Առողջություն` մատների ծայրերով

06/12/2008

Շատերը կհամաձայնեն, որ մարմնամարզությունն ամեն մեկի բանը չէ: Ոչ բոլորը կարող են ոտքերի, ձեռքերի ու գլխի այնպիսի շարժումներ անել, որպիսին պահանջվում է մարմնամարզության ժամանակ: Իսկ ահա մատները շարժել կարող են անգամ անկողնային հիվանդները:

Պարզվում է, մատներին հաղորդած էլաստիկությունն ու ուժն ամբողջ օրգանիզմին փոխանցում են էներգիա ու եռանդ: Առողջության լավացման զգալի արդյունքի հասնելու համար առաջարկվող վարժությունները խորհուրդ է տրվում կատարել օրվա մեջ 2-3 անգամ, 15 րոպե:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների պրոֆիլակտիկայի ու սթրեսից հետո առաջացած լարվածությունից թոթափվելու համար կատարում են մատներով համրանք վարժությունը: Դրա համար անհրաժեշտ է կրծքավանդակի մոտ ձեռքի ափերը դեմ դիմաց, ոչ մեծ հեռավորության վրա պահել ու հետո սկսել մատները հերթականությամբ ծալել` սկսած ճկույթից` միաժամանակ շրջանաձեւ շարժումներ կատարելով դաստակով:

Գլխացավին, արյան բարձր ճնշմանն օգնում է մատները հաջորդաբար իրար միացնելը` հինգերորդ մատը` չորրորդին, երրորդին, երկրորդին, առաջինին, այնուհետեւ նույնը կատարել հակառակ ուղղությամբ: Պետք է աշխատել միաժամանակ երկու ձեռքով:

Ականջի հիվանդություններին ու լսողության հետ կապված խնդիրներին օգնում է վարժությունը, որի ժամանակ միջին մատը դիպչում է մեծ մատի բարձիկին, հետո միջին մատը նույն դիրքով սկսում եք ծալել` ուժ գործադրելով մեծ մատի վրա: Մյուս մատները պետք է ուղիղ դիրքով լինեն, բայց ոչ լարված: Մատներն այս դիրքով պետք է պահել 3 րոպեի չափ ու կրկնել մի քանի անգամ:

Ողնաշարի ու հոդերի ցավերի ժամանակ, որոնք կարող են լինել ռադիկուլիտի կամ ռեւմատիզմի հետեւանք, օգնում է ցուցամատով կատարվող վարժությունը: Ցուցամատը այնպես պետք է ծալել, որ ծալած վիճակում ցուցամատի բարձիկը դիպչի մեծ մատի հիմքին, որն իր հերթին թեթեւ հենակ պիտի հանդիսանա ցուցամատի համար: Մյուս մատները պետք է պահել ուղիղ ու թույլ վիճակում:

Մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունների ժամակակ օգնում են իմունային համակարգն ակտիվացնող վարժությունները: Ձեռքի ափերը միացնել միմյանց ու բռունցք անել: Միայն մի ձեռքի մեծ մատը թողնել ազատ ու մյուս ձեռքի ցուցամատով ու մեծ մատով դրա շուրջ կատարել օղակաձեւ շարժումներ:

Գերհոգնածությունից ու աչքերի հոգնածությունից ազատվելու համար արդյունավետ է մատների հետեւյալ վարժությունը. ճկույթների, մատնեմատերի ու մեծ մատների բարձիկներն իրար միացնել, իսկ մյուս մատներն ազատ թողնել: Այս վարժությունը դրականորեն է ազդում նաեւ ընդհանուր ինքնազգացողության վրա:

Մարսողական համակարգի օրգանների հիվանդությունների, փքվածություն զգալու դեպքում օգնում է այն վարժությունը, որի ժամանակ աջ ձեռքի ճկույթ մատն այնպես է ծալվում, որ կարողանում է դիպչել մեծ մատի հիմքին ու թեթեւակի սեղմում այն: Իսկ ախորժակի լավացման համար պետք է երկու ձեռքերի մատներն այնպես միահյուսվեն իրար, որ մի ձեռքի մեծ մատը կարողանա թեթեւ մերսել մյուս ձեռքի ափը: