Երեկ ԱԺ-ում քննարկվում էր «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու` կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կառավարությանն էլ հանրաքվե նախաձեռնելու իրավունք տալ:
Գործող օրենքով հանրաքվե կարող են նախաձեռնել միայն ԱԺ-ն ու նախագահը: Ի դեպ, ԱԺ-ն ու նախագահը կարող են հանրաքվե նախաձեռնել միայն Սահմանադրություն ընդունելու, սահմանադրական փոփոխություններ կատարելու եւ օրենքներ ընդունելու համար: Այս փոփոխությամբ առաջարկվում է հանրաքվեի միջոցով նաեւ բացահայտել «պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը»: Ընդ որում, այս փոփոխությունը նախատեսված է միայն կառավարության համար` նախագահն ու խորհրդարանն էլ հանրաքվեով հասարակության կարծիքը բացահայտելու իրավունք չեն ունենա: Նախագծի համաձայն՝ այդ գործառույթն էլ կլինի կառավարության մենաշնորհը: Եվ ահա կառավարությունն իր այս նախագիծն ԱԺ է ուղարկել հրատապ կարգով` 24 ժամվա ընթացքում երկրորդ ընթերցումով ընդունելու պայմանով: Իր առաջարկած փոփոխությունը կառավարությունը պայմանավորել է «պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտման, ինչպես նաեւ նման քաղաքական որոշումների ընդունմանը հասարակության մասնակցությունը ապահովելու, Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու պահանջով»: Սակայն կառավարության հապճեպությունն էլ ենթադրելու տեղիք է տալիս, թե այս փոփոխության պատճառը ղարաբաղյան հակամարտությունն է: Արդեն մի քանի ամիս է, ինչ աշխուժացել են ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններն ու քննարկումները: Տարբեր քաղաքական գործիչներ ու եվրոպական կառույցների ներկայացուցիչներ հայտարարում են հակամարտության` մի քանի ամսում լուծում ստանալու հավանականության մասին: Իսկ առաջարկված փոփոխությունների համաձայն, կառավարությունը կարող է հանրաքվե անցկացնել այս օրինագիծն ընդունելուց 40 օր հետո: Եթե ԱԺ այս քառօրյայի ընթացքում ընդունվի նախագիծը, ապա կառավարությունն իր առաջին հանրաքվեն կարող է նախաձեռնել 2009թ. հունվարի վերջից սկսած: Իսկ քաղաքական կուլիսներում համառ կարծիքներ են շրջանառվում, որ փետրվարին ԼՂՀ հակամարտությունը կարող է արդեն լուծման վերջնական փուլում լինել: «Ինչո՞ւ է կառավարությունն այս պահին առաջարկում այդ փոփոխությունը: Դա կապված է Արցախի՞ հիմնախնդրի հետ: Դուք ենթադրում եք՝ ապագայում կառավարությունը կներկայացնի՞ հասարակական կարծիքի ուսումնասիրության Արցախի ու Հայաստանի միացման վերաբերյալ հարցը»,- նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: «Ոչ միայն ես, այլեւ որեւէ այլ նախարար չի կարող դեպքերից այդքան շատ առաջ գնալ: Ուղղակի ձեզ տեսականորեն պարզաբանեմ, որ, իհարկե, ցանկացած հարց, այդ թվում՝ եւ՛ ներքին ու արտաքին քաղաքական հիմնարար հարցեր, եւ՛ կոնկրետ ձեր բարձրացրած հարցը կարող են դառնալ հասարակական հարցումների, հասարակական կարծիքի բացահայտման հարց»,- պատասխանեց Գ.Դանիելյանը:
«Այս փոփոխությունն ունի քաղաքական ենթատեքստ, որի նպատակը միգուցե ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված հարցով հանրության տեսակետն իմանալն է: Քանի որ այս օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը համարել է անհետաձգելի, ես կարծում եմ, որ թերեւս դա պայմանավորված է ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված հասարակական կարծիքը բացահայտելու հետ»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Իհարկե, առայժմ դժվար է հստակ կանխատեսել, թե ԼՂՀ խնդրի հետ կապված կոնկրետ ո՞ր դրույթի վերաբերյալ հասարակական կարծիքն են ցանկանում բացահայտել իշխանությունները: Հանրաքվեի կդրվի ազատագրված տարածքները վերադարձնելո՞ւ, ԼՂՀ կարգավիճակի՞, թե՞ այլ հարց` դժվար է ասել: «Հնարավոր համարո՞ւմ եք, որ հարցերը կարող են դրվել այնպես, որ հետագայում կառավարության կամ նախագահի կողմից ընդունվեն որոշումներ, որոնք ուղղակի մանիպուլյացիա լինեն մի հարցի` Աղդամը մեր հայրենի՞քն է»,- հարցրեց «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ի պատասխան, Գ. Դանիելյանն ասաց. «Ո՛չ»: Ս. Սաֆարյանի կարծիքով` այս օրինագիծը հակասահմանադրական է, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունը խորհրդատվական հանրաքվե չի նախատեսում: Եվ եթե կառավարությունն ուզում է նորամուծություն անել, նախ պետք է փոխի Սահմանադրությունը: Չի բացառվում, որ ԼՂՀ հարցի հետ կապված իշխանությունների վրա գործադրվող ճնշումներն այն աստիճանի են հասել, որ վերջին հույսը մնացել է «հասարակության կարծիքը»: Կամ հակառակը` «հասարակական կարծիք նկարելով», իշխանությունները գուցե կփորձեն «համերաշխության մթնոլորտ ձեւավորել» եւ որեւէ փաստաթուղթ ստորագրել: Իսկ խորհրդարանի դահլիճում կառավարության այս առաջարկության քննարկմանը մասնակցում էին ընդամենը 20-25 պատգամավոր:
Ավելացնենք նաեւ, որ Վ.Դալլաքյանը «Հանրաքվեի մասին» նախորդ օրենքի համահեղինակն է ու այս փոփոխության դեպքում էլ՝ մեկ այլ առաջարկություն ունի` հանրաքվե նախաձեռնելու իրավունք տալ նաեւ ժողովրդին: «ՀՀ Սահմանադրության համաձայն՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, նաեւ սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Եթե ժողովուրդն իր իշխանությունը հանրաքվեի միջոցով իրականացնում է, հետեւաբար տրամաբանական կլինի, որ այս օրենսդրական նախաձեռնության մեջ ունենար նաեւ պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվեի նախաձեռնություն»,- ասում է Վ.Դալլաքյանը:
Օրենսդրական փոփոխության համաձայն՝ կառավարությունը հանրաքվեի դրվող հարցը նախապես պետք է համաձայնեցնի ՀՀ նախագահի հետ: Դալլաքյանն առաջարկում է ընդհանրապես հանել այս կետը: «Սահմանադրության 86-րդ կետի համաձայն հանրապետության նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը 1 ամիս ժամկետով եւ դիմել Սահմանադրական դատարան՝ այդ որոշման հակասահմանադրականության հարցը վիճարկելու համար: Այսինքն՝ նախագահը կառավարության ցանկացած որոշման վրա կարող է վետո դնել: Այնպես որ, նախագահը ցանկացած որոշում կարող է կասեցնել, քանի որ այդ լիազորությունն ունի: Այդ նորմը պետք է հանել, որովհետեւ դա արդեն սահմանադրությամբ կա»,- ասում է Վ.Դալլաքյանը:
Այսօր ԱԺ-ում կշարունակվի «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկումը, որից հետո կդրվի քվեարկության ու, ամենայն հավանականությամբ, կընդունվի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: