«Արվեստը մթերք չէ, որ պահանջարկ ունենա»

27/06/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Արիս Աժանդն ամերիկահայ պրոդյուսեր է, ով արդեն տասնհինգ տարի
զբաղվում է հայ արվեստագետներին Ամերիկայում ներկայացնելով։ Վերջերս նա
հազվադեպ է հայ երգիչների եւ խմբերի հյուրախաղեր կազմակերպում՝
գերադասելով գեղանկարչությամբ զբաղվել։ Լոս Անջելեսում բացված «Harvest
gallery» սրահում ցուցադրվում են հայաստանցի եւ նաեւ սփյուռքահայ
նկարիչների գործերը։ Ա. Աժանդը նկարներ ընտրելիս ուղղորդվում է իր
անձնական կարծիքով, քանի որ համարում է, որ «արվեստի հոտառություն»
սովորել չես կարող, պետք է մեջդ լինի։ Թեեւ իր ցուցասրահում կան նաեւ
հայտնի գեղանկարիչների՝ Հակոբ Հակոբյանի, Արտո Թոքմաջյանի աշխատանքները,
հիմնականում ցուցասրահը երիտասարդների համար է։

– Ժամանակակից արվեստն ենք ուզում ներկայացնել։ Ուզում ենք, որ վաճառքից
ստացված դրամը նկարչի գրպանը մտնի։ Եվ նաեւ հնարավորություն տրվի
ժամանակակից արվեստագետներին՝ Հայաստանից դուրս գալու ու ցուցադրվելու
համար։ Բարեբախտաբար Հայաստանում արվեստագետներ շատ կան, բայց դժբախտաբար
քիչ են յուրահատուկ արվեստագետները։ Մեծամասամբ իրար նման են, ունեն
նկարելու լավ արհեստ, բայց ինքնաոճ չեն։ Շատ բարդ է որոշել, թե ի՞նչ է լավ
նկարը: Նկարը, ի տարբերություն երգի, լեզու չի ճանաչում ու պետք չունի
թարգմանվելու: Գնորդը գնում է այն նկարը, որը ուրիշ տեղ չի տեսել եւ որը
իր սրտում յուրահատուկ զգացմունքներ է արթնացնում: Զգացմունքներ կարող է
արթնացնել ցանկացած ոճի նկար: Հայ նկարիչների հիմնական խնդիրն այն է, որ
բոլորը տարբեր ոճի մեջ են նկարում, այսինքն, նկարին նայելով չես կարող
հասկանալ, թե սա ով է նկարել: Օրինակ, Հակոբ Հակոբյանի նկարները մեկ
կիլոմետրից էլ տեսնես, կհասկանաս ով է նկարել: Նույնն էլ երգիչների մոտ է,
մի ձայներիզի մեջ տարբեր ոճի երգեր են հավաքում: Նկարիչների տեսակետը սա
է. ես կարող եմ ամեն ինչ էլ անել, բայց հետո՞ ինչ, ինչպե՞ս այդ նկարիչը
կկարողանա իր գնորդին գտնել:
– Նկարիչների հետ աշխատելն ավելի հե՞շտ է, քան երգիչների։
– Արվեստագետի հետ աշխատելն ընդհանրապես դժվար է։ Դժվար է, երբ պետք է
լինես արվեստագետի եւ գնորդի կամ ունկնդրի մեջտեղը։ Պետք է փող վերցնես ու
տաս երգչին կամ նկարչին։ Նախ՝ շատ դժվար է գնահատել արվեստը։ Ով ինչ արժի։
Դա, երեւի, ամենաբարդ հարցն է աշխարհի երեսին։ Արվեստի գնորդն ունի իր
պահանջները, արվեստագետը՝ իր։ Նկարիչը կարող է վատ նկար անել, երգիչը՝ վատ
երգել բեմից, բայց գնորդն ինձանից է որակ պահանջում, նա ինձ է տվել իր
փողը։ Այդ մեջտեղն ամենավատ տեղն է։ Ես հիմա երգարվեստով չեմ զբաղվում,
որովհետեւ չեմ տեսնում նոր, շատ հետաքրքիր ու թարմ բան։ Հայաստանի համարյա
թե բոլոր արվեստագետները նույն սինդրոմն ունեն. չեն հասկանում, որ եթե
նույնիսկ շատ տաղանդավոր են, միայն տաղանդը բավարար չէ։ Շատ ուրիշ բաներ
են պետք՝ ճիշտ ներկայանալ, հագնվել, վերջիվերջո, որոշել, թե ի՞նչ ես
ուզում, ի՞նչ պիտի անես, որ դա ստանաս։
– Պետք է անվերապահորեն վստահե՞լ պրոդյուսերին եւ ասել՝ արա ինչ ճի՞շտ ես համարում։
– Չմտածել, որ պրոդյուսերը կարող է իր փողերը գողանալ, այլ մտածել՝ գուցե
նա գիտի ինչպես անել։ Այն բանաձեւով, որով Հայաստանում են աշխատում,
դրսում աշխատել չի լինի։ Ես սովոր եմ ամերիկյան շուկային, աշխատել եմ
տարբեր ֆիրմաներում։ Այնտեղ լրիվ ուրիշ կանոններ են։ Արվեստը մթերք չի,
այսինքն, եթե երկու օր խանութներում ձմերուկ չեղավ, մարդիկ կսկսեն ձմերուկ
պահանջել, իսկ եթե վաղը կամ մյուս օրը նոր ձայներիզ կամ նոր նկար դուրս
չեկավ, ոչ ոք չի ասի՝ վայ, նոր երգ ու նկար չկա: Այսինքն, նոր երգիչ ոչ ոք
չի փնտրում: Պետք է արվեստագետին կարողանալ այնպես ներկայացնել, որ իրեն
ուզեն տեսնել՝ մինչ այդ չիմանալով, որ նա գոյություն ունի:
– Հայ երգիչների ու խմբերի հյուրախաղերի ժամանակ դահլիճը լցվում է
սփյուռքահայ հանդիսատեսով, իսկ ո՞վ կարող է հետաքրքիր լինել ոչ միայն
հայերի համար:

– Այստեղի երաժիշտը՝ աշխարհին հետաքրքիր լինելու համար, պիտի միայն ու
միայն մաքուր ժողովրդական երաժշտություն երգի: Այդպիսի փորձ եղել է:
Օրինակ, «Շողակն» խումբը Հայաստանից եկած միակ խումբն է, որը կարողացել է
12 համերգ ունենալ ամբողջ Ամերիկայի մեջ, եւ դահլիճում եթե եղել են հայեր,
ապա եղել են փոքրամասնություն: Կային քաղաքներ, որտեղ դահլիճում միայն
երկու-երեք հայ կար, մնացածը ամերիկացիներ էին: Այստեղ հաջող եւ սիրված
երգիչներ են համարվում Հայկոն, Արսեն Սաֆարյանը, էլի մի քանի երգիչ, բայց
իրենք երգում են ոչ հայկական երաժշտություն՝ հայկական բառերով: Դա
հայկական երաժշտություն չի: Նման երաժշտությունն Ամերիկայում ոչ մեկին
պետք չի, քանի որ ամերիկացիները կարող են դրա օրիգինալը լսել: Ես շատ եմ
աշխատել Երգի պետական թատրոնի հետ եւ կասեմ, որ ամենահաջող հյուրախաղերը
եղել են նրանք, որոնք ժողովրդական երգեր են ներկայացրել: Միջազգային
ասպարեզ դուրս գալ երգիչներով դժվար է, քանի որ լեզվի խնդիր կա, բայց
կարելի է դուրս գալ երաժշտությամբ: Եթե որեւէ կոմպոզիտոր լավ երգ գրի,
կարելի է անգլերեն, իտալերեն կամ իսպաներեն բառեր գրել եւ տալ, որ որեւէ
մի հայտնի երգիչ երգի: Երգի հեղինակին դա կարող է հարյուր հազար դոլար
բերել: Դա հնարավոր է:
– Իսկ Հայաստան ամերիկացի երաժիշտներ բերել չե՞ք փորձում:
– Ես մի քանի տարի առաջ բերեցի Հայաստան Հալաբինային, եւ այդ համերգները
շատ հաջողված էին: Բայց, գիտեք, ես չէի ուզենա այստեղ որեւէ խումբ բերել,
Հայաստանի փողերը վերցնել ու դնել ուրիշ մարդու գրպանի մեջ: Ես փորձում եմ
անել հակառակը՝ հայ երգիչներին աշխարհին ներկայացնելու գաղափար ունեմ, որ
մի շատ հայտնի անգլիացի երաժշտի հետ եմ ուզում իրականացնել, բայց դրա
մասին մանրամասներ ասել չեմ ուզում:
– Պրոդյուսերների կարիքը Հայաստանում մե՞ծ է:
– Պրոդյուսեր Հայաստանում ասում են այն մարդուն, ով երգիչով է զբաղվում:
Ամերիկայում դա շատ ավելի լայն իմաստ ունի, նախ՝ միաժամանակ մի քանի մարդ
է երգչով զբաղվում՝ մենեջերը, գործակալը, հասարակական իմիջի համար
պատասխանատուն, իսկ պրոդյուսերները երկուսն են՝ համերգային եւ ձայնագրման:
Լավ պրոդյուսերները միշտ էլ ավելի քիչ են, քան լավ երգիչները: Ամերիկայում
միլիոնավոր դերասաններ ու երգիչներ կան, իսկ լավ պրոդյուսերներին մատների
վրա կարելի է հաշվել: Իմացեք, որ ամեն մի ձեզ հայտնի երգչի ետեւում
մինիմում կան տասը ավելի տաղանդավոր երգիչներ, բայց իրենց ոչ ոք չի
ճանաչում եւ կարող է երբեք էլ չճանաչել: Դա ստատիստիկ տվյալներ են: Հիմա
փոփ, ռեփ երաժշտության դար է: Ջազը կամ դասական երաժշտությունը շատ քիչ
ունկնդիր ունեն: Ջազ երգիչները մոտավորապես տասը անգամ ավելի քիչ փող են
աշխատում, քան փոփ-երգիչները:
– Ինչպե՞ս կարող է երգիչը փող աշխատել, եթե ձայներիզները միանգամից կեղծվում են:
– Իմ թողարկած բոլորը ձայներիզները կոպիա են անում: Ուրիշ կերպ չի կարող
լինել: Եթե Ամերիկայում ձայներիզ կարող ես գնել տասը կամ տասնհինգ
դոլարով, նույնը Հայաստանում անել չես կարող: Եթե աշխատավարձը հիսուն
դոլար է, ինչպե՞ս գնես: Դա նույնն է, որ Ամերիկայում ձայներիզը 200
դոլարով վաճառես, պարզ է՝ չեն գնի: Քանի դեռ միջին աշխատավարձը այդքան
ցածր է, ձայներիզները կեղծելու են: Երբ երգիչները կեղծած ձայներիզներից
բողոքում են, ասում եմ՝ ուրախացեք, որ ձեզ լսում են, ուրեմն սիրված եք
դառնում: Եթե արվեստագետները մի քիչ ավելի խելոք մտածեն, կկարողանան իրենց
գինը բարձրացնել: Եթե ցանկացած գումարի համար պատրաստ են անել, ինչ որ
պետք է, նրանք չեն կարող գին պահել: Երբ երգիչն ամեն ինչ ճիշտ է անում, իր
գինն անընդհատ բարձրանում է: Շատերը մի ճյուղից մյուսն են թռչում, ով հինգ
դոլար ավելի է առաջարկում, նրա կողմն են անցնում: Հայաստանում շատ
տաղանդավոր մարդ կա: Շատերը նման են ադամանդի, բայց չեն փայլում: Ու
դժբախտաբար չեն էլ ուզում մշակվել, փայլեցվել: Ես դա սրտի ցավով եմ ասում,
քանի որ ուզում եմ, որ այս մարդիկ հաջողվեն: Աշխատել է պետք, այլ ոչ թե
երկու երգ երգել, մի քանի տեսաշար նկարել ու միանգամից «աստղ դառնալ»:
Տաղանդը հաջողության միայն տասը տոկոսն է, իսկ 90-ը՝ աշխատանք է: