Ձեռքես տվել՝ պիտի խաղաս

06/12/2008

Այսօր հերթական անգամ սրվել է ղարաբաղյան հարցի կարգավորման թեման, հրապարակային քննարկումների դիապազոնն էլ, ինչպես միշտ` «Ոչ մի թիզ հողից»՝ մինչեւ` «Տանք պրծնենք Ղարաբաղից էլ, ղարաբաղցիներից էլ»:

Դե, միջանկյալ փոխզիջումային սցենարներն էլ հիմնականում խիստ որոշակի վճռական կեցվածքով ու անորոշ ձեւակերպումներով են արտահայտվում: Անշուշտ հարցն այնքան կարեւոր է, որ իրական սրտացավության ու շահարկման շփման եզրը շատ է բարակել, ու անզեն աչքով դժվար է անգամ տարբերակել: Չնայած գերիշխողն, իհարկե, անբեկանելիության աստիճան համոզիչ ու հասկանալի, ամենահայրենասիրական ու հանճարեղորեն պարզ կարգախոսն է. «Արյունով ձեռք բերածը թանաքով չեն հանձնում»: Եվ եթե հասարակական գերիշխող ընկալումն այդպիսին է, էլ ո՞ր իշխանավորը կարող է նման համարձակություն ունենալ հանձնելու թեկուզ ազատագրված տարածքները, որոնց նկատմամբ մեր իրավունքը հիմնավորվում է ոչ թե այնտեղ հայտնաբերված Տիգրանակերտով, այլ` թափված արյամբ: Ուստի բնական է, որ արյունով ձեռք բերվածը թանաքով հանձնող իշխանավորի անունը պատմության մեջ կգրվի որպես դավաճանի, եւ նա կարժանանա հավերժական նզովքի: Բայց տեսնենք` եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ արյունով ձեռք բերածը կամ պահպանածը թանաքով հանձնել են ու չեն նզովվել: Պատմության խորխորատներում չմոլորվելու համար դիտարկենք ընդամենը մեկ օրինակ, որը քաջածանոթ է մեզնից շատերին: Թե որքան թափված արյան գնով է ստեղծվել ու գոյատեւել ԽՍՀՄ-ը` լավ է ամբողջը չհիշենք ու տրամադրություններս չգցենք, պարզապես հիշենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին միայն Սովետական Միության քաղաքացիներից զոհվեց ամենահամեստ հաշվարկով 25 միլիոն մարդ, սակայն 50 տարի էլ չանցած այդ պատերազմի ժամանակակից 3 անձինք, ովքեր հետագայում արդեն յուրաքանչյուրը պատերազմի հիմնական ծանրությունն իրենց վրա վերցրած միութենական 3 հանրապետությունների ղեկավարներն էին` Ելցինը (1931թ.) Կրավչուկը եւ Շուշկեւիչը (երկուսն էլ` 1934թ.), թանաքով լուծարեցին մի հսկայական պետություն` ԽՍՀՄ-ը: Սակայն նրանք ոչ միայն դավաճան չհամարվեցին, այլեւ ընդհակառակը` նրանց այդ քայլը բարձր գնահատվեց թե՛ այդ երկրների քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից եւ թե՛ համաշխարհային հանրության: Իսկ պատճառը մեկն է` արյունով պահպանածն այլեւս կենսունակ չէր, եւ հիշյալ ղեկավարներն իրենց համարձակ քայլով ընդամենն ազդարարեցին նրա ավարտը:

Ուրեմն` կարելի է հանձնել արյունով ձեռք բերածն ու մնալ անպատիժ, անգամ հերոսանալ, եթե պարզվի, որ այն, ինչ ունենք, այլեւս կենսունակ չէ, որ ավելի լավ է դրա մի մասից պրծնենք` մյուս մասի վրա նորմալ ապրելակերպ ապահովելու նպատակով:

Ահա թե ինչու մեր հարգարժան իշխանավորները հենց լեգիտիմության պրոբլեմ են ունենում, անում են ամեն ինչ, որպեսզի մեր երկիրն իր քաղաքացիների համար դառնա օտար, որ այստեղ ապրելը շատերի համար լինի անտանելի, որ այս երկրի ապագան դառնա խիստ մշուշոտ, որ այս վիճակում երկրի մնալը նրան դարձնի ոչ կենսունակ: Ասեմ, որ Ղարաբաղյան պատերազմից անմիջապես հետո այս բոլոր տարիների մեր իշխանավորներին մեծապես հաջողվել է մեր երկրում այնպիսի պայմաններ ստեղծել, որ մեր ժողովուրդը սեփական երկրում իրեն հպատակ զգա` ոչ թե քաղաքացի, որ այլեւս իրեն չհետաքրքրի, թե մեր երկրի տարածքը որքան է: Իսկ ի՞նչ է` Հռոմեական կայսրության ստրուկները շա՞տ էին հուզվում, երբ կայսրության մի պրովինցիան անցնում էր մեկ ուրիշի տիրապետության տակ: Եվ եթե այս ընթացքում դեռ չի հաջողվել Ղարաբաղի հարցն այս համատեքստում լուծել, ապա միայն այն պատճառով, որ մեր քաղաքացին դեռ հույսը չի կորցրել ազատվելու իրեն այդ վիճակին հասցրած իշխանավորից: Դա է պատճառը, որ Ղարաբաղի հարցը ոչ մի կերպ չի հաջողվել լուծել մեր նախորդ երկու նախագահներին: Առաջինն այդ հարցի կարգավորման բուռն քննարկումների ժամանակ ոչ միայն լեգիտիմության խիստ պակաս ուներ, այլեւ այնքան էր հոգնած, որ միայն մի փոքրիկ պատրվակ էր նրան պետք, որ հերոսական դեմարշով հեռանար: Լեգիտիմության հետ լուրջ պրոբլեմներ ունեցող երկրորդ նախագահը հստակ գիտակցում էր, որ նա, ով կստորագրի Ղարաբաղի հարցի կարգավորման նպատակով որեւէ փաստաթուղթ, որով կհանձնվեն ազատագրված տարածքները, այլեւս նախագահ մնալ չի կարող: Քանզի նման քայլի գնալու գինը պետք է լինի այն, որ հասարակությունը հավատա, որ դա չի արվել սեփական աթոռը փրկելու համար, այլ արվել է հանուն Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերի: Կգնա՞ր դրան երկրորդ նախագահն իր հրաժարականի գնով: Կյանքը ցույց տվեց, որ` ոչ: Գործող նախագահի նկատմամբ հասարակական նման անվստահության պայմաններում կարո՞ղ է նա նման մի փաստաթուղթ ստորագրել եւ խուսափել պաշտոնանկությունից, կփրկի՞ նրան արդյոք Ղարաբաղի հարցով հանրաքվեն: Կարծում եմ` ոչ: Քանի որ, նախ՝ եթե Ղարաբաղի հարցը դիտարկվում է որպես Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, ապա ինչպե՞ս կարող է հայաստանյան հանրաքվեն ազդել Ղարաբաղ պետության (թեկուզ չճանաչված) դիրքորոշման վրա: ՀՀ Սահմանադրության մեջ Լեռնային Ղարաբաղը որեւէ կերպ արտացոլված չէ, դրան զուգահեռ՝ այն ոչ միայն այս տարիներին ապրել է որպես անկախ պետություն, այլեւ ազատագրված տարածքները ներառել է իր երկրի տարածքի մեջ ու այն ամրագրել իր Սահմանադրությամբ: Անկախ նրանից, թե այդ որոշումը ճի՞շտ է, թե՞ սխալ, դա փաստ է` իրողություն, եւ ես չեմ պատկերացնում, թե այդ որոշման վրա ինչպես պետք է ազդի Հայաստանի հանրաքվեն: Ենթադրենք՝ Հայաստանի քաղաքացիները դեմ են նույնիսկ ամենագայթակղիչ փոխզիջմանը, ի՞նչ են անելու դրանից հետո մեր իշխանավորները. միջազգային հանրությանը պետք է ասեն, թե՝ տեսեք, մենք ուզում ենք, բայց ժողովուրդը համաձայն չի՞: Բայց դա ընդամենը հարցը ձգձգելու ձախողված տարբերակ է, որը ժողովրդի վրա գցելը խոսում է իշխանության թուլության մասին, եւ եթե այդ թուլությունն ամրագրվի հանրաքվեով, ապա այդ իշխանությանը մնում է միայն հեռանալը: Իսկ եթե ժողովուրդը հավանության արժանացրեց ՀՀ նախագահի առաջարկած տարբերակը, ապա ի՞նչ` պետք է ճնշում գործադրեն Ղարաբաղի ժողովրդի վրա, որ ընդունի՞ մեր որոշումը: Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, իր ողջ գիտակցական կյանքն ապրել է եւ՛ Ղարաբաղում, եւ՛ Ղարաբաղով, եւ՛ Ղարաբաղի համար, ուստի նա ոչ մի կերպ չի կարող լծվել Ղարաբաղի վրա ճնշում գործադրելուն: Եթե տեսականորեն դիտարկենք, որ նա այդկերպ կվարվի, ապա դրանից հետո քանի՞ օր կպաշտոնավարի: Իսկ հանուն Ղարաբաղի հարցի կարգավորման՝ անհնար է սպասել նախագահի պաշտոնից հրաժարականի տրամաչափի անձնազոհություն:

Այո՛, պնդում եմ նախկինում ասածս, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը ո՛չ ղարաբաղյան հարցի կարգավորման ռեսուրս ունի, ո՛չ էլ ձգձգման: Թե ինչպիսի խաղաքարտեր են Ս. Սարգսյանի ձեռքում` հայտնի է բոլորին, այնպես որ, բլեֆով խաղադրույքների բարձրացում կատարել նա չի կարող, իսկ «փաս» գնալ էլ չի ուզում: Արդյունքում՝ նա փորձում է խաղը երկարացնել ոչ խաղային ժամանակը ձգելով, իսկ դա երկար չի կարող տեւել:

Իսկ Ս. Սարգսյանը նման փակուղային իրավիճակում է հայտնվել, քանզի իր կարիերայի ողջ ընթացքում ուրիշներն են վճիռ կայացրել, իսկ ինքն ազդել է այդ վճիռների կայացման վրա այնքան, որքան ցանկացել է, կամ էլ այնքան, որքան կարողացել է, եւ արդյունքում միշտ էլ շահած է դուրս եկել: Իսկ հիմա այլեւս ստիպված է ինքը վճիռ կայացնել եւ, որ ամենադժվարն է` պատասխանատվություն կրել սեփական վճիռների հետեւանքների համար: Ահա թե ինչու է նա փորձում վճիռ կայացնելու բեռը բարդել ուրիշների ուսերին, այս անգամ էլ` հանրաքվեի միջոցով, եւ իր նպատակն ամենեւին էլ այս կարեւորագույն հարցի նկատմամբ հասարակական կարծիքն իմանալն ու դրանով առաջնորդվելը չէ:

Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ