Պարապապատ մտածելակերպ կամ «VIP» բարդույթ

06/12/2008 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հայաստանով ճամփորդող օտարերկրացուն, որպես կանոն, զարմացնում է փոքր մակերես զբաղեցնող մեր երկրի լանդշաֆտի բազմազանությունն ու գեղեցկությունը: Գեղեցիկ տեսարանները հաջորդում են միմյանց, եւ ամեն սարի հետեւում կարելի է տեսնել նոր բնապատկեր` արեւահար եւ համառ ժայռազանգվածներից՝ մինչեւ ջրառատ ու անտառածածկ տեսարաններ:

Սակայն նույն այդ օտարերկրացուն զարմացնում է մեկ այլ բան եւս` թե ինչո՞ւ են հայերն այդ բնապատկերները փչացնում` դրանք պարիսպների մեջ ներառելով: Մինչեւ հայը կկառուցի իր վեհաշուք ապարանքը, նա նախեւառաջ սահմանագծում է իր տարածքը` հետագա ոտնձգություններից այն ապահովագրելու համար: Երբեմն պարսպի համար օգտագործած քարերի քանակը մի քանի անգամ գերազանցում է բուն ապարանքի կառուցման ընթացքում օգտագործված քարերի քանակը: Պատահում է նաեւ այնպես, որ տիրոջ ֆինանսները սպառվում են պարսպի կառուցման ընթացքում, եւ ապարանքի կառուցմանն այլեւս գործը չի հասնում: Արդյունքում` ավելանում են «ազատազրկված» բնապատկերները: Նույնիսկ մայրաքաղաքում առաջվա որոշ անտառածածկ հատվածներ այսօր ազատազրկման վայրեր են հիշեցնում:

Ինչի՞ց են վախենում կամ ումի՞ց են թաքնվում հայերն իրենց պարիսպների հետեւում, իրենք իրենցի՞ց: Հարցն, ի դեպ, կարող է հնչել նույն այդ զարմացած օտարերկրացուց: Երեւույթը բացատրելու եւ նրան իր զարմանքից դուրս բերելու համար ստիպված ես լինում պատմական էքսկուրս կատարել: Ըստ այդմ` հայ ժողովրդի կազմավորումը ընթացել է մոտ 350.000 կմ2 տարածության վրա սփռվող Հայկական Լեռնաշխարհի բնակլիմայական բազմազանության պայմաններում, ինչն անկասկած իր հետքն է թողել հայերի ազգային բնավորության, խառնվածքի եւ մտածելակերպի ձեւավորման վրա: Կարելի է ենթադրել, օրինակ, որ բարձրադիր լեռնային գոտիներում ապրող հայերը սուր լեռնային կլիմայի պատճառով աշնան վերջերից մինչեւ գարնան կեսերը, այսինքն` առնվազն չորս ամսով, մեկուսանում էին ցածրադիր գոտիներում կամ ձորերով բաժանված այլ բարձրավանդակներում ապրող իրենց համերկրացիներից եւ ներփակվում իրենց բնակավայրերում կոմունիկացիաների բացակայության կամ դժվարանցանելիության պատճառով: Հետաքրքիր մի դրվագ եւս` Հայկական Լեռնաշխարհը բնական կերպով սահմանազատվում է մնացյալ աշխարհից լեռնաշղթաներով, բարձր լեռներով եւ իր բարձրադիր դիրքով` կարծես հայերին սահմանազատելով մնացյալ մարդկությունից:

Սրան էլ գումարվում է նաեւ այն պատմական հանգամանքը, որ հայերը բազմաթիվ անգամներ օտարի լուծ տեսած եւ արշավանքներ կրած ազգ են: Հայ ժողովրդի պատմության գրեթե ողջ ընթացքում օտար զավթիչներին ոչ միայն հաջողվում էր կազմալուծել կենտրոնական իշխանությունը` ստիպելով իշխանական ընտանիքներին մեկուսանալ իրենց գավառներում, այլեւ` ընդհարումներ հրահրելով նրանց միջեւ` հեշտությամբ ասպատակել երկիրը: Ֆեոդալական հարաբերությունների շրջանում, օրինակ, դրան զգալիորեն նպաստում էին ներքին, միջֆեոդալական բախումները: Դարեր շարունակ կրկնվելով` այս իրավիճակը բնականաբար կենսակերպ, աստիճանաբար նաեւ` ազգային բնավորություն եւ մտածելակերպ ձեւավորող տարր պետք է դառնար հայերի համար` հակվածություն դեպի ներփակ, մեկուսի եւ պաշտպանված վիճակ: Ի վերջո, այսօր էլ Հայաստանն ապրում է շրջափակման պայմաններում: Այնպես որ` շրջափակվածությունն ու պարսպվածությունը հայի համար սովորական վիճակ է:

Այս բացատրությունը, թերեւս, կբավարարի հետաքրքրասեր օտարերկրացուն, եւ նա, միգուցե, նոր հարցեր չտա: Սակայն բացված թեման այս պատմաաշխարհագրական վերլուծության արդյունքում ստիպում է շատ ավելի հեռուն գնալ եւ նոր զուգահեռներ փնտրել մեր իրականության մեջ: Զուգահեռներ, որոնք օտարերկրացու մոտ երեւի չարժե բարձրաձայնել` ազգի հոգեկան առողջությունը կասկածի տակ չդնելու համար:

Պատմության «թեթեւ ձեռքով» պարսպապաշտությունը ներծծվել է մեր մտածելակերպ, վերածվել մոլագարության: Պարսպի ներսում գտնվող մարդու համար այն սահմանի, անառիկության եւ պաշտպանվածության խորհրդանիշ է, միեւնույն ժամանակ` պարսպից դուրս գտնվող մարդու աչքին հզոր եւ ազդեցիկ երեւալու միջոց: Այն թաքնված ուղերձ է պարունակում իրենից դուրս գտնվողի համար` չփորձես ինձ հետ համեմատվել: Ընդ որում, ամենեւին պարտադիր չէ, որ այդ պարիսպը քարաշեն լինի: Մեր իրականության մեջ պարսպային գործառույթ են ստանում առաջին հայացքից պարսպի հետ ոչ մի կապ չունեցող ատրիբուտները:

Մշտապես պարիսպներից ներս ապրելով` մեր հորիզոնին այլ բան չի երեւացել, քան մեր անցյալը` որը պեղելով` մենք հպարտությամբ հիշել եւ հիշում ենք մեր անցած փառքի, հաղթանակների, իսկ կարոտաբաղձությամբ` կորսված հայրենիքի մասին: Հպարտությունը մեզ մեծամտացնում է, նորից պարիսպներ գծում մեր եւ ուրիշների միջեւ, մեզ կարեւորություն տալիս եւ ստիպում նրանց վերեւից նայել: Իսկ կարոտաբաղձությունը նոր սահմաններ է գծում արդեն իսկ մեր պարիսպների ներսում` ստեղծվում են հայրենակցական միություններ, որոնցում համախմբվում են կորսված հայրենիքի զավակները: Թերեւս մեծամտության եւ կարոտաբաղձության խառնուրդից էլ ծնվում են քաղաքական կուսակցությունները, որոնց թիվն արդեն զլանում ենք մտապահել, ու նորից ներքին պարիսպներ գծում եւ մասնատում արդեն իսկ մասնատված տարածությունը:

Այսօր մեր երկրի հետ բանակցությունների սեղան նստող որեւէ պետություն դժվար թե հաշվի առնի այն, որ մեր թագավորներից մեկին մ.թ.ա. 95-55թթ. հաջողվել է ծովից ծով Հայաստան ստեղծել` ասպատակելով հարեւան ժողովուրդների: Նրա համար ավելի խոսուն փաստ է ներկայիս մեր վիճակը, եւ, իհարկե, նրա տված գնահատականը դժվար թե մեր օգտին լինի: Ոչ մի արտասահմանյան ֆուտբոլային թիմի չես վախեցնի «Արարատ 73»-ի հաղթանակներով, որքան էլ որ դու հանդիսավոր տոնես այդ հաղթանակի երեսուն կամ երեսունհինգամյակը: Սթափ ուղեղի համար դա ոչ այլ բան է, քան այն, որ ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին նշանակալի հաղթանակից անցել է արդեն երեսունհինգ տարի:

Մենք շարունակում ենք ապրել մեր պարիսպների ներսում եւ գոհանալ մեր ժամկետանց հաղթանակներով` առանց ցանկանալու գոնե մի պահ գլուխներս պարսպից վեր բարձրացնել եւ նայել պարսպից այն կողմ` տեսնելու համար, թե ուր են հասել մյուսները, եւ որտեղ ենք մնացել մենք: Մեր ազգի այն անհատներն էլ, որոնց հաջողվել է ինչ-որ ձեւով մեր մտածողությունը կաղապարող պարիսպներից դուրս պրծնել, շատ ավելի հաջողակ են գտնվել դրսում, որտեղ այդպիսի պարիսպներ չկան, եւ որտեղ նրանք աչքի են ընկել օտար հասարակությանն արագորեն ինտեգրվելու եւ իրենց օգտաբեր գործով նրան ծառայելու ունակությամբ: Հիմա, իհարկե, առիթը բաց չենք թողնում օտարներին հպարտությամբ ասելու, որ դոլարի գույնի, գունավոր հեռուստատեսության, «Միգ» ռազմաօդանավի ստեղծողները հայեր են եղել, որ Փարաջանովը եւ Ազնավուրը հայեր են: Ի դեպ, դա էլ մեր ազգին բնորոշ յուրահատուկ բարդույթ է, ինքնահաստատման եւ դրսում մեր «ազատագրված» անհատների միջոցով մեզ ուրիշներին ճանաչել տալու հավերժական փորձ:

Խորհրդային ժամանակներից մեզ ժառանգություն մնացած ստեղծագործական միություններն էլ քիչ բան չեն արել մտքի պարսպապատման գործում: Նկատենք, որ նրանք, ովքեր երբեք չեն ընդգրկվել որեւէ ստեղծագործական միության մեջ կամ դրանցից հեռացվել են եւ հետապնդվել ու ճնշվել ռեժիմի կողմից, պատմականորեն ավելի շնորհակալ եւ ավելի արգասաբեր գործ են կատարել, քան նրանք, ովքեր միշտ ջանացել են ստեղծագործել գործընկերական կոլեկտիվի կողմից գծած սահմանների շրջանակներում եւ նրա ու ռեժիմի հավանությանն արժանանալու համար:

Պարսպամտությունը մեր սոցիալ-կենցաղային կյանքի հիմնարար մասն է: Երեւի ոչ մի այլ երկրում տարբեր բնակավայրերի բնակիչների միջեւ այդքան մրցակցություն եւ երեւակայական թշնամություն չկա, որքան մեզ մոտ: Ասվածի լավագույն օրինակը բանակն է, որտեղ ըստ բնակության վայրի գերակշռող խումբը ճնշում է ավելի փոքրաթիվ խմբին` գյումրեցին, երեւանցուն, երեւանցին գավառեցուն եւ ընդհակառակը: Երեւույթն ավելի լավ բնութագրել, քան դա անում է հոգեբան Կարինե Նալչաջյանը` խոսելով բարբառային բազմազանության ֆոնի վրա հոգեբանորեն տարանջատվող «մենք»-երի մասին, երեւի թե չստացվի: «Դրանք տարատեսակ «գավառական մենք»-երն են, որոնցում իր արտահայտությունն է գտնում յուրատեսակ խմբային ֆավորիտիզմը: Այսօրվա, հասարակայնորեն նշանակալից ֆրուստրացվածության պայմաններում, երբ (…) գործում է մենք-ի սահմանների նեղացման օրինաչափությունը, էթնիկական ընդլայնված մենք-ին հաճախ փոխարինելու է գալիս բավականին ընդգծված «գավառական» մենք-ը, որը մեր այս թուլացած խմբային հոգեբանական ինքնապաշտպանության պայմաններում չի կարող դիտարկվել որպես ազգանպաստ հանգամանք: Ավելին, դա թուլացնում է մեր ներխմբային համախմբվածությունը եւ հաճախ ուղղակի վտանգավոր դրսեւորումներ է ունենում: Դրա օրինակն է բանակում առկա լարվածությունները Հայաստանի տարբեր վայրերը ներկայացնող զինծառայողների եւ նրանց խմբերի միջեւ» (Կ. Նալչաջյան, «Էթնիկական ինքնագիտակցություն», Երեւան, 2003, էջ 198-199): Սակայն բանակը միակ դեպքը չէ, Երեւանում էլ, օրինակ, արաբկիրցին ինչ-որ երեւակայական գերակշռություն ունի, ասենք, չարբախցու, Կենտրոնի բնակիչը` շենգավիթցու կամ Ավանի բնակչի վրա:

Իհարկե, պարսպամտությունից որոշակի օգուտներ կան, եւ դրանք հիմնականում ֆինանսների տեսքով ուղղվում են այն գործարարների գանձանակը, ովքեր բավականաչափ դիտողունակ շուկայագետներ են գտնվել` մեր թուլությունները նկատելու եւ դրանցից օգուտներ քաղելու համար: Ոչ մի այլ երկրում ես չեմ հանդիպել այդքան սրճարաններ, որոնք հատուկ հարմարավետություն, ենթադրվում է` նաեւ ծառայությունների բարձր որակ են խոստանում հատկապես այն հաճախորդին, ով կնախընտրի սուրճ խմել վարագույրով սահմանագծված հատվածում` «VIP» ցուցանակի ներքո բազկաթոռին կամ բազմոցին բազմած: Հետո նույն այդ հաճախորդը կզանգահարի այն տաքսի ծառայությանը, որն առանց տաքսու տարբերանշանների սեւ «Մերսեդես 600»-ով նրան կտանի տուն` շրջապատում իր մասին շատ կարեւոր մարդու տպավորություն թողնելով:

Այսինքն` մեր ազգային բազմաթիվ բարդույթներին ավելանում է եւս մեկը` «VIP» բարդույթը: Բջջային օպերատորներն, օրինակ, այդ բարդույթը հաշվի առնելով է, որ ջանք չեն խնայում մեզ գեղեցիկ կոդերով նոր համարներ առաջարկելու հարցում: Մենք շատ ենք սիրում պլատինե, ոսկե, արծաթե եւ փակ համարների եւ գեղեցիկ համարանիշների հետեւում թաքնվել: Ինչպես ասում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը` «Այսպես կոչված «լավ» համարները, հեռախոսների վերջին մոդելները, մեր «ես»-ի ցուցադրական մասն ապահովող աքսեսուարներն ինքնագնահատականը բարձրացնելու կեղծ փորձեր են» (Խ. Գասպարյան. «Մենք մեզ հետ հակամարտության դաշտում», «ժՐպՉՈվ» ամսագիր, հունիս, 2008): Ինքնագնահատականը բարձրացնելու եւ դիմացինի վրա որոշակի ճնշում գործադրելու փորձեր: Անձամբ եմ ճանաչում մեկին, ով իր բնակարանը գազիֆիկացնող բրիգադի պետին վճարած լինելով, սակայն նրան երկար ժամանակ չկարողանալով ստիպել իր գործն անել` հարկադրված է եղել փակել տալ իր հեռախոսահամարը, այնուհետեւ այդ համարից զանգահարել նրան եւ սպառնացող հայհոյախառը խոսքով ստիպել, ի վերջո, կատարել իր աշխատանքը:

Մեր պարսպամտությունը երբեմն հասնում է զավեշտի: Այսպես` 90-ականների սկզբին, երբ Հայաստանը ճգնաժամային ծանր իրավիճակում էր գտնվում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի բնակիչները ցանկանում էին անկախանալ Հայաստանից եւ գործնական քայլեր էին ձեռնարկել այդ ուղղությամբ` կարծելով, որ ձկնորսությամբ կարող էին անկախ Ծովագյուղ կառուցել:

Ի՞նչ կարելի է եզրակացնել ասվածից: Այն, որ մեր պարսպված մտածելակերպի պատճառով մենք պրիմիտիվության աստիճան կանխատեսելի ենք, հետեւաբար` հեշտորեն կառավարելի: Եվ պարադոքսն այն է, որ մեր խոցելիությունը հենց մեր պարսպվածության մեջ է: