Երեկ պաշտոնապես ազդարարվել է Իրան-Հայաստան գազամուղի` Քաջարան-Արարատ հատվածի շինարարության ավարտը, այսինքն` գազամուղն ամբողջությամբ պատրաստ է գործարկման: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը երեկ մասնակցել են գործող եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Մի քանի օր անց սկսվելու են գազատարի փորձարկման աշխատանքները: Իսկ գազը, ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Հայաստան կմատակարարվի այն ժամանակ, երբ կլինի դրա անհրաժեշտությունը: Նշենք, որ գազատարի երկարությունը 220 կմ է: Այն իրականում պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, որի նախագահ Ալեքսեյ Միլլերը եւս երեկ մասնակցել է այդ միջոցառմանը: