Ստվերային նարինջ Մալաթիայում

04/12/2008

Մեր տեղեկություններով՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ 2 բեռնատարներով Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ չմաքսազերծված նարինջ, որը մեծածախ ու մանրածախ վաճառքի է հանվում Մալաթիայի բաց շուկայում: Չմաքսազերծված նարինջի մեծածախ գինը 1 կգի համար 420 դրամ է, մանրածախինը` 450 դրամ: Ըստ նույն աղբյուրի` AR 9101 եւ 24 ԼՍ 771 պետհամարանիշներով 20-25 տոննա տարողունակությամբ 2 բեռնատարների հենց թափքից էլ իրացվում է նարինջը: Արդյունքում` օրինական ճանապարհով` մաքսազերծված, նարինջ ներկրողները հայտնվել են անհավասար մրցակցության պայմաններում ու շուկայից դուրս են մղվել: Բանն այն է, որ Մաքսայինում մաքսազերծելիս 1 կգ նարինջի ինքնարժեքը հաշվում են 1,7 դոլար: Մաքսազերծման ժամանակ դրան ավելանում է նաեւ 32 տոկոս մաքսատուրքը, եւ արդեն մաքսազերծված նարնջի 1 կգ արժեքը դառնում է մոտ 530 դրամ: Մինչդեռ վերը նշված` չմաքսազերծված նարինջը վաճառվում է մաքսային արժեքից 100-120 դրամով էժան: Թե ով է իրականում այդ մեքենաների հովանավորը, մեզ չհաջողվեց պարզել: