Նոր տրանսպորտային հանգույց՝ Երեւանում

06/12/2008

Երեւանում երեկ շահագործման հանձնվեց Հերացի, Կորյուն, Նալբանդյան, Չարենց փողոցների հատման տրանսպորտային երկար սպասված հանգույցը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, մայրաքաղաքի բնակիչներ: Տերունական աղոթքով բոլորին բարի երթ մաղթեց Այրարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը:

Երվանդ Զախարյանն իր խոսքում նշեց, որ քաղաքի հարավ-արեւելյան եւ հյուսիս-արեւմտյան հատվածները միացնող արագընթաց մայրուղու շինարարության մտահղացումը մշակվել էր դեռեւս 1970-80-ական թվականներին, սակայն այն իրականություն դարձավ միայն անկախության տարիներին: «Մայրաքաղաքում իրագործվող բոլոր կարեւորագույն խնդիրները գտնվում են Հանրապետության նախագահի հատուկ ուշադրության կենտրոնում։ Դրանցից հատկապես ուզում եմ առանձնացնել տրանսպորտային հիմնախնդիրների լուծմանն ուղղված մի քանի կարեւոր ծրագրեր։ Նախագահի անմիջական նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ, Անկախության շրջանում առաջին անգամ հիմնական վերանորոգման ենթարկվեցին Երեւանի մետրոպոլիտենի վտանգավորության աստիճանի մաշված ենթակառուցվածքները եւ շարժակազմերը։ Տարեսկզբին հանրապետության նախագահի Երեւանի քաղաքապետարան կատարած այցի ժամանակ երկրի ղեկավարի կողմից խնդիր դրվեց եւ այսօր արդեն ընթացքի մեջ է Երեւանի կենտրոնում ժամանակակից քաղաքաշինական ամենաարդիական սկզբունքներին համապատասխան ստորգետնյա ավտոհանգրվանների շինարարությունը, որն արդյունավետ միջոց կլինի մայրաքաղաքի տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը մեղմելու առումով։

Խնդիր է դրվել նաեւ ապահովել մայրաքաղաքի զարգացման առաջանցիկ տեմպեր` արձագանքելով մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի աննախադեպ արագ աճի առաջադրած մարտահրավերներին՝ հաղորդակցությունների, բնապահպանության, տրանսպորտային սպասարկումների, փողոցների թողունակության բարձրացման եւ այլ հրատապ խնդիրների ուղղությամբ։ …Շահագործման հանձնվող այս կառույցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2007թ., եւ այսօր, երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում մայրաքաղաքը ստանում է երկար սպասված եւ քաղաքի կյանքում խիստ կարեւոր մի ընդգրկուն կառույց, որը կոչված է ամբողջովին փոխելու մայրաքաղաքի կենտրոնի դեմքը եւ էականորեն բարելավելու տրանսպորտային հաղորդակցության վիճակը»,- իր ելույթում ասաց Ե. Զախարյանը։

Նոր մայրուղու՝ երեկ շահագործման հանձնված վերջին հատվածն ունի 2,6 կմ երկարություն: Այն հնարավորություն է տալիս «Այրարատ» կինոթատրոնի շրջակայքի՝ Տիգրան Մեծ եւ Արշակունյաց պողոտաների ինտենսիվ տրանսպորտային հոսքերն արագընթաց ճանապարհով ուղղորդել Խանջյան փողոցին զուգահեռ, Գետառի հունի վրայով դեպի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասի նորակառույց թունելը, միանալ վերջերս շահագործման հանձնված Սարալանջի ճանապարհին, եւ ողջ երկայնքով, առանց որեւէ խոչընդոտի եւ լուսացուցային կարգավորման, անընդհատ հոսքով արագորեն հասնել Կոմիտասի պողոտա եւ Դավթաշենի կամուրջ։

«Այս ուղղությունը կոչված է էականորեն բեռնաթափելու Մաշտոցի, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների, Խանջյան, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Աբովյան, Նալբանդյան, Կորյունի, Չարենցի փողոցների ծանրաբեռնվածությունը եւ առնվազն եռակի կրճատում է ճանապարհի վրա ծախսվող ժամանակը։

Շինարարության ընդգրկած եւ նրան հարող տարածքներում անճանաչելիորեն փոխվել են քաղաքի ենթակառուցվածքները։ Երկու տարվա ընթացքում քաղաքային ամենախիտ, գործող միջավայրում կատարվել են աննախադեպ ծավալների եւ բարդության շինարարական աշխատանքներ, տեղափոխվել է Գետառի հունը, որն այժմ հոսում է ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ փակ ջրանցքով, ամբողջովին փոխվել են ստորգետնյա հնացած մալուխային ցանցերը եւ վերջին աստիճանի քայքայման հասած մագիստրալ խողովակաշարերը: Կառուցվել են 5 նոր, ժամանակակից բազմամակարդակ տրանսպորտային ուղետարներ, հետիոտն 3 ստորգետնյա եւ 3 վերգետնյա կամրջային անցումներ, փոխարինվել են Գետառի բոլոր երեք հին կամուրջները։ Աշխատանքներն իրագործվել են առավելագույն ինտենսիվությամբ, աննախադեպ կարճ ժամկետներում, երկհերթ եւ եռահերթ գրաֆիկով։ Ողջ շինարարության համար պետական բյուջեից հատկացվել է 8,5 մլրդ դրամ, այդ թվում՝ միայն Գետառի ավտոմայրուղու հատվածի համար՝ 5,4 միլիարդ»,- երեկ նշեց քաղաքապետը։

Շինարարության ընթացքում բնակիչների, վարորդների կրած դժվարությունները եւ ունեցած սպասումները փոխհատուցվում են առաջնակարգ մայրուղու շահագործմամբ: Քաղաքապետը երեկ վստահեցրեց, որ թեպետ բոլոր շինարարական աշխատանքներն իրականացվել են կարճ, աննախադեպ սեղմ ժամկետներում եւ լարված ռեժիմով, սակայն շինարարությունը կատարվել է այսօրվա պահանջներին համապատասխան բարձր մակարդակով եւ որակով, ինչի համար Ե. Զախարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա նաեւ հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում օրոք մայրաքաղաքում սկիզբ դրվեց ճանապարհաշինական մեծ ծրագրերի, եւ ով մեծ ներդրում ունի ճանապարհային այս կարեւոր համալիրի շինարարության գործում։

Ե. Զախարյանը նաեւ շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց նախագիծն իրականացրած «Երեւաննախագիծ» ինստիտուտի աշխատակիցներին (տնօրեն՝ Գուրգեն Մուշեղյան), «Գրիար» կազմակերպության շինարարներին (ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան), «Արարատշին» շինարարական կազմակերպության աշխատակիցներին (ղեկավար՝ Գագիկ Թովմասյան), Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի անձնակազմին (տնօրեն՝ Ռոբերտ Հարությունյան), ինչպես նաեւ՝ այս բարդ շինարարության խիստ պահանջները պատվով կատարած բոլոր մյուս մասնակիցներին:

Արարողության մասնակիցները սկզբում եղան Խանջյան-Թումանյան փողոցները կապող ստորգետնյա տրանսպորտային անցումի մոտ, ապա առաջ շարժվեցին դեպի Ա. Մանուկյան-Գետառ եւ Չարենց-Հերացի հատվածներ:

Ըստ նախագծի ճարտարապետ, ճարտարապետական խմբի ղեկավար Աշոտ Ալեքսանյանի` նման կառույց վերջին 15-20 տարվա ընթացքում չէր կառուցվել: «Երեւանում ճանապարհաշինարարությունը մեծ թափ է առել, քաղաքի խցանված երակները բացված են: Այսօրվանից Երեւանը շնչելու է, մինչ այժմ բոլորս նեղություն ենք կրել փողոցների խցանումների պատճառով, կարծում եմ, դրանք այլեւս չեն լինի»,- երեկ ասաց ճարտարապետը:

Արմինե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ