2004-ի ապրիլի 22-ի ՀՀ կառավարության 526-Ա որոշմամբ՝ Արտակարգ
իրավիճակների վարչությանը հատկացվել է 8,5 մլն դրամ՝ սողանքային գոտում
գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցում ուսումնասիրություններ կատարելու
համար: Դրանք ավարտվել են 2005-ի մարտի վերջին: Նշենք, որ վերջին 15
տարիների ընթացքում գերեզմանոցում ոչ մի վերահսկողական աշխատանք չի
կատարվել:
Սայլը տեղից շարժվե՞լ է
«Չնչին գումարներով կատարված գիտական մեծ ուսումնասիրության արդյունքում
պարզեցինք, որ սողանքը շարժվող է եւ ունի 1.000 մետր երկարություն 200
մետր լայնություն, 17 մետր խորություն: Տարածքում կան նաեւ 1 մետր
բացվածքով ճաքեր»,- ասում է ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի
լաբորատորիայի վարիչ Ռուբեն Յադոյանը:
«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի
գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը վկայում է, որ 3 ամիսը մեկ գերեզմանոց
կատարած այցերի ժամանակ հայտնվել են նորանոր ճաքեր:
Ուսումնասիրությունների շրջանակներում կատարվել են հակասողանքային
միջոցառումներ՝ հանքային ջրերի հոսքը տեղափոխվել է հակառակ ուղղությամբ,
իսկ գերեզմանոցի գլխամասում առաջացած լճակը մասամբ ցամաքեցվել է,
միաժամանակ փակվել է ճաքերի մի մասը:
Այդ ընթացքում վերականգնվել է նաեւ գերեզմանոցի տարածքը շրջապատող
ցանկապատը: Լուծվել է խոնավության տարածման հարցը, որի համար փորվել է 2
մետրանոց 120 հոր: Այսօր սողանքի տարածման վտանգավորությունը քիչ է, բայց
«որ կտարածվի, դա հաստատ է»,- ինչպես նշում է երկրաբան Ռ. Յադոյանը:
ՀՀ կառավարության 526-Ա որոշմամբ եւ հատկացված 8,5 մլն դրամի
շրջանակներում պետք է կատարվեին գերեզմանոցի հարեւանությամբ գտնվող
սողանքի մարմնի ուսումնասիրություն, գերեզմանոցի բետոնե կառուցվածքի
ուսումնասիրություն եւ դրա ամբողջականության որոշում, գերեզմանոցի
ցանկապատում եւ տարածքի ջրահավաք առուների վերականգնում, գերեզմանոցին
հարող տարածքներում հողի եւ գրունտային ջրերի աղտոտվածության
ուսումնասիրություն:
Թունաքիմիկատների գերեզմանոցն անտեր է
Թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասից արեւելք եւ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի սահմանում:
Այսօր այդ տարածքին ո՛չ Կոտայքի մարզպետարանը եւ ո՛չ էլ Երեւանի
քաղաքապետարանը, մասնավորապես՝ Էրեբունի համայնքի թաղապետարանը, «տեր չեն
կանգնում», ասել է թե, գերեզմանոցը նրանց պատասխանատվությունից դուրս է:
Այն շահագործման է հանձնվել 1982-ից, սակայն դրա պլանավորման (գծագրման,
կազմակերպման) աշխատանքները սկսվել են դեռ 1970-ական թվականներից: Այստեղ
է թաղված հանրապետությունում ժամանակի ընթացքում ժամկետանց դարձած շուրջ
500 տոննա թունաքիմիկատ: Ընդ որում, դրանք թաղվել են տարատեսակ տարաներով,
մետաղյա տակառներով, պոլիէթիլենային տոպրակներով, որոնց քայքայման դեպքում
նույնպես վտանգը մեծ է:
Այդ թունաքիմիկատները կայուն օրգանական աղտոտիչներ են, որոնք չեն
քայքայվում 30-40 տարիների ընթացքում: Իսկ եթե քայքայվում են, ապա
առաջացնում են թունավոր հատկություններ ունեցող մետաբոլիտներ:
Երկրաբան Ռուբեն Յադոյանի պատմելով՝ այդտեղ թունաքիմիկատներ թաղելու
թույլտվություն չպետք է լիներ՝ տարածքի սողանքային լինելու պատճառով: Բացի
այդ, գերեզմանոցը ճիշտ չի կառուցվել. դրա թեքությունը 10 աստիճան է,
մինչդեռ այն պետք է ունենար 3-5 աստիճան թեքություն: Գերեզմանոցն ունի 6
մետր խորություն, որի 4 մետրն ամբողջովին լցված է թունավոր նյութերով:
Դրանց 60%-ը ԴԴՏ է, որի գործածությունը Հայաստանում արգելվել է 1972-ից:
«Խոսակցություններ կան, որ որոշ կազմակերպություններ առիթից օգտվել են եւ
ԴԴՏ-ի անվան տակ ինչ տեսակի թափոն ասես թաղել են: Այսօր դա ուսումնասիրված
չէ»,- ասում է երկրաբանը:
Գերեզմանոցի բարձիթողի վիճակը եւ մոտակա տարածքի հողերում
թունաքիմիկատների առկայությունն անհանգստացրել է «Հայ կանայք հանուն
առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի անդամներին, եւ նրանք
բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ Երեւանի քաղաքապետարանին,
Առողջապահության, Գյուղատնտեսության եւ Բնապահպանության
նախարարություններ: «2 տարի անընդհատ դիմել ենք, բայց ոչ մի արձագանք»,-
ասում է հ/կ-ի գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը: Երկրաբանների օգնությամբ
կատարված եզրակացությունը ներկայացվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ
Մարգարյանին: Վերջինս՝ խնդրով «անհանգստացած», կազմել է միջգերատեսչական
հանձնաժողով, եւ դրա լուծման պատասխանատվությունը հանձնարարվել է Արտակարգ
իրավիճակների վարչությանը:
Որտե՞ղ էր Բնապահպանության նախարարությունը
Վերջին ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Բնապահպանության նախարարություն եւ ՀՀ կառավարություն:
«Կարծում եմ, որ Բնապահպանության նախարարությունը պետք է
առաջարկություններ ներկայացնի կառավարությանը, եւ նոր գումարներ պետք է
հատկացվեն առաջարկվող միջոցառումների իրականացման համար»,- ասում է ԱԻՎ
Տեխնածին աղետների կառավարման բաժնի պետ Լյուդվիգ Նազարյանը:
Կառավարության որոշմամբ՝ 2004-ին գումարը հատկացվել էր ԱԻՎ-ին, չնայած,
ԱԻՎ Տեխնածին աղետների կառավարման բաժնի պետի կարծիքով՝ այն «ավելի շուտ
բնապահպանական խնդիր է»:
Բնապահպանության նախարարության Վտանգավոր նյութերի եւ թափոնների
կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանից փորձեցինք տեղեկանալ՝
այդ ուղղությամբ ի՞նչ է անելու իրենց գերատեսչությունը: Վերջինս շտապեց
պատասխանել. «Դեռ կտեսնենք՝ ինչ կանենք»:
Թունավոր նյութերի վտանգավորության աստիճանը
«Եթե դրանք թաղված վիճակում ժամանակի ընթացքում օգտագործվեին, այդտեղ հողը
մշակվեր՝ թունաքիմիկատներն ավելի շուտ կվնասազերծվեին: Բայց քանի որ դրանք
թաղված են եւ առնչություն չունեն մթնոլորտային պրոցեսների հետ,
բնականաբար, երկար ժամանակ կարող են մնալ հողում»,- ասում է Լյուդվիգ
Նազարյանը:
Վերջինս բացառում է մարդկանց առողջության վրա թունաքիմիկատների բացասական
ազդեցության մասին տեսակետը. «Նույնիսկ ինչ էլ որ կատարվի, դրանք մարդկանց
վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա, քանի որ գերեզմանը բավականին հեռու է
բնակավայրերից: Դրանց հետագա տարածումը հնարավոր է միայն գրունտային ջրերի
միջոցով»:
Բանն այն է, որ գերեզմանոցի գլխամասում գտնվող փոքրիկ առվակ է հոսում, եւ
ջրի միջոցով թույնը հնարավոր է տարածվի: «Բայց հիմա նման պրոցես չկա եւ չի
էլ դիտարկվում»,- վստահ է ԱԻՎ ներկայացուցիչը:
Տարածքի հողամասերի բանջարեղենի, մրգերի, նույնիսկ՝ կանանց կաթի
ուսումնասիրության արդյունքում հ/կ-ի անդամները պարզել են, որ դրանցում
ԴԴՏ-ի եւ հեքսաքլորցիկլոհեքսանի քանակությունը, մյուս տարածքներում
կատարված հետազոտությունների համեմատ, ավելի չի եղել: «Գերեզմանոցը դեռ չի
ազդել մարդկանց առողջության վրա»,- ասում է Լիլիկ Սիմոնյանը: Ըստ նրա,
գերեզմանոցից թույների արտահոսք կա միայն 50 մետր հեռավորության վրա եւ ոչ
ավելի: Երկրաբան Ռուբեն Յադոյանն իր հերթին պատմում է, որ
ուսումնասիրությունների ժամանակ առաջանում է մարմնի ուժեղ քոր,
զգացողությունն ընկնում է եւ գարշելի հոտ է փչում: Դա է վկայում նաեւ
աշխատանքներին մասնակցած երկրաֆիզիկոս Դմիտրի Խաչատրյանը:
Խնդրի լուծման «հնարավոր» ուղիները
«Այն աշխատանքները, որոնք նախատեսվում են, կարող են դանդաղեցնել սողանքի
ընթացքը: Կառավարությունը միայն պետք է դրա համար գումարներ հատկացնի»,-
ասում է ԱԻՎ Տեխնածին աղետների կառավարման բաժնի պետ Լ. Նազարյանը:
Սողանքի ակտիվացմանը կարող են նպաստել երկրաշարժերը, թույլ ցնցումները եւ առատ տեղումները, որոնք Հայաստանում բացառված չեն:
Ուսումնասիրող գիտնականների խումբը «11 կետից բաղկացած»
առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարություն՝ համապատասխան
հակասողանքային միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Բացի այդ, այս տարվա
մայիսի 27-ից ուժի մեջ է մտել «Կայուն օրգանական աղտոտիչների մասին»
Ստոկհոլմի համաձայնագիրը, որի շրջանակներում մշակվել է «Կայուն օրգանական
աղտոտիչների մասին» Գործողությունների ազգային ծրագիրը: Այն այս տարվա
հունվարին ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է:
Մեր երկիրը, միանալով Ստոկհոլմի համաձայնագրին, պարտավորվել է իրականացնել
մի շարք միջոցառումներ՝ «պահպանելու մարդու առողջությունն ու շրջակա
միջավայրը կայուն օրգանական աղտոտիչներից»:
Թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության ապահովման կազմակերպման ձեւի
եւ ժամանակի վերաբերյալ Ազգային ծրագրում մի քանի կետով անդրադարձ
կատարվել է, սակայն ի՞նչ ֆինանսական միջոցներով՝ այնտեղ չի հիշատակվում:
Այս մասին Անահիտ Ալեքսանդրյանն ասաց. «Ֆինանսավորելու համար դոնոր
կազմակերպություններ ենք փնտրում»: