Նոր հարաբերություններ

06/12/2008

Երեկ Եվրահանձնաժողովը հրապարակել է Արեւելյան նոր գործընկերության վերաբերյալ իր նոր առաջարկը, որով Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ Եվրամիության հարաբերությունների փոփոխություն է նախատեսվում:

Գործընկերությունը ենթադրում է քաղաքական ներգրավվածության աստիճանի էական բարձրացում, ներառյալ` գործակցության վերաբերյալ համաձայնագրերի նոր սերունդ, ԵՄ տնտեսության հետ հեռահար ինտեգրում, քաղաքացիների համար ԵՄ տարածքով դյուրին ճանապարհորդելու հնարավորություն, պայմանով, որ անվտանգության բոլոր պահանջները կկատարվեն, էներգետիկ անվտանգության ընդլայնված միջոցառումներ, որից կօգտվեն շահագրգիռ բոլոր կողմերը, նաեւ` լրացուցիչ ֆինանսական օժանդակություն: Ինստիտուտների ստեղծման նոր, համապարփակ ծրագրի միջոցով գործընկերների բարեփոխումային ծրագրերի համար ԵՄ-ն առաջարկում է ավելի ինտենսիվ աջակցություն եւ բազմակողմանի նոր միջոցառումներ, որոնք ընդհանուր խնդիրները հարթելու նպատակով կհամախմբեն գործընկերներին: Նոր գործընկերությունը ներառում է նոր միջոցառումներ, որոնք միտված են օժանդակելու սոցիալ-տնտեսական զարգացումը 6 երկրներում, ինչպես նաեւ հինգ կարեւոր նախաձեռնություններ: Եվրահանձնաժողովի Հայաստանի գրասենյակում երեկ կազմակերպված հեռուստակամրջի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն նշել է, որ միայն երկու կողմերի` երկրի եւ կառույցի քաղաքական ուժեղ կամքի եւ նվիրվածության միջոցով Արեւելյան գործընկերությունը կկարողանա հասնել քաղաքական գործակցության եւ տնտեսական ինտեգրման իր նպատակներին: «Մենք նույնիսկ պետք է ավելի մեծ ներդրում կատարենք մեր կայունության ու բարգավաճման գործում: Այն արագորեն կփոխհատուցվի կարեւոր քաղաքական եւ տնտեսական դրական արդյունքների ձեռքբերման միջոցով, ինչպես նաեւ կայունություն ու անվտանգություն կապահովի թե՛ ԵՄ, թե՛ մեր արեւելյան գործընկերների համար»,- ասել է նա: ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները նկատեց, որ հասունացել է ժամանակը, որպեսզի կառույցը նոր էջ բացի արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում: «Հենվելով նախորդ տարիներին արձանագրված առաջընթացի վրա` մենք պատրաստել ենք հավակնոտ ու, միեւնույն ժամանակ, հավասարակշռված մի առաջարկ: ԵՄ անվտանգությունը եւ կայունությունն իրենց վրա են կրում Արեւելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը: Նշված երկրների նկատմամբ մեր քաղաքականությունը պետք է լինի ուժեղ, կանխարգելիչ ու միանշանակ: ԵՄ-ն պետք է յուրաքանչյուր երկրի համար հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացվող իր քայլերին նոր թափ ու բազմակողմանիություն հաղորդի: Մեր սկզբունքն այն է, որ առաջընթացը պետք է համահունչ լինի մեր գործընկերների բարեփոխումային ծրագրերին, ու այս նոր փաթեթը նաեւ առաջարկում է ավելի ինտենսիվ աջակցություն` նախանշված նպատակներին հասնելու համար»,- ասել է նա:

Արեւելյան գործընկերների հետ խորհրդակցություններից հետո հանձնաժողովն առաջարկում է ավելի սերտ երկկողմ հարաբերություններ հաստատել նրանց հետ, նաեւ մշակել բազմակողմ համագործակցության նոր շրջանակներ: Առաջարկվում են գործակցության նոր համաձայնագրեր, ներառյալ` ազատ առեւտրի համապարփակ համաձայնագրեր բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են եւ պատրաստ են հանձն առնել դրանցից բխող եւ ԵՄ-ի հետ հեռուն գնացող պարտավորություններ: Նախատեսվում է ԵՄ-ի տնտեսության հետ աստիճանական ինտեգրում, ներառյալ կարգավորման համապատասխանեցման վերաբերյալ օրենքով սահմանված հանձնառություններ, խրախուսել գործընկերներին զարգացնել ազատ առեւտրային ցանց իրենց միջեւ, որը որպես երկարաժամկետ նպատակ՝ կարող է հանգեցնել Նոր հարեւանության տնտեսական համայնքին անդամակցելուն:

Երկրներին կառաջարկվի տեղաշարժման եւ անվտանգության պակտերի կնքում, որոնք թույլ կտան դեպի ԵՄ ավելի դյուրին օրինական ճամփորդություն կատարել, միեւնույն ժամանակ՝ արդյունավետ կդարձնեն կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի փորձերը: Նշված պակտերը նաեւ կներառեն ԵՄ չափանիշներին համապատասխանող փախստականների հանգրվանների արդիականացման ու սահմանների կառավարման ինտեգրված կառույցների ստեղծման մասին դրույթներ, սակայն կարեւորագույն նպատակը կլինի առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդությունը բոլոր համագործակցող գործընկեր երկրների տարածքով: Եվրահանձնաժողովը կուսումնասիրի աշխատանքի նպատակով տեղաշարժման հնարավորությունները` ԵՄ աշխատանքի շուկան բացելու հեռանկարով:

Նոր ծրագիրը կառաջարկի ԵՄ եւ արեւելյան գործընկերների համար ավելի արդյունավետ էներգետիկ անվտանգություն, գործընկեր երկրներում տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրեր, մասնավորապես՝ այդ երկրներում սուր տնտեսական ու սոցիալական անհամաչափությունների հարթում: Նախատեսվում է քաղաքականությունների չորս բազմակողմանի պլատֆորմների ստեղծում` ժողովրդավարություն, հաջող կառավարում եւ կայունություն, տնտեսական ինտեգրում ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանություն, էներգետիկ անվտանգություն ու միջանձնային հարաբերություններ, որոնք պետք է հետագայում օժանդակեն գործընկերների բարեփոխումների անհատական ծրագրերին: Կտրամադրվի լրացուցիչ ֆինանսական օգնություն 350 միլիոն եվրոյի չափով: Հանձնաժողովն առաջարկում է գործարկել այս նախաձեռնությունը 2009թ. գարնանը` Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: