Խայտառակությունը սկսվում է

04/12/2008

Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը երեկ ուղարկվել են Երեւանի քրեական դատարան: ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով` «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար: Մ. Մալխասյանին, բացի վերոնշյալ մեղադրանքներից, ներկայացվել է մեղադրանք նաեւ 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով` ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողություններն անձամբ ղեկավարելու համար: Իսկ Ս. Միքայելյանին` Քր.օրի 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով` «ապօրինի զենք կրելու» համար: