Մշակույթը թակարդ լինել չի կարող

06/12/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Օշին Եղիազարյանցը նշանային ֆիգուր է Հայաստանի համար։ Նա անսահման լավատես ու 100%-անոց օպոզիցիոներ է։ Նրան բոլորը ճանաչում են, նրա հետ ընկերություն են անում արվեստի ու քաղաքականության բնագավառի մարդիկ եւ նրա հետ տարաբնույթ ծրագրեր են իրականացնում։ Օշինը մարդ է, ում օրգանիզմում հաստատ յուրատեսակ շարժիչ է գործում, քանի որ նա հասցնում է ամեն տեղ լինել ու ամեն բան տեսնել։

Ճարտարապետ ու արվեստասեր Օշինը ծնվել է Պարսկաստանում, ապրել ու սովորել է Փարիզի Արվեստի բարձրագույն դպրոցում, հետո արդեն հասուն տարիքում ամեն ինչ թողել է, վաճառել է իր ունեցվածքն ու եկել է Հայաստան։ «Երբ 20 տարի առաջ եկա Հայաստան, ոչ մեկին չէի ճանաչում։ Իմ միակ ընկերը Ռուբեն Հախվերդյանն էր, ում տանն ապրում էի»,- պատմում է նա։ Իսկ հիմա նրա փոքր, շատ հարմարավետ ու նրբաճաշակ տունը լեցուն է հյուրերով, հնաոճ իրերով, Փարաջանովի, Քոչարի ու Գյուրջյանի գործերով ու գ խաղալիքներով, որոնցով տան տերը սիրում է խաղալ ու նոր ծավալներ ստեղծել։ Նրա տանը հեռուստացույց չկա, բայց կան հազարամյակներ առաջ պատրաստված մետաղաձույլ սափորիկներ ու զարդեր, փարիզյան առաջին ավտոբուսներից դեն նետված նստարանն էլ նա վերանորոգել ու բերել է Երեւան։ Օշինի բոլոր իրերը պատմություն ունեն, ու թեեւ նրա տունը թանգարան է, սակայն յուրաքանչյուր նմուշ շարունակում է ապրել, եւ դրանք կարելի է շոշափել ու օգտագործել։

Օշինն իր համախոհների հետ հիմնել է «Prunus Armeniaca» (ծիրանի լատինական վերծանումը խորհրդանշող) մշակութային հիմնադրամը, որի նպատակը լավագույն ուժերը միավորելն է։ Տարիներ առաջ՝ օգտագործելով իր ընկերական կապերը Քըրք Քըրքորյանի հաշվապահի հետ, նա համաձայնություն էր ստացել Երեւանի հեռավոր արվարձաններից մեկում լքված մի գործարանի շենք գնել ու այն դարձնել մշակութային կենտրոն, որտեղ գրադարան, կինոսրահ, տարբեր չափերի, տրանսֆորմացիայի ենթարկվող բեմեր պետք է լինեին։ Քըրքորյանի ֆոնդը պատրաստ էր մի քանի միլիոն դոլար տրամադրել, սակայն Օշինին այդպես էլ չհաջողվեց հանդիպել ու այդ մասին պայմանավորվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Այդպես էլ ժամադրություն չունեցա, ու կենտրոնը չստեղծվեց»,- ասում է նա։ Սակայն Օշին Եղիազարյանցն ու նրա ընկերները, միեւնույն է, շարունակում են տարբեր ծրագրեր իրականացնել։ 20 տարի առաջ նրանց ստեղծած «Շեն» կազմակերպությունը մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանի ու Արցախի գյուղերին. փախստականների համար տներ, հիվանդանոցներ, դպրոցներ, կամուրջներ է կառուցել, ծիրանի այգիներ է տնկել, հիմա վերականգնում է Շուշիի մզկիթն ու օգնում է սահմանամերձ գյուղերին։ Լեռնային Ղարաբաղի դրոշը նույնպես «Շենի» նախագիծն է։

Օշին Եղիազարյանցն արվեստի մեծ գիտակ է, նրա աչքը լավ «կոփված» է, քանի որ ապրելով Եվրոպայում՝ նա մշտապես հետեւել է կինոյի ու թատրոնի բոլոր նորություններին։ «Եղել են դեպքեր, երբ մեկ օրով գնացել ենք Նյու Յորք՝ Բրոդվեյում մեկ ներկայացում կամ համերգ դիտելու համար։ Դա խենթ հաճույք էր»,- ասում է նա։

– Ինչո՞ւ են մեզ մոտ պակասել այդ խենթ ու իսկական մշակութային հաճույքները։

– Խենթ հաճույքներն այստեղ շշմած վիճակում են։ Վերջերս գնացի «Կատուներ» ջազ-խմբի համերգին, հիանալի էր։ Հիանալի են Վահան Բադալյանի ներկայացումները։ Կլասիկ երաժշտության մեջ մենք ունենք Սվետլանա Նավասարդյան` Մոցարտի փայլուն կատարող։ Իսկ ուրիշ բաների մասին խոսել չեմ կարող։ Արվեստի մարդիկ կան, որոնք ոչինչ չեն արել, բայց իրենց համարում են գլուխգործոցներ ստեղծողներ։ Ե՛վ արվեստում, եւ՛ քաղաքականության մեջ հիմա դժբախտաբար հայտնվել են մարդիկ, որոնք ազգային շահը շփոթում են գրպանի շահի հետ։

– Դուք նաեւ որոշել եք Հայաստանում հեքիաթի փառատոն ստեղծել։

– Դժբախտաբար, մենք ստիպված եղանք հետաձգել մեր փառատոնը, որը պիտի այս տարվա աշնանն անցկացվեր, քանի որ վերջին վայրկյանին դրամ չունեցանք։ Բայց հունիսին արդեն հարյուր տոկոսով կանենք մեր փառատոնը, նույնիսկ, եթե դրամ էլ չունենանք։ Երկու ավտոբուս ենք ունենալու, որոնցից մեկը գնալու է դեպի Հայաստանի հյուսիս, իսկ մյուսը՝ դեպի հարավ։ Այդ հեքիաթային ավտոբուսները 5 օր շարունակ շարժվելու են, եւ կանգ են առնելու տարբեր մեծ ու փոքր քաղաքներում ու գյուղերում, որտեղ ամեն գիշեր մարդկանց հեքիաթներ են պատմելու։

– Իսկ ի՞նչ հեքիաթներ։

– Ազգագրական հեքիաթների հատորները բաժանել ենք հեքիաթ պատմողներին, նաեւ՝ երաժիշտներին, ու ասել ենք՝ ընտրեք, թե ի՞նչ հեքիաթ ու ո՞ր բարբառով եք ուզում պատմել։ Պատմողները միայն դերասաններ չեն, այլ նաեւ երգիչներ, պարզապես սովորական մարդիկ։ Նույնիսկ կզարմանաք, եթե իմանաք՝ ովքե՞ր են պատմողները, նրանց շարքում շատ հայտնի ու լավ մարդիկ են։ Այսինքն՝ այնպիսի մարդիկ, որոնք հեքիաթ պատմելու շնորհք ունեն։ Ռեժիսորներ էլ պիտի լինեն, որոնք պատմությունների կառուցվածքը կդասավորեն։ Պարզվեց, որ շատերը ոգեւորված են ու ուզում են հեքիաթ պատմել։

– Ինչո՞ւ։

– Որովհետեւ դա հաճելի է։ Մենք մինչեւ անգամ ասել էինք՝ եթե ունեք ձեր անձնական հեքիաթը՝ դա պատմեք։ Բայց պատրաստ եղեք նույն հեքիաթը 5 օր շարունակ պատմել։

– Կարծում եք՝ մենք հեքիաթի պակա՞ս ունենք։

– Այո, հեքիաթը մի բան է, որը կարծես քիչ-քիչ մեր կյանքից դուրս է գալիս, ու հեքիաթ պատմելու սովորությունը կորչում է։ Իսկ ժամանակին մենք Արեւելքի հեքիաթի կենտրոն էինք։ Հիշում եմ, որ Պարսկաստանում հայերեն լեզվով հեքիաթ պատմող մի մարդ կար, որը, երբ սկսում էր պատմել, բոլորը (սկսած 5 տարեկան երեխայից՝ մինչեւ 72 տարեկան ծեր մարդը) լուռ կողք կողքի էին նստում ու հաճույքով լսում էին։ Հաջորդ օրն էլ գալիս էին՝ շարունակությունը լսելու համար։ Ոչ մի հեռուստատեսային ծրագիր չի կարող տարբեր տարիքի այդքան մարդ հավաքել, որքան կարողանում է անել հեքիաթ պատմողը։ Դա մի զարմանալի բան է, երբ տեսնում ես, թե ինչպես է պատմողի ու լսողի միջեւ կապ ստեղծվում։ Վերջիվերջո, ուզում եմ այստեղ հեքիաթի միջազգային փառատոն ստեղծել, իսկ նման բան աշխարհում դեռ չի եղել։ Ուզում եմ, որ Աֆրիկայից, Հնդկաստանից մարդիկ գան ու մեզ համար հեքիաթ պատմեն։ Հայտնվելով Հայաստանի մշակութային գծի վրա, ուզում եմ ոտքս «խոթեմ» այնպիսի արվեստների մեջ, որոնք խղճուկ վիճակում են։ Հաջորդ քայլս թատրոնը պիտի լինի։ Թատրոնը դեռ ձեւավորված չէ, թատերական դպրոցներն ահավոր վիճակում են, իսկ ամենավատն այն է, որ դրանք ոչ մի կապ չունեն դրսի հետ։ Իսկ արվեստի մարդիկ միշտ պիտի շատ գնան, տեսնեն, շփվեն, գնահատեն, դրսում «սարքվեն», վերադառնան։ Եվ պետք չէ վախենալ, որ գնացած մարդիկ ետ չեն վերադառնա, անպայման կվերադառնան, թեկուզ՝ 10 տարի հետո։ Մշակույթը հո թակարդ չէ՞, որ դնես ու սպասես, թե ո՞վ է մեջն ընկնելու։ Երբ ասում ենք՝ «ազգային», «մենք», «մերոնցով»՝ ոչնչի չենք հասնում։ Մեր իրական հարստությունը մշակույթն ու արվեստն է։ Ազգային վերածնունդը հո քաղաքականության միջոցով չի՞ գալու, այն գալու է արվեստի միջոցով։

– Վերածնունդը մոտեցնելու համար ի՞նչ պիտի անեն պետական օղակները։

– Հիմա երբ նայում ես՝ թե ովքե՞ր են ղեկավարում մշակույթը, ուղղակի լացդ գալիս է։ Մշակույթի նախարարը որոշում է, թե ով պիտի ղեկավարի Օպերային թատրոնը։ Բայց ախր նա ի՞նչ գործ ունի թատրոնի հետ։ Եվրոպայում երբեք նման բան լինել չի կարող։ Իսկ այստեղ այն մարդը, ում պաշտոն են տալիս, միանգամից դառնում է ամեն ինչի տերն ու տիրակալը։ Հետո էլ վերջում շենքը ծախում է, փողն էլ դնում է գրպանը։

– Իսկ զարմանալի չէ՞, որ բոլորը սովորել են դրան եւ չեն էլ բողոքում։ Վերջիվերջո, ինչո՞ւ է արվեստից կորել ազնիվ ու մի քիչ էլ ցուցադրական բնույթ կրող բողոքը։ Չէ՞ որ դա շատ առողջ ցանկություն է։

– Պետք չէ վախենալ արգելված բաների մասին խոսել, թող շատանան փոքր համարձակ թատրոնները։ Եվ թող այդ թատրոնները պետությունն արգելի, թող արգելի նաեւ գրվածները։ Մշակույթի անձին էլ իր ստեղծածի համար թող բռնեն ու տանեն բանտ։ Ես ինքս հաճույքով կգնամ ու նրա հետ բանտում կնստեմ։ Ես, օրինակ, հաճախ եմ թերթերում փնտրում արվեստի վերլուծություններ։ Դրանք չկան, չկան արվեստի լուրջ քննադատներ։ Երբ Փարիզում արգելվեց վաճառել «Լիբերասիոն» թերթը, ես առաջիններից մեկը դարձա, ով փողոց դուրս եկավ ու թերթը ծախեց մարդկանց։ Ժան-Պոլ Սարտրի հետ մենք թերթ էինք վաճառում միայն այն պատճառով, որ պետությունն այդ թերթն արգելել էր։ Սարտրին բռնեցին ու բանտ տարան, բայց դա նրա համար խնդիր չէր։ Ընդհակառակը՝ նրա մասին ավելի շատ սկսեցին խոսել ու կարդալ նրա գրածները։ Իսկ երբ բռնեցին համալսարանի իմ ուսուցիչ ճարտարապետ Կաստրոյին, նա սկսեց բանտում իր դասախոսությունները ձայնագրել ու տարածել։ Իսկ նա շատ ձախակողմյան դիրքորոշում ուներ ու դեստրուկտիվ բաների մասին էր խոսում։ Ուսանողներն էլ գալիս էին ու բանտի դռների մոտ կանգնում էին։ Ասածս այն է, որ այդ շարժումները պատճառ դարձան, որպեսզի 1968-1975 թվականներին հիանալի մշակույթ՝ գրականություն, թատրոն, բալետ, թափվի մարդկանց գլխներին։ Իսկ հիմա այդ ամենը մեռել է, չկա Ֆրանսիայում։

– Ուրեմն, նորի՞ց են ցնցումներ հարկավոր։

– Ամեն շարժում իր դրական արդյունքներն է ունենում, եթե այն հիմք է ունենում։

– Մեզ մոտ հիմքեր չկա՞ն։

– Ամեն շարժում հնի դեմ է լինում։ Եթե ես կամ շատ ուրիշները հիմա փողոցային ցույցերի են մասնակցում, դա չի նշանակում, որ մենք «լեւոնական» ենք, դա նշանակում է, որ մենք դժգոհ ենք։ Իմ էությամբ ես միշտ օպոզիցիոներ եմ։ Եվ եթե կա օպոզիցիա, ուրեմն 100%-ով վստահ եղեք, որ ես էլ այնտեղ եմ լինելու։ Մինչեւ անգամ դաշնակ լինելով՝ Դաշնակցությանը օպոզիցիա եմ։ Օպոզիցիան շատ դրական բան է, այն հիշեցնում է, որ բանակցությունների պահն է հասել։ Մշակույթի ոլորտում էլ անհրաժեշտ է օպոզիացիա ունենալ։ Ասեք, ո՞րն է այս բոլոր մեր ախմախ հեռուստատեսային ծրագրերի օպոզիացիան։ Ինչո՞ւ է լռում թատրոնը, ռեժիսորներն ու դերասանները։

– Սերիալները նրանց փողով են ապահովում, շատերն ասում են՝ վատ է, բայց դե ուրիշ ի՞նչ կարող ենք անել։

– Է, թող բոլոր դերասանները գործադուլ հայտարարեն ու մի ամիս էլ փող չստանան։ Ոչ մի սարսափելի բան չի լինի, եւ եթե նրանք իսկապես ուզում են իրենց հեղինակային իրավունքները պաշտպանեն, պետք է բողոքեն։ Բողոքեն այնքան, մինչեւ որ թատրոնը կամ ֆիլմ նկարահանողը նրանց իրավունքները պաշտպանի։ Ոչ մի արվեստի մարդ չի կարող տարին 12 ամիս աշխատել, բայց փող պետք է ստանա։ Եվ նրան ոչ թե պետությունը, այլ՝ արհմիությունները պիտի վճարեն։ Բայց Հայաստանում հիմա ժամանակը չէ արհմիությունների մասին խոսել, դրանց ստեղծման հիմքերը չկան։ Հիմա ամեն մի հայ ռեժիսոր բազմել է իր թատրոնի գահին, կարծես թատրոնն իրենց խալիֆայությունն է, իսկ երիտասարդներն էլ գործ չունեն։

– Ինչի՞ց է պետք սկսել թատրոնի վերափոխումը։

– Գոնե սկզբնական փուլում 3-4 թատերական գործ պիտի անեն այն մարդիկ, որոնք զգում են բեմի ժամանակն ու ռիթմը ու գիտեն՝ ինչպես է պետք հավասարակշռել բեմը։ Մի քանի ներկայացում էլ թող անեն դրսի մարդիկ։ Այսպես կարելի է սարքել այն կորիզը, որը թատրոնի վերածննդի սկիզբը կդառնա։ Հավատացեք, ես վերածննդին հավատացող մարդ եմ։ Եվ այդ վերածնունդը պիտի մեզ նման հին արմատներ ունեցող երրորդ երկրներից ծագի։ Այդ վերածնունդը Եվրոպայից կամ Ամերիկայից հո չի՞ գալու, Եվրոպան արդեն իսկ փլվում է այնպես, ինչպես փլվել է Հռոմի կայսրությունը։ Իսկ մենք շնորհք ու աշխատողներ ունենք։ Եվ հերիք է մի քանի խելացի մարդիկ զբաղվեն կազմակերպչական աշխատանքով, ամեն լավ բան ջրի երես կգա։ Մի քիչ պայմաններ ու առիթներ թող սարքվեն, ու արվեստը կծաղկի։ Հիմա Հայաստանում հիանալի նկարիչներ կան, եւ նրանք արդեն «դպրոց» են ստեղծում։ Իհարկե, նկարիչները դեռ չեն «պայթել» միջազգային ասպարեզում, բայց դե Մինասն ու Դեղձն էլ չէին հասցրել «պայթել»։ Այն ժամանակ սահմանները փակ էին, իսկ հիմա թեեւ բաց են, առիթներ կան, բայց այդ առիթներն օգտագործողները չկան։ Կոմերցիոն գետնի վրա ճանապարհ բացելու ձեւերը պետք է գտնվեն։ Հարցը նկարը ծախելու մեջ չէ, պարզապես նկարիչը պետք է իր իրական տեղը գրավի միջազգային ոլորտում։ Ես տեսնում եմ, որ մեր գերազանց նկարիչներից է վերածնունդը սկսվելու։

– Դուք վերջերս Ղարաբաղյան շարժման պաստառների ցուցահանդես էիք արել։ Այդ պաստառները ե՞րբ եք սկսել հավաքել։

– Բոլոր այդ օրիգինալ պաստառները ես ՀՀՇ-ի ժողովրդից գնել եմ, տարել եմ Փարիզ, դրանք մաքրել ու շրջանակի մեջ եմ դրել։ Եվ այդ պաստառներով Հայաստանը Փարիզի պաստառների միջազգային ցուցահանդեսին է մասնակցել։ Իսկ այստեղ այդ պաստառները ցուցադրվեցին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ, ու ցուցահանդեսի բացման օրը համընկավ մարտի 1-ի դեպքերի հետ։ Մենք բացումն արեցինք, իսկ Օպերայում մարդիկ ծեծվեցին։

– Աշխարհում պաստառներն արդեն որպես բողոքի գործիք չեն օգտագործվում։ Դրանք կարծես ռարիտետ են։

– Դա բնական է։ Փարիզում, օրինակ, երիտասարդները հիմա ոչ թե պաստառներ են նկարում, այլ՝ ավտոներ են վառում (ծիծաղում է.- Ն.Հ.)։

– Սովորաբար բողոքողներն ուսանողներն են լինում։ Հայաստանում կա՞ այդ ազատ ու ոչ կոնֆորմիստ ուսանողությունը։

– Ճիշտն ասած, Հայաստանում ես ուսանողներ չեմ տեսնում, կան երիտասարդներ, որոնք փայլուն կոշիկներ ու փայլուն շորեր հագած՝ համալսարան են գնում այնպես, կարծես կոկտեյլի կամ նշանդրեքի են գնում։ Ոչ մի ուսանողի ձեռքին գիրք չկա, եւ եթե նույնիսկ պայուսակ են ունենում, ապա այն այնքան փոքր է, որ մեջը միայն մի մատիտ ու մի տետր է տեղավորվում։ Միայն հնդիկ կամ պակիստանցի ուսանողներն են, որոնք պայուսակների մեջ գրքեր են տանում-բերում։ Իսկ մեր ուսանողները մտածում են արագ ուսումը վերջացնելու մասին, որից հետո էլ գնում են ու մատուցողներ կամ վաճառողներ են դառնում։ Եվ այդ ուսանողները բողոքողներ չեն։ Բայց մարդկանց, հատկապես երիտասարդների շարժը դեռ կսկսվի։ Կարող է՝ 100 տարի հետո, բայց կսկսվի։ Պետք է խմորը հասունանա, բարձրանա, բարձրանա ու հետո մի օր հանկարծ պայթի։

– Մենք ունեինք շարժման վերելք 1988 թվականին, սակայն այն հետո մարեց՝ այդպես էլ «չպայթելով» արվեստում։

– Շարժումները սովորաբար «կոտրվում» են, «կոտրվեցին» Փարիզի 1968-ի շարժումը, Վիետնամի պատերազմի դեմ ծագած շարժումը։ Եվ ես այդ բոլոր շարժումների մասնակիցն եմ եղել։ Հիշում եմ, որ իմ մեկ ամսվա ապրուստի փողով տոմս գնեցի ու գնացի Վաշինգտոն, որտեղ Ջեյն Ֆոնդայի կազմակերպած հակապատերազմական ցույցերի մասնակիցը դարձա։ Եվ որտեղ էլ որ մարդկային իրավունքների խախտումները կանգնեցնելու ցույցեր էին լինում` ես ցուցարարների շարքերում էի լինում։ Գնացել եմ Պաղեստին, որտեղ հայ ուսանողությունը Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջին միտինգն էր կազմակերպել։ Մեզ հետ էր նաեւ ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարը։ Մենք աֆիշ պատրաստեցինք, ուղարկեցինք Յասեր Արաֆաթին, եւ նա մեզ խնդրեց` այդ աֆիշը որպես իրենց թերթի լոգո օգտագործել։ Կայծակի նման ծագած բոլոր շարժումների մասնակիցն եմ եղել, ու դա շատ լավ էր, ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Երբեք կլասիկ չեմ ապրել, տուն-տեղ չեմ դրել։ Բայց իմ կյանքը լի է մարդկանց հետ հանդիպումներով, ռիթմով ու արվեստով։