդրադառնալով «Ժառանգության» եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ համագործակցությանը, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այն շատ բարձր մակարդակի վրա է: ««Ժառանգությունը» Կոնգրեսում ներկայացված որեւէ քաղաքական ուժից ոչ պակաս օգնում է բոլոր այն խնդիրների լուծմանը, ինչ իր առջեւ դրել է Կոնգրեսը»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին անդամակցելուն եւ դեկտեմբերի կեսերին նախատեսվող համաժողովին մասնակցությանը, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ Կոնգրեսին միանալու հարցն այս պահին չի քննարկվում, իսկ համաժողովին կմասնակցեն հրավեր ստանալու դեպքում: