Երեկ ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել լսողության խանգարումներ ունեցող Երեւանի թիվ 9 դպրոցի երեխաների ծնողները: Թիվ 9 դպրոցի աշակերտներն այսօրվանից մեկ շաբաթ դասադուլ են հայտարարել: Ըստ ծնողների՝ խնդիրն այն է, որ լսողության խանգարումներ ունեցող թիվ 9 դպրոցն ուզում են միավորել համանուն թիվ 15 դպրոցին, իսկ ծնողները դեմ են: «Թիվ 9 դպրոցում ուսուցիչները զարգացնում են աշակերտների բանավոր խոսքը, իսկ թիվ 15 դպրոցում սովորեցնում են միայն ժեստերի լեզուն»,- «Panorama.am»-ին իրենց բողոքն այսպես են հիմնավորել ակցիայի մասնակից ծնողները: «Համայնք եւ իրավունք» ՀԿ նախագահ Սամվել Մկրտչյանը, ով հանդես է գալիս նրանց իրավունքների պաշտպանությամբ, հայտնել է, որ երեկ թիվ 9 դպրոցի ծնողների ստորագրությամբ նամակ է ուղարկվել ՀՀ նախագահին, որտեղ պահանջվել է չեղյալ համարել կառավարության համապատասխան որոշումը: Նշենք, որ թիվ 9 եւ թիվ 15 դպրոցները միավորելու` լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր ստեղծելու մասին կառավարության որոշումն ընդունվել է հոկտեմբերին: Նախատեսված է, որ նորաստեղծ կրթահամալիրում յուրաքանչյուր երեխա կուսուցանվի իր անհատական զարգացման ծրագրով: Հիմք կընդունվի 2 դպրոցներում կուտակված փորձը, մեթոդները ինչպես` բանավոր խոսքի զարգացման, այնպես էլ ժեստերի լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: