ՀՀ վերաքննիչը վճռեց հօգուտ ռեկտորի

27/06/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում մամուլի ասուլիսներն
ընդհանրապես «խորթ, անհարազատ» երեւույթներ են եղել: Նման «դեպք», այն էլ՝
եզակի, մինչ այժմ գրանցվել է 2000թ., երբ նույն բուհի դասախոս, ԱԺ
պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը բուհական խնդիրներին առնչվող ասուլիս էր
հրավիրել: Եվ ահա, ս.թ. հունիսի 13-ին ՎՊՄԻ-ի դեռեւս ռեկտոր Ռաֆայել
Եդոյանը ասուլիս էր հրավիրել, որի մանրամասներին առնչվելու
հնարավորություն ունեցանք՝ դիտելով հեռարձակումը տեղական
հեռուստատեսությամբ: Ասուլիսը ՀՀ վերաքննիչ դատարանի ս.թ. հունիսի 8-ի
որոշումը հանրությանը հայտնի դարձնելու միտում ուներ: ՀՀ վերաքննիչի
որոշման համաձայն՝ չեղյալ է համարվել Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի
վճիռը՝ ռեկտորի ընտրությունը ՎՊՄԻ-ի նախկին դասախոս Գարեգին Ղույումչյանի
հայցով անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այսինքն, 1-ին ատյանի դատարանը գտել
էր, որ ռեկտորն ապօրինի է ընտրվել, իսկ ՀՀ վերաքննիչն օրինական է համարել
ընտրությունը:
«Մամուլը գրում է հօգուտ Ղույումչյանի»,- դժգոհեց ռեկտորը (այն դեպքում,
երբ իրեն հաճախակի գովաբանող լրագրողների պակաս չի զգում): Հատկանշական է,
որ մամուլի ասուլիսները հանկարծ «կարեւորող» ռեկտորն ամենեւին չխոսեց այն
մասին, որ ՀՀ վերաքննիչում ինքն արգելել է նկարահանել դատական նիստը՝
դատաիրավական թեմաներ լուսաբանող լրագրողներին: Համենայն դեպս, նա
բավականին արժեքավոր տեղեկություններ հայտնեց ԶԼՄ-ներին՝ նպաստելով Գ.
Ղույումչյանի «իմիջի» բարձրացմանը: Պարզվում է, պրոֆեսոր Ղույումչյանը,
որի ղեկավարած ամբիոնը (տարրական կրթության ուսուցման եւ մեթոդիկայի)
2003թ. ռեկտորը լուծարել էր եւ վարիչին էլ «օպտիմալացրել», ընդհանուր
հաշվով 19 հայց է ներկայացրել դոկտոր Եդոյանի դեմ: «2 տարի գրում է
անընդհատ»,- դժգոհեց ռեկտորը՝ իր աշխատանքային իրավունքները իրավական
ճանապարհով պաշտպանել փորձող մի մարդու նկատմամբ, ում վերաբերյալ նույնիսկ
խոստովանեց. «Իրոք, էդ մարդը հանցագործ չէ, մանկավարժ է, դասախոսել է, ես
նրան հարգում եմ»: Իսկ թե ինչո՞ւ էր մամուլում զրպարտություն հայտնվել
Ղույումչյանի հասցեին՝ անձը վիրավորող արտահայտություններով (որի
վերաբերյալ դատական գործընթացում Ղույումչյանը հաղթել է), ռեկտորը մեղքը
գցեց ռեկտորատի վրա. «Ոչ թե ես եմ գրել, այլ՝ ռեկտորատը»:
Փաստորեն, ռեկտորին որպես «լեգիտիմ» ռեկտոր ճանաչելու վերջին խոսքը մնաց
Վճռաբեկ դատարանին, քանի որ Ղույումչյանը մտադիր չէ «մարսել» ՀՀ
վերաքննիչի որոշումը, չհաշված այն, որ անկախ նրանից, թե դատական
գործընթացն ինչով կավարտվի, կենսաթոշակի տարիքն անցած ռեկտորներին
պաշտոնանկ անելու գործընթացին ձեռնամուխ է եղել ՀՀ վարչապետը:
… Ի դեպ, ռեկտորի դեմ Ղույումչյանի ներկայացրած դատական հայցերից մեկն
էլ՝ աշխատանքում վերականգնման վերաբերյալ, հայցվորի կողմից բողոքարկվել է
Եվրոդատարան (ՀՀ դատական 3 ատյաններում գործը տանուլ տալուց հետո):