Հայաստանում երկար ժամանակ բնակվող Ֆրանսիայի քաղաքացի Սիմոն Էլչյանն իր իրավունքները վերականգնելու համար հայտնվել է դատական քաշքշուկի մեջ: Պատճառը Երեւանի քաղաքապետարանի, մեղմ ասած` անփույթ գործունեությունն է:
Յուրաքանչյուր երկուշաբթի կազմակերպվող քաղաքապետարանի ճեպազրույցների ժամանակ քաղաքապետարանի պաշտոնյաները հայտարարում են, թե բավականին առաջընթաց է արձանագրվել քաղաքացի-քաղաքապետարան աշխատանքների հարցում: Եվ դա արվում է վերջերս ներդրված տեխնոլոգիայի` «Մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը ենթադրում է բնակիչ-քաղաքապետարանի պաշտոնյա կապի սերտացում: Մինչդեռ, բավական է ուսումնասիրել քաղաքապետարանի կողմից տրամադրված քաղաքացիների դիմումների պատասխանները` համոզվելու համար, որ Երեւանի քաղաքապետարանն իր որոշումները «դակում» է առանց «ծանր ու թեթեւ» անելու: Իսկ երբ քաղաքացին փորձում է վերականգնել իր իրավունքները` քաղաքապետարանից նրան ուղարկում են դատարան: 2002-ից Հայաստանում բնակվող Ֆրանսիայի քաղաքացի Ս. Էլչյանն ապրում է Թումանյան փ., 6 շենքի 51 բնակարանում: «Քանի որ հիվանդացել էի, մի քանի ամիս հորս տանն էի ապրում, Երեւանում չէի: Մարտ ամսին վերադարձա իմ տուն ու ականատես եղա, որ կողքիս հարեւանը տանիքի վրա շինարարություն է իրականացնում, որի մեջ ընդգրկել է նաեւ իմ բնակարանի տանիքի բնակմակերեսը: Այսինքն` ուզում է մանսարդային հարկ կառուցել թե՛ իր, թե՛ իմ բնակմակերեսի վրա»,- պատմում է Ս. Էլչյանը` հավելելով, որ այդ մասին իրեն տեղեկացրել է հարեւաններից մեկը, իսկ երբ վերադարձել ու տեսել է, թե ինչ է կատարվում այնտեղ, իր կարծիքի հետ որեւէ մեկն այլեւս հաշվի չի նստել: Ս. Էլչյանի դժգոհություններին ի պատասխան` հարեւանուհի, թիվ 51 բնակարանի բնակչուհի Քնարիկ Հարությունյանն ասել է, թե մանսարդային հարկը կառուցվում է օրինական կերպով, հետեւաբար իրենց ձեռքի տակ է գտնվում Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությունը: Ս. Էլչյանը վստահեցնում է, որ իսկապես քաղաքապետարանը տվել է մի նախագիծ, ըստ որի` կցակառույցն իրականացնելու համար ընդգրկված է նաեւ իր 1 սենյականոց բնակարանի տանիքի մակերեսը: «Աբսուրդն այն է, որ թույլտվություն են տալիս առանց իմ կարծիքը հարցնելու: Չէ՞ որ կարող է ես էլ եմ ցանկանում իմ բնակարանի մակերեսով մանսարդային հարկ կառուցել, խախտում են իմ տարրական իրավունքներն ու առանց խղճի խայթի՝ ուղղորդում են դատարան»,- դժգոհում է նա: Մեր ձեռքի տակ են գտնվում Ս. Էլչյանի բազմաթիվ դիմում-բողոքներն՝ ուղղված Երեւանի քաղաքապետարանին, որոնցով նա խնդրում է չեղյալ համարել իր բնակարանի մասում Ք. Հարությունյանի կողմից մանսարդային հարկ կառուցելու հաստատված նախագիծը: Ս. Էլչյանը քաղաքապետ Երվանդ Զախարյանին ուղղված դիմումում մատնանշել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքը, ըստ որի` շինարարության թույլտվությունը եւ աշխատանքային նախագիծը հանդիսանում են ոչ իրավաչափ, քանզի տրվել են առանց իր համաձայնության, եւ հարեւանուհու կողմից բռնազավթվել է իր տանիքը: Քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա. Լալայանցի պատասխանը բավականին հակասական է: Մի դեպքում նա հայտնում է, որ` «Մանսարդային հարկի իրականացման համար հ. 50 բնակարանի վրա թույլատրվել է ձեղնահարկի վերակառուցումն իր բնակարանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով նշված տարածքի սահմաններում` իր հատակագծային չափերի մեջ», իսկ մյուս դեպքում էլ նշում է, որ «Քաղաքաշինական եւ ճարտարապետական առումով նախագծով մանսարդային հարկի ճակատային լուծումները մշակվել են շենքի ամբողջ երկայնքով` դիտելով այն որպես միասնական ծավալ, որով ընդգրկվել է` Ձեր հ. 51 բնակարանի հատվածը»: Այսուհանդերձ. Ս. Էլչյանը չի դադարել քաղաքապետարանի որոշումները վիճարկելուց եւ կրկին դիմել է քաղաքապետ Ե. Զախարյանին: Բյուրոկրատական երկարատեւ քաշքշուկից հետո Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Խուրշուդյանը թիվ 51 բնակարանի սեփականատեր Ք. Հարությունյանին հանձնարարել է հետեւյալը. «Քաղաքաշինական տեսակետից աշխատանքային նախագծում նախատեսվել է միասնական ճարտարապետական լուծումով` Ձեր բնակարանի տանիքի վերակառուցման աշխատանքները թույլատրվել է իրականացնել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով տրված սահմաններում` մանսարդային հարկի իրականացման համար` բացառելով հ.51 բնակարանի հատվածը: Հարցի հստակեցման համար անհրաժեշտ է սեղմ ժամկետում (10 օրվա ընթացքում) վարչություն ներկայացնել Ձեր բնակարանի վրա տանիքի վերակառուցման համաձայնեցված աշխատանքային նախագիծը` մանսարդային հարկի իրականացման մասով վերանայելու համար»: Այնուհետեւ նշվում է, որ նախագիծը քննարկելու եւ վերահաստատելու համար նշված ժամկետում չներկայացնելու պարագայում ճարտարապետահատակագծային առաջադրանքը, աշխատանքային նախագիծը եւ շին. թույլտվությունը չեղյալ կհամարվի: Մինչդեռ 2007 թվականից սկսված այս վեճը մինչ օրս լուծում չի ստացել այն պարզ պատճառով, որ թիվ 50 բնակարանի բնակիչ Ք. Հարությունյանը նպատակահարմար չի գտնում քաղաքապետարան այցելելն ու նախագիծը քննարկելը: Մեր ձեռքի տակ են գտնվում քաղաքապետարանի կողմից ուղարկված նախազգուշական մի քանի նամակներ, որով Ք. Հարությունյանին հորդորում են ներկայանալ քաղաքապետարան: Ուշագրավն այն է, սակայն, որ այս ամենից հետո էլ քաղաքապետարանն այնքան անզոր է իր իսկ կայացրած որոշման դեմ, որ Ս. Էլչյանին հորդորում է դիմել դատարան: «Ես ստիպված դիմեցի Վարչական դատարան, որովհետեւ այլ ելք չկա: Մի դեպքում նրանք թույլ են տվել կառուցել, իսկ մյուս դեպքում` կանչում են նախագիծը քննարկելու, բայց նա հրաժարվում է ներկայանալ: Այսինքն` իրենց սխալի պատճառով ես հիմա ավելորդ դատական քաշքշուկի մեջ եմ հայտնվել»,- ասում է Ս. Էլչյանը, ով Վարչական դատարանում վիճարկում է քաղաքապետարանի պաշտոնատար անձի անգործությունը եւ տանիքը մանսարդային հարկի վերակառուցելու նպատակով շինարարության թույլտվությունը չեղյալ համարելու հայցը: