Ձմեռային օրաբաժին

06/12/2008

Ձմռանը մեր օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ վիտամիններ, հանքային ու այլ օգտակար նյութեր: Այդ պատճառով մարդկանց մոտ սկսում է առաջանալ քնկոտություն, հոգնածություն: Սակայն քնկոտությունից խուսափելու շատ օգտակար մեթոդներ կան: Մասնագետները խորհուրդ չեն տալիս ձմռանն անցնել խիստ սննդակարգերի, քանի որ առանց այն էլ մարդու օրգանիզմը թուլացած է: Ձմռանը պետք է վերանայել մեր սննդի օրաբաժինը: Դրա մեկ երրորդ մասը պետք է բաղկացած լինի ձկնեղենից ու ծովամթերքներից, մեկ երրորդը` բանջարեղենից, եւ մեկ երրորդն էլ՝ երկաթով հարուստ թարմ մսից: Ձուկն ու ծովամթերքները հարուստ են յոդով ու ցինկով, իսկ յոդը բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա, ցինկը խթանում է օրգանիզմում լեյկոցիտների առաջացմանը, որն էլ իր հերթին բարձրացնում է դիմադրողականությունն ու օգնում պայքարել տարբեր ինֆեկցիաների դեմ: Բանջարեղենը հարուստ է հանքային նյութերով ու վիտամիններով, իսկ մսում պարունակվող երկաթի քանակությունը նպաստում է բջիջները թթվածնով հագեցնելուն, որն էլ անհրաժեշտ է միշտ լավ տեսք ունենալու համար:

Իսկ առհասարակ գեղեցիկ ու առողջ տեսք ունենալու համար կարելի է հետեւել նշվող խորհուրդներին. առավոտյան սովորություն դարձած սուրճը կարելի է փոխարինել կանաչ թեյով: Այն բացարձակ կոֆեին չի պարունակում, բայց հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմի կողմից հեշտ են յուրացվում: Շաբաթվա 4 օրը կարելի է ջրի փոխարեն տարբեր թուրմեր օգտագործել: Օրինակ` եղեսպակի կամ խատուտիկի թուրմերը շատ հարմար են, քանի որ դրանք մաքրում են օրգանիզմը խարամներից: Ցանկացած դեղաբույսի թուրմը պատրաստվում է 2 ճաշի գդալ դեղաբույսերի խառնուրդով ու 1 լիտր ջրով: Եռջուրը լցնելուց հետո, թրմել 15 րոպե, ապա քամել ու խմել սովորական ջրի մնան: Աշխատեք սննդի մեջ շատ համեմունքներ օգտագործել: Դրանք եւ սննդին լավ համ են տալիս, եւ, որ ամենակարեւորն է` դյուրամարս են: Շատ օգտակար են սամիթը, համեմը, կոճապղպեղը, սխտորը: Իսկ պղպեղը (սեւ, կարմիր) հարուստ է պիպերինով, որն օժտված է հակամիկրոբային ու հակաբորբոքային հատկություններով ու թեթեւացնում է լյարդի աշխատանքը: Աղը կարելի է փոխարինել այլ համեմունքներով: Օրինակ՝ սեղանի աղը երբեմն փոխարինում են մի կաթիլ սոյայի սոուսով: Բայց պետք է այն զգույշ օգտագործել, քանի որ այն պարունակում է 15 տոկոս նատրիում: 1 հատ կանաչ խնձորով, 1 հատ կիտրոնով, 1 հատ լոլիկով ու 1 հատ կանաչ պղպեղով պատրաստած պյուրեն եւս կարող է փոխարինել աղին: Այս ամենն անցկացնել հարիչով, եւ այն արդեն պատրաստ է: Այս պյուրեով կարելի է ուտել միս ու տապակած բանջարեղեն: Այն շատ հեշտ պատրաստվող է ու համեղ: Պետք է շատ կանաչի ուտել: Երեւի թե այս դեպքում կարելի է չարաշահել: Կեմերոն Դիասը բոլոր ուտեստները համեմում է մաղադանոսով: Իհարկե, մնացած կանաչիներն էլ շատ օգտակար են, օրինակ` կանաչ սոխը: Մաղադանոսը ակտիվացնում է երիկամների աշխատանքն ու օգնում օրգանիզմին` ազատվելու խարամներից:

Վիտամիններով շատ հարուստ են, բնականաբար, մրգերը: Միրգը պարունակում է եւ ջուր, եւ պեկտին` փափուկ միջուկ, որ հեշտ յուրացվում է աղիների կողմից` հատկապես ազնվամորին, սեխն ու դեղձը: Շատ օգտակար են նաեւ չրերը, հատկապես արեւով չորացված չրերը, այլ ոչ թե` արհեստական պայմաններում: Սակայն պետք է խուսափել շատ քաղցր մրգեր ու հատապտուղներ ուտելուց: