Մի հետաքրքիր նկատառում. հայ հասարակությունը սովորություն ունի ավելի շատ կենտրոնանալու իրեն չվերաբերող կամ քիչ վերաբերող խնդիրներին: Իսկ ահա մեր անմիջական պրոբլեմներից մենք հաճախ խուսափում ենք:
Այս «խասյաթը» դեռ 60-ականներին նկատել էր մեծն Հրանտ Մաթեւոսյանը, իր` «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, երբ մի քանի հայ գյուղացի միլիցիոների հետ միասին սկսում են քննարկել, թե ո՞վ է ավելի կարեւոր. «Կարեւորը մենք ենք ու Ավստրիան: Բա Ամերիկա՞ն»: Կամ էլ` փորձում են հասկանալ, թե «էն խեղճ Քենեդուն խի՞ սպանեցին»: Այդ ժամանակներից անցել է գրեթե հիսուն տարի: Այսինքն` երկու սերունդ է փոխվել: Սակայն չի փոխվել մտածելակերպը: Օրինակ, մի հասարակ դիտարկում: 2008թ. նախագահական ընտրություններ տեղի ունեցան Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՄՆ-ում: Յուրաքանչյուր այլ պետությունում իր երկրի նախագահի ընտրությունը կլիներ ամենակարեւոր իրադարձությունը: Յուրաքանչյուրում, սակայն` ոչ Հայաստանում: Չէի ասի, թե այդ ընտրությունները մեր հասարակությունն անտեսեց, սակայն հավատացած եմ, որ թե՛ ՌԴ, թե՛ ԱՄՆ նախագահների ընտրություններին հայերն ավելի շատ էին սպասում, քան Հայաստանի նախագահի ընտրությանը: Հատկապես ԱՄՆ ընտրությունները ստվերել էին ամեն ինչ եւ ամենքին: Այս հետաքրքրությունն ուներ երկու կարեւոր բաղկացուցիչ մաս.
ա. Կդառնա՞, արդյոք, նեգրն ԱՄՆ նախագահ,
բ. Վերջապես ԱՄՆ-ը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը:
Չգիտես՝ ինչո՞ւ, հայերը վստահ էին, որ Օբամայի հաղթանակի պարագայում ցեղասպանությունն անպայման կճանաչվի: Կարծում եմ, որ Օբաման ավելի շուտ Մայքլ Ջեքսոնի օրինակով կսպիտակի, քան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Եթե մարտի 1-ի դեպքերը չլինեին, ապա մեր համապետական ընտրություններն այդ երկու ընտրությունների ֆոնին ընդհանրապես չէին երեւա: Եվ սա դեռ ամենավատ օրինակը չէ: Դեռ անցած տարվանից ողջ աշխարհը խոսում է աննախադեպ (ընդ որում` սա այն դեպքն է, երբ այս բառն, իրոք, տեղին է օգտագործված) ֆինանսական ճգնաժամի մասին, իսկ այդ նույն ժամանակ մեր ԶԼՄ-ներին ավելի շատ հուզում էր, թե ո՞վ կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավար` Գալուստ Սահակյա՞նը, թե՞ Էդուարդ Շարմազանովը: Հայաստանում ճգնաժամի մասին սկսեցին խոսել միայն այն ժամանակ, երբ բանկերը հրաժարվեցին վարկեր տրամադրել, կամ էլ` այդ վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձրացան, որ այլեւս անիմաստ դարձան: Եվ անգամ այդ պարագայում, իշխանությունները հորդորում էին չխոսել ճգնաժամի մասին, որ հանկարծ «մեզ չկպնի»: Հասարակության ավելի լայն շերտերը կնկատեն ճգնաժամը, երբ կտրուկ կպակասի տրանսֆերտների ներհոսքը:
Ի դեպ, այս հարցում իշխանություններին ոչնչով չի զիջում նաեւ ընդդիմությունը: Ապրիլի 9-ից այս կողմ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն աշխատում են Սերժ Սարգսյանի մասին ոչ մի «թթու խոսք» (հայկական «բրենդի» հետ այս թթուն ոչ մի կապ չունի) չասել: Հիմնական թիրախը Ռոբերտ Քոչարյանն էր: Այնքան քննադատեցին, որ Ռոբերտ Քոչարյանը սկսեց հաճախակի երեւալ հեռուստաէկրաններին: Հիշո՞ւմ եք, «Մաուգլի» մուլտֆիլմում մի դրվագ կա, երբ Մաուգլին վագրին դիմելով՝ ասում է. «Տի ստոլկո լետ տվերդիլ, չտո յա չելովեչեսկի դետյոնիշ, չտո յա ի սամ պովերիլ»: Ի դեպ, շատերը պնդում են, որ Կիպլինգի այս ստեղծագործությունը քաղաքական ամենալավ դասագրքերից մեկն է:
Արդեն մի քանի օր է` բոլոր ԶԼՄ-ները խոսում են Վրաստանում հայկական սրբավայրերի ոչնչացման եւ վրացականացման մասին: Երուսաղեմում տեղի ունեցած հայ եւ հույն հոգեւորականների ծեծուջարդը ԶԼՄ-ներում ամերիկյան բլոկբաստերների նման «ռասկրուտկա» էին անում: Սակայն մեր իսկ պետությունում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ կատարվող այլանդակությունները կմնային աննկատ, եթե մեկ տասնյակ մարդ Գյումրիից չգար Վեհափառի մոտ: Թեպետ անգամ դրանից հետո այն այդքան էլ մեծ արձագանք չգտավ: Դե, իսկ Սահակաշվիլիի թեման հայերի ամենասիրելի թեման է: Մոտովորապես այնպես, ինչպես 70-ականներին` հնդկական կինոն, 80-ականներին` «Ադիդաս սպարտիվկեն», եւ 90-ականներին` «սուխոյ սպիրտը»:
Մոտ մեկ ամիս առաջ մեծ աղմուկ բարձրացավ կրիմինալ հեռուստասերիալների դեմ: Ելույթներ ԱԺ-ում, քննարկումներ, հայ ֆլան, հայ ֆստանգ Բոլորը, այդ թվում եւ՝ ես, խոսեցին սերիալների պատճառած վնասի մասին: Սակայն ոչ մեկն, այդ թվում եւ՝ ես, չնշեցին, որ սերիալներն ընդամենը հետեւանք են: Իսկ պատճառն այն կրիմինալն է, որը մեզ շրջապատում է ոչ թե հեռուստաէկրաններում, այլ իրական կյանքում:
Բոլոր գերատեսչություններում եւ նախարարություններում «թեժ գծեր» են բացել: Հիմա էլ դա է մոդա: Այս պարագայում մնում է միայն հիշել հին հայկական ասացվածքը. «Իբր սառը գծերը դորդ ու բեշ են արել, հիմա էլ թեժ գծերին են անցել»: Ինչպես կասեր «Մենք ենք, մեր սարերի» հերոս Իշխանը՝ «Է՜ հե՜յ»: