Ֆոտոլրագրողների նոր սերունդ

27/06/2005 Լիլիթ ԱՍՐՅԱՆ

Հունիսի 14-ին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում (ԼԿԻ) տեղի ունեցավ
ԼԿԻ եւ World Press Photo-ի ֆոտոլրագրության դասընթացի 2004-2005թթ.
ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը:
ԼԿԻ ֆոտոլրագրության դասընթացը նախատեսված է երիտասարդ ֆոտոլրագրողների
համար: Այս տարի Հայաստանում ԼԿԻ-ն տվեց այդ ասպարեզում իր առաջին
շրջանավարտները: Դասընթացին մասնակցում էին 7 ֆոտոլրագրող Հայաստանից,
2-ը` Վրաստանից եւ մեկը` Բելառուսից: «Այս դասընթացն ինձ տվեց շատ ու շատ
գիտելիքներ, որն իրականում տրվում է միայն կյանքի երկարամյա փորձի հետ
մեկտեղ,- ասում է ԼԿԻ ֆոտոլրագրության դասընթացի այս տարվա շրջանավարտ
Անդրեյ Լյանկեւիչը (Բելառուս):
«Ես կարծում եմ, որ մամուլում միանգամից կերեւա այս ուսանողների
աշխատանքների թարմությունը, վիզուալ մտածելակերպը»,- ասաց դասընթացի
ղեկավար, ֆոտոլրագրող Ռ. Մանգասարյանը: Նրա խոսքով` նոր ուսումնական
տարում իրենք նպատակ ունեն ավելի շատ տեղ հատկացնել չընդունված երկրների
ուսանողներին` Աբխազիա, Չեչնիա, Օսեթիա եւ Արցախ: World Press Photo
կրթական ծրագրի աշխատակից, ֆոտոլրագրող Փոլ Լոուն (Մեծ Բրիտանիա) նշեց.
«Ծրագրի նպատակն է մեկ տեղ հավաքել ԱՊՀ երկրների երիտասարդ
ֆոտոլրագրողներին եւ ընդհանրապես մարդկանց, որոնք նպատակ ունեն
լուսանկարչության բնագավառում աշխատանք ծավալել, եւ հնարավորություն տալ
նրանց` սովորել այն հմտությունները, որոնք նրանց կդարձնեն ֆոտոլրագրության
բնագավառում տեխնիկական գործարար եւ փիլիսոփայական տեսանկյունից` հասուն
մասնագետ»: «Մենք պատրաստվում ենք կապ պահել ուսանողների հետ: Եվ դեռ
ավելին` մյուս տարվա դասընթացներին կներգրավենք ավելի մեծ թվով
ֆոտոլրագրողներ: Նպատակ ունենք մեծացնել մեր գործունեության շրջանակները:
Հույս ունեմ, որ հետագայում կկարողանանք համագործակցել շրջանավարտների
հետ: Մենք միշտ պատրաստ ենք օգնել նրանց` շարունակել իրենց մասնագիտական
զարգացումը»,- ավելացրեց Փ. Լոուն: World Press Photo-ն ամբողջ աշխարհում
աշխատանքի 50 տարվա փորձ ունի եւ 4 երկրում միաժամանակ ուսումնական
դասընթացներ է մշակել: