«Հանկարծ պարզվեց, որ իմ բնակարանն ուրիշ սեփականատեր ունի»

06/12/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համբարձում Ղազարյանը դիմել է մեր թերթին` ահազանգելով, որ Երեւանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների պատճառով իրեն շուտով կվտարեն իր սեփական բնակարանից: Բանն այն է, որ Հ. Ղազարյանի Մյասնիկյան 43/3 (Կենդանաբանական այգու ձախակողմյան հատվածում) գտնվող բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը քաղաքապետարանը գաղտնի կերպով տվել է մեկ այլ անձի` Զվարդ Խաչատրյանին: Հ. Ղազարյանի պատմելով` իր 8 հոգանոց բազմանդամ ընտանիքն այդ տանն ապրել է սկսած 1953թ., մինչդեռ այս տարվա մարտ ամսին պարզվել է, որ իրենց զբաղեցրած բնակմակերեսի սեփականաշնորհման վկայականը գրանցված է Զ. Խաչատրյանի անունով: «Մենք այդ տարածքում ապրել ենք 1953թ., իսկ էն ժամանակ էդ թաղամասի բոլոր տները կառուցվել են ինքնակամ կերպով` հետագայում սեփականաշնորհելու ակնկալիքով, որովհետեւ ասում էին, որ պետությունը պիտի էդ ինքնակամ կառույցներն օրինականացնի: Էնտեղ բնակվել են ծնողներս, եղբայրներս, իսկ հետագայում արդեն` նաեւ մեր ընտանիքները: Ուզում եմ նշել նաեւ, որ էդ տարածքի բնակիչները մեզանից հետո են սկսել տներ կառուցել, որովհետեւ առաջին տուն կառուցողն իմ պապն է եղել»,- ասում է Հ. Ղազարյանը` մատնանշելով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2007թ. հոկտեմբերի 1-ին կայացրած որոշումը, ըստ որի` Երեւանի Կենտրոն համայնքի վարչական սահմաններում գտնվող Մյասնիկյան պողոտայի ձախակողմյան եւ աջակողմյան առանձին տարածքների մի խումբ բնակիչների գույքային իրավունքները վերականգնելու են: Մեր ձեռքի տակ է գտնվում քաղաքապետ Ե. Զախարյանի վերոնշյալ որոշումը, որտեղ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով Երեւան քաղաքի վարչական տարածքում քաղաքացիների կողմից մշտապես փաստացի զբաղեցրած շենք-շինությունների իրավական հիմքերի ուսումնասիրության եւ դրանց նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքի վերականգնման համար Երեւանի քաղաքապետի եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի ստեղծված համատեղ հանձնաժողովի որոշումները, քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության եզրակացությունը, համաձայն որի Երեւանի Կենտրոն համայնքի վարչական սահմաններում գտնվող Մյասնիկյան պողոտայի ձախակողմյան եւ աջակողմյան առանձին տարածքների հողամասերը համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի կետերին` վերականգնել սույն որոշման հավելվածում նշված քաղաքացիների հողօգտագործման իրավունքները, 6-րդ սյունակում նշված արտաքին չափերով շենք-շինությունների զբաղեցրած սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի չափով, ճանաչելով սեփականության իրավունքը` 7-րդ սյունակում նշված արտաքին չափերով շենք-շինությունների նկատմամբ»: Ի դեպ, սույն որոշման կատարման կազմակերպումը եւ պատասխանատվությունը դրված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունների պետերի վրա, իսկ որոշման կատարման հսկողությունը դրված է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի վրա, հետեւաբար՝ Հ. Ղազարյանն իր հետ կատարված անօրինականությունների համար մեղադրում է վերոնշյալ պաշտոնյաներին: «Երբ 2007թ. Մյասնիկյան պողոտայի աջակողմյան եւ ձախակողմյան հատվածների ինքնակամներն օրինականացնելու որոշումը եղավ` Մյասնիկյան պողոտայի բնակիչների կողմից հանձնախումբ կազմվեց Սամվել Մկրտչյանի գլխավորությամբ. նա էր զբաղվում սեփականաշնորհման հարցերով: Բնակիչներին հաշվառեցին, տնային գրքույկներ, փաստաթղթեր, տվյալներ հավաքեցին, չափագրումներ արեցին, մի խոսքով` ինչ պետք էր արվեց»,- պատմում է Հ. Ղազարյանը` նշելով, թե որոշ ժամանակ անց պարզվել է, որ առանց պատճառաբանության իր ընտանիքը հաշվառումից դուրս է մնացել:

Այդ ժամանակահատվածում Մյասնիկյան 43 հասցեի բնակիչներին տրվել են սեփականության իրավունքի վկայականներ: Այնուհետեւ մեր զրուցակիցը բազմաթիվ դիմումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան` տեղեկացնելով, որ ինքը կատարել է ինքնակամ շինությունը սեփականաշնորհելու համար պահանջվող գործողությունները, սակայն, չգիտես ինչու` ի տարբերություն Մյասնիկյան պողոտայի մյուս բնակիչների, իր տան սեփականաշնորհումը ձգձգվում է: Մեր ձեռքի տակ են գտնվում քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչության պետ` Ա. Սարգսյանի թվով 3 պատասխանները, որոնցից մեկով նա ասում է` «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւանի վարչական տարածքում քաղաքացիների կողմից մշտապես փաստացի զբաղեցրած շենք-շինությունների չափագրման աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի դեռեւս ավարտված չեն, հայցում ենք Ձեր ներողամտությունը եւ տեղեկացնում ենք, որ չափագրման աշխատանքների ավարտից հետո Ձեր դիմումով բարձրացված հարցը կքննարկվի հանձնաժողովի կողմից»: Մյուս երկու պատասխաններով էլ ասվում է, որ Հ. Ղազարյանը սեփականաշնորհման իրականացման համար անհրաժեշտ որոշ փաստաթղթեր չի կցել գործին, իսկ ավելի ուշ տեղեկացվում է, թե` «Ձեր կողմից զբաղեցրած շինությունը եւ հողատարածքը ճանաչվել է պետական սեփականություն, հետագայում Երեւանի քաղաքապետի որոշմամբ` այն օտարվել է քաղաքացի Զվարդ Խաչատրյանին»: Իր հետ կատարվածից տարակուսած՝ Հ. Ղազարյանը հայտարարում է, որ քաղաքապետարանը գաղտնի վաճառելով իր քաղաքացիների բնակարանները՝ գումար է աշխատում, իսկ բնակարանի ներկայիս սեփականատեր Զ. Խաչատրյանը ձեռք բերած բնակարանը բանկում գրավ է դրել: «Որքան գիտեմ, արդեն երկու անգամ բանկի հետ գործարք է կատարել: Մի անգամ՝ 80 մլն, մի անգամ էլ՝ 110 մլն գումարի շրջանակներում: Մի խոսքով` աբսուրդ ու անելանելի վիճակ է, քեզ քո տանից անհիմն կերպով դուրս են վռնդում»,- ասում է Հ. Ղազարյանն, ով այս գործարքի մասին իմանալուց անմիջապես հետո դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

ՀՀ կառավարության վերահսկողության բաժնի աշխատակից Սլավիկ Խուդինյանի կողմից ուսումնասիրվել եւ բազմաթիվ խախտումներ է արձանագրվել այս գործընթացի վերաբերյալ: Ս. Խուդինյանը նույնիսկ հանդիպում է ունեցել Մյասնիկյան 43 հասցեի բնակիչների հետ, ովքեր հաստատել են Հ. Ղազարյանի կողմից կառուցած եւ նրան պատկանող շինության փաստը: Վերջիններս իրենց ստորագրությունն են տվել` հաստատելով, որ մոտ 32 տարի այդ տարածքի բնակիչներ են հանդիսացել Ղազարյանների ընտանիքը: «Հետո, երբ Սլավիկ Խուդինյանն այս գործը մանրամասն ուսումնասիրեց, տեսավ, թե ինչ անօրինականություն է` վերջում հրաժարվեց ինձ օգնել: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու…: Նա ինձ բառացիորեն ասաց` եթե ինձ վերեւից ասեն` կանգնի, ես կկանգնեմ, իսկ եթե չասեն` գործով կզբաղվեմ: Փաստորեն, իրեն վերեւից հրահանգեցին, ու ինքն էլ հրաժարվեց: Ի դեպ, գլխավոր հատակագծում մեր կողմից զբաղեցրած բնակմակերեսի տարածքը հստակ նշված է, որը հենց իմ անունով է: Դա էլ հո համակարգչում պահպանված է, թող բացեն-նայեն»,- ասում է Հ. Ղազարյանը: Մինչ Ս. Խուդինյանը Հ. Ղազարյանին հորդորել է դիմել դատարան` բնակարանի նոր սեփականատեր Զվարդ Խաչատրյանն այդ ընթացքում դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Հ. Ղազարյանին բնակարանից վտարելու պահանջով: Դատարանը Զ. Խաչատրյանի հայցը բավարարել է, հետեւաբար վճռել է Հ. Ղազարյանին վտարել վերոնշյալ բնակարանից: Քանի որ Հ. Ղազարյանը չի կատարել դատարանի պահանջը, ուստի դեկտեմբերի 20-ին նրան բնակարանից կվտարեն ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: «Այսինքն` 32 տարի իմ քրտինքով կառուցած տունուտեղս տալիս են մեկ ուրիշին ու իմ ընտանիքին դուրս են շպրտում: Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ սարսափելի բան է, երբ ունեցվածքդ փողոց են շպրտում ու քեզ ասում են, որ էդ տունն արդեն քո տունը չի»,- շփոթված ու այլայլված ասում է մեր զրուցակիցը` անընդհատ կրկնելով, որ այլեւս ժամանակ չունի, դեկտեմբերի 20-ին իրենց փողոց կշպրտեն: