Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն գլխավոր քաղաքական սպառնալիքն է իր նախկին դաշնակցի, Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համար: Շաբաթ օրվա համարում նման կարծիք է հայտնել բրիտանական «Թայմս» թերթը: «Նինո Բուրջանաձեն գլխավոր սպառնալիքն է դառնում նախագահ Սահակաշվիլիի համար Հարավային Օսիայում աղետալի ռազմական գործողությունից հետո»,- նշել է «Թայմսը»` 44-ամյա Բուրջանաձեին համեմատելով Մեծ Բրիտանիայի լեգենդար կին վարչապետ Մարգարետ Թետչերի հետ: «Նա մազերը հարդարում է ինչպես Մարգարետ Թետչերը եւ «Երկաթյա տիկնոջը» համարում է իր քաղաքական կուռքերից մեկը: Այժմ Վրաստանում արեւմտամետ «վարդերի հեղափոխության» կին-խորհրդանիշը մարտահրավեր է նետում իր նախկին դաշնակից Միխայիլ Սահակաշվիլիին»,- գրել է բրիտանական թերթը: