Ցանկացած գրախանութում մենք կարող ենք տեսնել գրքեր` նվիրված այս կամ այն հայտնի մարդու կամ մարդկանց կենսագրությանը, մարդկանց, որոնց հայկական ծագումն էլ հիմք է դարձել տվյալ գրքի լույսընծայման համար: Մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը հպարտանում է այդ մարդկանցով` հաճախ չհասկանալով, թե ի՞նչ են նրանք ըստ էության արել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Մեծ մասամբ մարդկանց այդ խմբին են պատկանում նաեւ այդ գրքերի հեղինակները, որոնք բառացիորեն բան չունեն ասելու այս կամ այն հայտնի մարդու մասին, բացի նրանից, որ վերջինս ծագումով հայ է: Բայց, ներեցե՛ք, ազգային ինքնագիտակցության համար դա չափազանց քիչ է: Ավելին, շատ դեպքերում անգամ վնաս է Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Այդ վնասակարությունը մի քանի տեսակի է`
1. տվյալ անձի կողմից սպառնացող անմիջական վտանգ Հայաստանի ու հայ ժողովրդի համար, 2. տվյալ կենսագրության ստորացուցիչ բնույթը` իբրեւ կարեւոր պատմական փաստ, 3. նյութի անտաղանդ շարադրանք` առանց որեւէ հիմնավոր կոնցեպցիայի, որտեղ կերեւար տվյալ անձնավորության կարեւորությունը հայերի համար, նրա օգտակարությունը Հայաստանին:
Ահա մի քանի օրինակ: Բյուզանդական կայսրերը, որոնք ծագումով հայ են եղել, ամեն կերպ աշխատել են ոչնչացնել հայկական պետականությունը: Փոխանակ ցույց տանք Հայաստանի եւ Բյուզանդիայի միջեւ եղած բարդ հակասությունները, մենք պատմում ենք այն, ինչ հայտնի է ողջ աշխարհին` թերեւս, բացի այն բանից, որ վերջիններս ծագումով հայ են: Թեեւ լինում են նաեւ բացառություններ: Օրինակ` ճարտարապետության ականավոր մասնագետ Օ.Ղալփախչյանը բացահայտեց հայկական գործոնի դերը Վլադիմիր-Սուզդալյան Ռուսիայի պատմության մեջ: Սա շատ լուրջ եւ կարեւոր ուսումնասիրություն է, որը պետք է խորացնել ու շարունակել: Առավել եւս, որ այսօր Հայաստանն անկախ պետություն է, եւ նրա պատմական դերը, որի մասին երկար դարեր լռել են, պետք է բացահայտել ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերով: Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչն ենք սխալ արել, ինչի հետեւանքով էլ Հայաստանն աստիճանաբար թուլացել է եւ 20-րդ դարի սկզբին հայտնվել ոչնչացման վտանգի տակ:
Երկրորդ օրինակը բերեմ: Մենք հպարտանում ենք Նապոլեոնի թիկնապահով: Մենք նրա կենսագրությունը մանրամասն ուսումնասիրել ենք: Մենք ամեն տեղ խոսում ենք այդ մասին: Եղել են դեպքեր, երբ իմ ներկայությամբ հայերն իրենց կոտորելով ապացուցում էին այդ մարդու հայկական ծագումը: Ցանկացած առողջ բանականություն ունեցող մարդու մոտ այդ փաստը, քմծիծաղից բացի, այլ բան առաջացնել չի կարող: Իսկ մենք շարունակում ենք հաստափոր գրքեր տպագրել` մեկը մյուսից շքեղ, ասել է թե՝ այդ պատմությունը հուզում է հայկական ինֆորմացիոն շուկան, որը բարոմետրի նման ցույց է տալիս մեր հասարակության հետամնացությունն ու պլեբեյական ինտելեկտուալ հայացքներն ազգային արժանապատվության վերաբերյալ: Ուզում եմ հարց տալ. մի՞թե մենք այնքան բարդույթավորված ենք, որ չենք հասկանում, որ Նապոլեոնի թիկնապահի հայ լինելու փաստը ոչ մի կերպ չի կարող մեր ազգային հպարտության համար հիմք հանդիսանալ. դա ընդամենը մի փոքրիկ հետաքրքիր դետալ է, եւ մենք դեռ պետք է հասկանանք, թե ում եւ ինչպես ենք դա ասում:
Երրորդ օրինակը: Մի քանի տարի առաջ լույս տեսավ ԽՍՀՄ-ի համար աշխատող հայ հետախույզների ու լրտեսների մասին մի գիրք: Առաջին հայացքից լավ թեմա է, պատմական նյութը նույնպես շատ հետաքրքիր է, սակայն գիրքն այդպես էլ չկայացավ իբրեւ երեւույթ: Նախ` գրքում ընդգրկված են ինչպես ականավոր, այնպես էլ երկրորդական, անգամ աննշան դեմքեր: Բայց ամենակարեւորը` չկա հիմնավոր բացատրություն, թե ինչու են հայերն այդքան մեծ ոգեւորությամբ, այդքան մեծ նվիրումով աշխատել ԽՍՀՄ-ի համար: Սա շատ կարեւոր է իմանալ: Հենց այդ փաստը կարող է ոչ միայն կարեւոր փաստարկ դառնալ Հայաստանի բազմադարյա պատմության մեջ, այլեւ ուսանելի փորձ` ապագայի համար:
Կարող եմ նշել եւս մի քանի անտաղանդ գրքեր, ինչպես, օրինակ, ակադեմիկոս Կ.Ի.Շչյոլկինի կենսագրությունը: Գրքի հեղինակն իրեն հաշիվ չի տալիս, որ իր դատարկաբանությամբ, անհամար անգամներ կրկնելով ակադեմիկոսի հայ լինելու հանգամանքը, պարզապես նվաստացնում է ատոմային ֆիզիկայի կարեւորագույն դեմքերից մեկի, մեծ գիտնականի անունը: Գրքի հեղինակը նաեւ երկու փաստաթղթի լուսանկար է տպագրել, որոնք, ինչպես երեւում է, իր համար չափազանց կարեւոր նշանակություն ունեն: Նույն բանը կարելի է ասել նաեւ «20-րդ դարի նշանավոր հայերը» գրքի մասին: Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այսքան տխուր:
Ես ընդամենը մի քանի օրինակ նշեցի. դրանք ոչնչով չեն տարբերվում գրախանութները հեղեղած բազմաթիվ նմանատիպ գրքերից: Մենք պետք է հասկանանք, որ ազգի եւ պետության արժանապատվությունը շատ ավելի բարդ եւ դժվար խնդիր է, քան գումար հավաքելն ու դրանով ինչ-որ գիրք տպագրելը, ինչն իրականում, ավելի շատ, ոչ թե օգնում, այլ խայտառակում է ազգը: