Վարչապետին հավատալու արդյունքները

04/12/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ապրիլի կեսերին, երբ Տիգրան Սարգսյանը նոր էր նշանակվել ՀՀ վարչապետի պաշտոնում, հարցազրույց տվեց մեր թերթին։ Այն ժամանակ Տ. Սարգսյանը ոգեւորված էր, լավատես, ասում էր, որ եկել է փոփոխությունների ժամանակը։

Իսկ հարցին, թե ե՞րբ կզգանք այդ փոփոխությունների արդյունքները, նորանշանակ վարչապետը պատասխանել էր. «Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար այսօր, այսինքն` որ դուք ինձ հավատայիք։ Եթե դուք ինձ հավատաք, դա արդեն առաջին քայլն է, որ հասարակությունը կհավատա, որովհետեւ այդ ազդակը կհաղորդեք ձեր ընկերներին, կոլեկտիվին, նրանք էլ մամուլի միջոցով հանրությանը կասեն` եկել է փոփոխությունների ժամանակը»։

Այդ հարցազրույցից անցել է ավելի քան 7 ամիս։ Ինչ-որ բան փոխվե՞լ է դեպի լավը։ Ոմանց համար՝ այո, ոմանց համար` ոչ։ Ամեն ինչ հարաբերական է, կախված նրանից, թե ով ինչ սպասումներ ուներ, եւ ով ինչ է ցանկանում։ Օրինակ, վերջերս Հանրային հեռուստաընկերության պատվերով իրականացված «Baltic Survey-Gallup»-ի հարցման արդյունքներով, Հայաստանի բնակչության մեծ մասին անչափ դուր է գալիս ներկայիս վիճակը, եւ նման ձեւով շարունակվելու դեպքում պատրաստ են իրենց ձայնը տալ գործող իշխանություններին։ Գոհ են իրենց վիճակից, իշխանություններից, եւ կառավարության քայլերի մեջ առանձնացնում են… ՀԴՄ-ների տեղադրումը բոլոր առեւտրի վայրերում։ Ո՞վ կսպասեր… Թեեւ ամեն ինչն է հարաբերական, օրինակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած 35 միլիոն դոլարը։ Մի կողմից՝ կարելի է ոգեւորվել, որ անցյալ տարվա 15 միլիոնի համեմատ ավելի քան 2 անգամ շատ գումար է հավաքվել։ Մյուս կողմից, մի տեսակ ամոթի զգացում կա. անկախ նրանից՝ ի՜նչ շքեղ անուններ ենք դնում՝ այդ ամենը կարճ ասած մի բան է՝ փող խնդրել։ Իսկ խնդրելն ինքնին արդեն գլուխ գովելու բան չէ։ Կամ նայենք մեր տնտեսությանը։ Տարիներ շարունակ աճում է երկնիշ թվերով, բայց… աստիճանաբար վերածվում է ոչինչ չարտադրող, դրսի հաշվին դրսի ապրանքներ սպառող տնտեսության։ Կարելի է եւ՛ գլուխ գովել, եւ՛ քննադատել, նայած՝ ում ինչն է ձեռնտու։ Կամ` բանկային համակարգը։ Ասում են՝ լավն է, զարգացած է, բայց ինտեգրացված չէ համաշխարհային բանկային համակարգին։ Ու դրա շնորհիվ՝ չփլուզվեց միջազգային ֆինանսական ճգնաժամի արդյունքում՝ դառնալով «կայուն նավահանգիստ»՝ համաշխարհային ֆինանսների փոթորկոտ օվկիանոսում։

Հարաբերական էր նաեւ, երբ իշխանությունն ասում էր՝ ճգնաժամը մեզ վրա չի ազդի։ Ավելի ուշ՝ բյուջեն ԱԺ ներկայացնելու ժամանակ պարզվեց, որ հերոսաբար հաղթահարել ենք ճգնաժամի առաջին ալիքը, եւ, որ այժմ երկրորդ ալիքն է մեզ սպառնում, եւ, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ճգնաժամի հետեւանքներին դիմակայելու համար։ Ընդ որում, «չար լեզուներն» ասում են, որ այդ հետեւանքները բյուջեն կազմելիս հաշվի չեն առել։ Որովհետեւ… բյուջեն կազմելիս ճգնաժամը դեռ չէր սկսվել (կամ չէր ընկալվում)։ Եվ քանի որ չէր հասկացվի, եթե բյուջեն՝ եկող տարվա տնտեսական ծրագիրը, ոչ մի կապ չունենար ճգնաժամի հետ, որոշվեց այն, ինչ որոշվեց. Տ. Սարգսյանը բյուջեին կից մի ծավալուն ելույթ ունեցավ՝ ներկայացնելով ինչ-որ առումով հակաճգնաժամային ծրագիր։ Զարմանալին այն էր, որ քաղաքական շատ ուժեր լիովին անտեսեցին այս ամենը։ Ամենազարմանալին, թերեւս, Արտաշես Գեղամյանի լռությունն է, եթե նկատի ունենանք, որ նա դեռ տարիներ առաջ էր «Հակաճգնաժամային ծրագիր» առաջարկում։

Ինչեւէ, կառավարությունն ինչ-ինչ քայլեր մտածել է՝ ճգնաժամին դիմանալու համար։ Օրինակ՝ հարկային վարչարարության պարզեցում, տեղական արտադրողների խրախուսում, փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորում։ Եվ, ինչպես երեւաց, մանավանդ այս վերջին հարցում հույսը դրել են Համաշխարհային բանկից ակնկալվող վարկի վրա։ Սակայն մի բան կար, որի մասին բոլորը կարծես մոռացել են։ Այս տարվա հուլիսին նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով բազեականների առաջ, կոչ արեց հայ գործարարներին՝ ներդրումներ անել Հայաստանում, լծվել Հայրենիքի շենացման գործին։ Առաջինն արձագանքեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝ խոստանալով մոտ ապագայում շուրջ 200 միլիոն դոլարի ներդրումներ կատարել, եւս 50 միլիոն տրամադրել, իր իսկ ձեւակերպմամբ, որեւէ խորհրդանշական նախագծում։ Ս. Կարապետյանի օրինակին հետեւեցին մի շարք այլ գործարարներ։ Այդ օրերին, լրահոսին հետեւելով, անգամ մի տեսակ մտահոգություն էր առաջանում՝ ո՞նց պիտի «տեղավորենք» հարյուրավոր միլիոն դոլարները։ Սակայն գործարարների նշած «մոտ ապագան» դեռ չի նշմարվում։ Չի նշմարվում նաեւ այն փայլուն ապագան՝ ֆինանսական կենտրոնը, տուն ու մեքենա ձեռք բերելու հնարավորությունը եւ այլ բարիքները, որի մասին խոսում էին իշխանությունները։ Փոխարենը՝ այնպիսի տպավորություն է, որ մենք վարում ենք գոյատեւման քաղաքականություն։

Ու չնայած այս ամենին, բնակչությունը շարունակում է հավատալ իշխանություններին (ըստ հոդվածի սկզբում նշված հարցման արդյունքների)՝ մանավանդ վարչապետին։ «Որքա՞ն արդյունավետ կլինի վարչապետի գործունեությունը առաջիկա 3 տարիների ընթացքում» հարցին հարցվածների 24.1%-ը պատասխանել է՝ «շատ արդյունավետ», 65.7%-ը՝ «որոշ չափով արդյունավետ»։ Փաստորեն, «Gallup»-ն ու Հ1-ը մեզ հավատացնում են, որ բնակչության մոտ 90%-ը ընդհանուր առմամբ հավատում է վարչապետին։ Իսկ թե իրենք՝ հարցումն անցկացնողները, ինչո՞վ են վստահ, որ առաջիկա 3 տարիներին վարչապետ չի փոխվելու, մնում է հարցական։ Երեւի չեն հավատում, որ փոփոխությունների ժամանակը եկել է։