Երեկ ԱԺ-ն սկսել է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկած օրինագծի քննարկումը: Այդ փոփոխությունների ընդունումից 40 օր հետո «պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը» պարզելու նպատակով կառավարությունը հանրաքվե նախաձեռնելու իրավունք կստանա: Ամենայն հավանականությամբ, ընդամենը 20-25 պատգամավորի մասնակցությամբ երեկ քննարկված այդ օրինագիծն այսօր կքվեարկվի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ու կընդունվի: Եվ արդեն հաջորդ տարվա հունվար-փետրվարին կառավարությունը կարող է հանրաքվե կազմակերպել, ասենք, պարզելու համար` արդյոք հասարակությունը կո՞ղմ է, որ ազատագրված տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, կամ ԼՂ կարգավիճակը որոշվի 20 տարի հետո: Հաշվի առնելով ընտրություններ ու հանրաքվեներ կեղծելու մեր իշխանությունների հմտությունը (2005 թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտի արժանացավ, սակայն «ստացավ» մոտ 1.5 մլն «կողմ»), ակնհայտ է, որ սա ծառայելու է որպես գործիք հասարակական կարծիքը միջազգային հանրության հետ հարաբերություններում օգտագործելու համար: Եթե իշխանությունները որեւէ ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրեն (իսկ ԼՂ հարցով վաղուց հայանպաստ որեւէ բան չի լինում), ապա այդ հարցը կդրվի հանրաքվեի, եւ Գարեգին Ազարյանն ու Գագիկ Հարությունյանը կորոշեն դրա արդյունքները: Եթե պետք լինի «հրաժարվել» փաստաթուղթը ստորագրելու պարտավորվածությունից` հասարակությունը «ոչ» կասի» եւ դա կներկայացվի միջազգային հանրությանը` որպես հասարակության անպատրաստ լինելու վկայություն: Եվ հակառակը` եթե այնուամենայնիվ ստորագրվի նման փաստաթուղթ, հասարակությունը «այո» կասի», դա կրկին կներկայացվի միջազգային հանրությանը, իսկ հասարակական իրական վերաբերմունքի արտահայտությունը «կհանգուցալուծվի»՝ ինչպես մարտի 1-ին` որպես «խաղաղության հաստատումը բռնությամբ տապալելու փորձ»: Ցավոք, ներկայիս զարգացումները վկայում են, որ երկրորդ տարբերակն ավելի հավանական է: Իսկ թե ինչպես է նույն միջազգային հանրությունը մեծ հաշվով աչք փակում մարտի 1-ի վրա, մենք արդեն տեսել ենք: