Վայ թե սկսել ա

06/12/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը նոր փուլ է մտել: Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում ճգնաժամից տուժող բոլոր երկրներում պետական ծրագրեր են իրականացվում: Չի կարելի ասել, թե դրանք էապես տարբերվում են իրարից: Բոլոր երկրներում կառավարությունները փորձում են առաջին հերթին օգնել այն խոշոր ընկերություններին, որոնց սնանկացումը համակարգային աղետի կհասցնի: Աջակցություն ստացողների ցուցակում կարելի է հանդիպել եւ՛ արտադրության, եւ՛ ֆինանսական ոլորտի ձեռնարկությունների: Ճգնաժամը սկսվեց բանկային համակարգից: Ուստի այն անվանվեց ֆինանսական: Բայց ճգնաժամի իրական վնասները հանրության համար նկատելի դարձան, երբ դրանք դրսեւորվեցին տնտեսության իրական հատվածում: Աշխատատեղերի կրճատումն այս ոլորտում առավել մասշտաբային է: Ճգնաժամի թափանցումը տնտեսության իրական հատված կանխելու համար մի քանի ամիս առաջ համարյա բոլոր երկրների կենտրոնական բանկերը նվազեցրին վերաֆինանսավորման տոկոսադրույքները: ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան: Այս մեթոդով կառավարությունները փորձում էին տնտեսության արտադրական հատվածի համար անհրաժեշտ գումարներ ապահովել: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումն էժանացնում է փողը: Այսինքն` այն կարելի է պարտք վերցնել ավելի ցածր տոկոսով: Ենթադրվում էր, որ այս ճանապարհով հնարավոր կլինի տնտեսության իրական հատվածի համար ապահովել անհրաժեշտ ներդրումներ: Չստացվեց:

Որպես հաջորդ քայլ՝ կառավարությունները սկսեցին այս կամ այն չափով պետականացնել ճգնաժամ ապրող խոշոր ընկերությունները: Բայց ամեն ինչ «գնել» հնարավոր չէ: Ուստի կառավարությունները սկսեցին ուղղակիորեն ֆինանսավորել խոշոր ձեռնարկություններին ու բանկերին: Դա արդեն ամռան վերջին էր: Այդ պահին Ռուսաստանի ֆինանսական ոլորտի ղեկավարները հայտարարեցին, որ իրենց երկրին ճգնաժամ չի սպառնում: Վառելիքահումքային եկամուտներով ապրող երկրում երեւի չէին պատկերացնում, որ նավթի ու մետաղների գները շուտով կնվազեն 50-60 տոկոսով: Դրանից մեկ ամիս անց մեր վարչապետը հայտարարեց, որ մեր տնտեսությունն է անմասն մնալու ճգնաժամից: Հետո ռուսները սկսեցին խոսել ճգնաժամի մասին ու կրկնեցին արեւմտյան երկրների կառավարության քայլերը: Նույն հերթականությամբ կրկնեցին: Իսկ մեր իշխանությունները հայտարարեցին, որ դիմակայեցին ճգնաժամի առաջին ալիքին: Հաջողությամբ դիմակայեցին: Հենց «ֆինանսական» որակված ալիքին: Ու հանկարծ երեկ ԿԲ-ն հաղորդագրություն տարածեց, որ «2008թ. դեկտեմբերի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25 տոկոս»: Այսինքն` ճգնաժամը դիմակայված-պրծած է: Բայց մեր ֆինանսական ղեկավարությունը կատարում է այն քայլերը, որոնք ամիսներ առաջ արել են ճգնաժամից տառապող երկրները: Մի տարբերությամբ իհարկե: Մյուս երկրների իշխանություններն ազնվորեն ասում էին, որ դրանով փորձում են պայքարել ճգնաժամի դեմ: Մերոնց հաղորդագրության սկզբում էլ ազնվության տարրեր կան: Ինքնախոստովանական ցուցմունքի աստիճանի ազնվության: «ԿԲ խորհուրդն արձանագրեց, որ նոյեմբեր ամսվա ընթացքում ներքին եւ արտաքին միջավայրի զարգացումները հիմնականում համահունչ են եղել չորրորդ եռամսյակում ակնկալվող ուղղություններին»: Այսինքն` ամեն ինչ ընթանում է իրենց նախանշած ծրագրով: Նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Հետեւաբար, մեր վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը պետք չէ նմանեցնել օտարներինին: Ըստ մեր ԿԲ-ի` դա ճգնաժամի դեմն առնելու նպատակով չի արվել: Պարզապես «ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները՝ նպաստելով տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը»: Հենց այդպես: Բոլորը ճգնաժամ են ապրելու: Իսկ մենք՝ հակառակը` նպաստելու ենք տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը: Անգամ կասկած չկա, որ աճելու ենք հաստատ: Մնում է այդ աճի բարձր տեմպը պահպանենք: Անկախ այն փաստից, որ պարտադիր պարապուրդի են մատնված երկրի արտահանող խոշորագույն ձեռնարկությունները` Ագարակի ու Ալավերդու կոմբինատները, Վանաձորի «Քիմպրոմը»: Մի քանի հազար աշխատատեղ կորցնելու պարագային մերոնք խոսում են աճի մասին: Հետո, իհարկե, մյուս երկրների նման մերոնք էլ են փորձելու աջակցել տնտեսության իրական հատվածի վնաս կրող ձեռնարկություններին: Ու ֆինանսական օգնություն ստանալու են ցեմենտ արտադրող ընկերությունները: Առաջին հերթին դրանք: Նախադեպն է հիմք տալիս նման ենթադրություն անել: (Գազի գների բարձրացման ժամանակ հենց այդպես արվեց): Հայտնի կինոհերոս Սաախովի բառապաշարով ասած` «վիրավորական է, ազնիվ խոսք վիրավորական է», բայց դա արվելու է «աճի բարձր տեմպերի պահպանման» լոզունգի տակ: