– Տիկի՛ն Թոփչյան, վերջերս Երեւանում տեղի ունեցավ Ձեր «Հայելի» գրքի շնորհանդեսը: Կա կարծիք, որ կին գրողը հազվադեպ է ստեղծում արժեքավոր, լուրջ գործեր, քանի որ կինն իր բնույթով նախեւառաջ ցանկանում է տպավորություն թողնել: Օրինակ, Աննա Ախմատովան, Ցվետաեւան տաղանդավոր են, քանի որ գրում են առանց սեթեւեթանքների, առանց հաշվի առնելու թողած տպավորությունը, քանի որ ունեն ասելիք, անցել են տառապանքներով ու լուրջ եզրակացություններով հարուստ կյանք:
– Դուք Ձեր հարցին ինքներդ պատասխանեցիք. սեթեւեթում է նա, ով ասելիք չունի: Բացի այդ, սեթեւեթում են նաեւ տղամարդիկ, այնպես որ` սեռը նշանակություն չունի: Համաշխարհային գրականության մեջ բազմաթիվ կին գրողներ կան, ովքեր մեծ արժեքներ են ստեղծել, իսկ այսօր «տղամարդ» գրողներ ունենք, որ ավելի լավ կլիներ չգրեին եւ ուրիշ` հանրօգուտ աշխատանքով զբաղվեին: Իմ առաջին գրքի մասին շատ լուրջ կարծիքներ տպվեցին մամուլում, եւ գրողներն, ի դեպ, տղամարդիկ էին: Այնպես որ` հեռու մնանք քաղքենիական այդ «դատողություններից» եւ գրական ամեն մի գործ գնահատենք ըստ էության` անկախ հեղինակի սեռից:
– Գուցե դատողություններն իրո՛ք քաղքենիական լինեին, եթե պատմությանը հայտնի լինեին Դոստոեւսկու, Հեմինգուեյի կամ այլ գրողների կարգի կին գրողներ: Ինչեւէ, ամեն դեպքում, գոնե կին ընթերցողի համար ակնհայտ է, որ «Հայելի» ժողովածուի հեղինակը կին է: Գրքում կա մի գործ «Տղամարդն ընդամենը մարդ է, իսկ կինը…» վերնագրով: Ֆանտասմագորիան եւ քրիստոնեությունը մի տեսակ շաղախված են եւ, գուցե սուբյեկտիվ եմ, իրարամերժ: Կինն ու տղամարդը սիրում են միմյանց: Նրանց սիրուց ծնվում է մի հիվանդ փոքրիկ, որին, չգիտես ինչու, նրանք հրեշ են համարում: Այդ փոքրիկը ստիպում է նրանց մեղադրել միմյանց, հետո բաժանվել: Եվ կինը դիմում է հոգեբանին եւ ողջ ստեղծագործության ընթացքում սկսում քննել իր սերն ամուսնու հանդեպ: Թեեւ ստեղծագործության ընթացքում Աստվածաշնչից տողեր կան, խոսվում է Սիրո մասին, սակայն, ամեն դեպքում, որեւէ տեղ երեխան, այսինքն` իրական սիրո կարիք ունեցող այդ մարդուկն, այդպես էլ չի երեւում:
– Նա չի էլ կարող երեւալ: Հիվանդ երեխան այլեւս անելիք չունի, հասարակական ֆունկցիա չունի այս աշխարհում, նա բույս է… Եվ, այնուհանդերձ, ծնողները սիրում են նրան, հիշեք եկեղեցու տեսարանը, ուր կատաղի պայքար են մղում երեխայի համար: Աստված զրկել է նրան լիարժեք մարդ լինելու հնարավորությունից: Անշուշտ, դա թունավորում է ծնողների կյանքը: Դժբախտություն է նման երեխա ունենալը, եւ քանի որ հերոսները տաղանդավոր մարդիկ են, չափազանց զգայուն եւ ինչ-որ առումով` կոտրված հոգիներով, ապա ամեն ինչ շատ սուր են ընդունում, իրենց երեխայի հիվանդությունն ընկալում են որպես իրենց սիրո պրոյեկցիա: Եթե իրենց սիրո պտուղն այդ հրեշն է, ուրեմն կասկածելի է այդ սերը, այն նույնպես հրեշավոր է… Եվ նրանց կյանքը դառնում է ողբերգություն, մտատանջությունների մի անվերջանալի մղձավանջ: Նրանք չեն հասկանում, թե ինչո՞ւ այդպես ստացվեց, ի՞նչ մեղք են գործել եւ ինչո՞ւ են հիմա պատժվում: Գուցե անցյալում կատարված սեփական մեղքերի, կամ ուրիշների մեղքերի համար, այսինքն` ուրիշի մեղքերն են քավում… Ի դեպ, ինչ վերաբերում է ֆանտասմագորիային, ապա իմ գրքում այն իսկապես առկա է, բայց ոչ այդ գործում: Այդ գործը խիստ ռեալիստական է, եթե կուզեք` հոգեվերլուծություն է, իսկ դրանից ավելի առարկայական բան կա՞:
– Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ նախեւառաջ առողջ չէին տղամարդն ու կինը, եւ գուցե ավելի անառողջ, քան նրանց երեխան: Եվ հիվանդ մարդիկ, առհասարակ, ունեն անչափ կարեւոր ֆունկցիա. նրանք առողջացնում են բոլոր նրանց, ովքեր առնչվում են իրենց հետ:
– Կարելի է նաեւ այդ ասպեկտը դիտարկել, բայց ես ուրիշ, ավելի կարեւոր ասելիք ունեի. թե ինչպես նախկինում գործված մեղքերի համար պատասխան են տալիս հետագա սերունդները, մանավանդ, երբ դրանց ավելանում են սեփական մեղքերը: Ինչ վերաբերում է նրանց սիրո գնահատականին, ապա համաձայն չեմ: Նրանց սերն առողջ էր ու մաքուր, ավելին` հանուն վսեմ գաղափարների նրանք դեմ էին գնում հասարակության մի շարք պայմանականություններին եւ արգելքներին: Նրանք այլախոհներ էին, մարդիկ, որոնց համար սկզբունքն ու գաղափարը վեր էր անձնական բարեկեցությունից: Բացի այդ, կրկնում եմ, իմ հերոսները տաղանդավոր եւ զգայուն մարդիկ են, եւ նրանց հոգիներն արդեն բզկտված են: Չէ՞ որ ես հոգեբանորեն ամեն ինչ պատճառաբանում եմ: Ինչ վերաբերում է «առողջացնելուն», ապա իմ տեքստում դա չի կարող տեղի ունենալ, քանի որ երեխան նախկինում գործված մեղքերի արտահայտությունն է: Հիվանդ երեխան տվյալ դեպքում նախկին եւ ներկա մեղքերի խորհրդանիշն է, որ յուրատեսակ վերջակետ է դնում նրանց հարաբերություններին, նրանով ավարտվում է Չարիքը:
– Ձեր գործերից ենթադրելի է, որ քրիստոնեությունը Ձեր գրականության կամ Ձեր անձնական կյանքում գուցե ոչ այնքան մեծ, սակայն որոշակի դեր խաղում է:
– Քրիստոնեությունն ինձ համար նախեւառաջ մարդկային բարձրագույն արժեք է` բոլոր առումներով: Քրիստոնեությունը ձեւավորել է մեզ՝ որպես մարդ, անհատ, անձնավորություն: Եթե մարդ ես, ապրում ես հայկական, եվրոպական միջավայրում, հաղորդակցվում արվեստի, գրականության, փիլիսոփայության մեծ արժեքներին, ապա կամա թե ակամա համակվում ես քրիստոնեական գաղափարախոսությամբ: Իսկ հավա՞տը… Դա զուտ անձնական խնդիր է: Ի դեպ, ես միշտ կասկածով եմ նայում այն մարդկանց, ովքեր բարձրաձայն սիրում են խոսել այդ մասին: Հարաբերությունն Աստծո հետ գաղտնախորհուրդ մի բան է, թաքուն, չափազանց մտերմիկ, երբեմն անորսալի…
– Այդ դեպքում անցնենք աշխարհիկ թեմաներին: Տարվա հիմնական մասն անց եք կացնում Հայաստանից դուրս, սակայն, ենթադրում եմ, հետեւում եք հայաստանյան իրադարձություններին: Ի՞նչ եզրակացություններ եք արել:
– Որ դրսի ուժերը շատ են խառնվում մեր ներքին գործերին, ապակայունացնում իրավիճակը, որպեսզի այս կառուցվող նորմալ երկիրն ինչ-որ չափով թուլացնեն, եւ ինչ-որ ուժերի դա ձեռնտու է: Ժողովուրդը չպետք է հավատա այդ սադրանքներին եւ չպետք է գնա ամեն մեկի հետեւից:
– Եթե երկրում ամեն ինչ լիներ այնպես, որ ընդդիմության կարիքը չլիներ, թերեւս Դուք էլ Հայաստանում կլինեիք, կխաղայիք եւ կստեղծագործեիք այստեղ:
– Ընդդիմություն չկա միայն դրախտում: Արվեստագետն, առհասարակ, պիտի ընդդիմություն լինի, կառուցողական ընդդիմություն, եւ ոչ թե թագավորի ծառա: Նա պետք է տեսնի, ասի ճշմարտությունը եւ իր ետեւից տանի մարդկանց: Բայց այսօր այնքան բարդ է, որ ես ինձ համար դեռ չեմ պարզել` ո՞վ է մեղավոր, ո՞վ` ոչ, համենայնդեպս ես առողջ բանականության եւ արդարության կողմնակից եմ: Եվ Ղարաբաղից ոչ մի դեպքում ոչ մի հող չպետք է վերադարձվի:
– Այսինքն` ազատագրված տարածքները վերադարձնելուն դե՞մ եք:
– Այո, ես նման բան չէի անի:
– Թատրոնի դերը Հին Հունաստանից, Շեքսպիրից, Մոլիերից մինչ մեր օրերը՝ ճշմարտությունը բեմից ասելն է: Ունե՞նք մենք այսօր նման թատրոն:
– Ոչ, չունենք: Այդ պատճառով էլ իմ մեկ դերասանի թատրոնն եմ ստեղծել, որ ի՛մ ասելիքն ասեմ, ի՛մ ճշմարտությունը:
– Այդուհանդերձ, թատրոնում այսօր թերեւս մեկ-երկու դերասան կա, ում խաղը դիտելու համար արժե թատրոն գնալ:
– Ինձ շատերն են ասել, որ ներկայացումներից հանդիսատեսը դուրս է գալիս: Այո, եթե բեմում հետաքրքիր մարդ, անհատականություն չկա, այդ թատրոնն արդեն հետաքրքիր չէ: Հատկապես դժվար է այդ առումով մեկ դերասանի թատրոնը: Պետք է քո անհատականության եւ տաղանդի ուժով մեկ ժամ հանդիսատես պահես: Վերջերս սկսեցի մի երեկոյի ընթացքում երկու տարբեր ներկայացումներ խաղալ, փոքրիկ ընդմիջումով, այսինքն` երկու ժամ: Եթե թատրոնի պատմության մեջ ուրիշ նման դեպք հիշեք, շատ կզարմանամ: Ի դեպ, ինձ գալիս էին հատուկ նայելու, եւ ոչ միայն Երեւանում: Երբ խաղում էի Քյոլնում, օրինակ, եկել էին տեսնելու Գերմանիայի տարբեր քաղաքներից. Բոխումից, Ֆրանկֆուրտից, եւ նույնիսկ մի ամբողջ ընտանիք Բեռլինից էր եկել ինքնաթիռով: Եկել էին նաեւ իմ երկրպագուները Վիեննայից: Պատկերացնո՞ւմ եք` որքան շոյված էի, երբ իմացա այդ մասին: Քանի որ այժմ էլեկտրոնային գովազդն է գործում, ապա ամեն տեղ լուրը հասնում է ժամանակին: Մարդիկ կարոտել էին… Բայց միայն անհատականությունը քիչ է, նախեւառաջ մթնոլորտ է պետք թատրոնում:
– Ինչո՞ւ Հայաստանից դուրս, մասնավորապես՝ Ռուսաստանում, կան հարյուրավոր առաջատար դերասաններ, իսկ մեզ մոտ` ոչ:
– Դրսում մշակութային մթնոլորտն ուրիշ է: Միշտ էլ մեզնից բարձր են եղել` բոլոր ասպարեզներում: Այնտեղ ավանդներ կան, հատուկ վերաբերմունք կա ստեղծագործող անհատի հանդեպ: Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, ուրույն մտածողություն ունեցողների կյանքն ուտում են: Մեզանում ատելություն կա այդպիսի մարդկանց հանդեպ: Պետք է լինես ստրուկ, պետք է ենթարկվես: Ես այդպես չեմ կարող եւ, թերեւս, դա էր պատճառը, որ հեռացա թատրոնից:
– Դուք հեռացաք, սակայն մեր դերասաններից շատերը չունեն հեռանալու հնարավորություն կամ չեն ցանկանում անել դա: Եվ նրանցից շատերը, գուցե ստիպված են, սակայն ընդգրկվել են սերիալներում՝ Ազատ Գասպարյան, Ալլա Թումանյան, Հարություն Մովսիսյան, մյուսները: Դիտե՞լ ենք նրանց աշխատանքը:
– Շատ քիչ, թռուցիկ: 5-6 րոպե: Եթե ընտրության հնարավորություն ունենային, ավելի հետաքրքիր առաջարկներ ստանային, կարծում եմ՝ այդ սերիալներում չէին նկարահանվի: Ես անձամբ իմ առջեւ նշաձող եմ դրել, որից երբեք չեմ իջնի:
– Ասացիք, որ բավական դրական, հաճելի արձագանքներ եք լսում Ձեր մասին՝ թե՛ որպես գրողի, թե՛ որպես դերասանի: Իսկ քննադատություն Ձեր հասցեին լսե՞լ եք: Քննադատություն, որը կարող է թույլ տալ շտկել ինչ-ինչ բացթողումներ, օգնել կատարելագործվել:
– Կուզեի խելքը գլխին մի քննադատություն լսել, սակայն այդպիսին չեմ լսում: Այդ քննադատությունը բավական տարօրինակ է եւ գալիս է ոչ թե վերլուծության կամ պրոֆեսիոնալ գիտելիքներից, այլ… նախանձից, փոքրոգությունից, տգիտությունից: Հիմար-հիմար ռեպլիկներ են, իբր` ես չեմ գրել եւ նման հիմարություններ:
– Ակնարկում են, թե Ձեր ամուսի՞նն է Ձեր գործերի հեղինակը:
– Դրանք մարդիկ են, ովքեր ընթերցել չգիտեն եւ չեն զանազանում կնոջ եւ տղամարդու գրելաոճը: Իմ ամուսնու հոդվածներն էլ վերագրում էին նրա հորը, նրա հոր գրվածքներն էլ՝ երեւի պապին, եւ այդպես շարունակ:
– Գուցե սուբյեկտիվ եմ, սակայն տպավորությունը Ձեր դերերից, գրքերից այն է, որ Դուք դերասան, գրող լինելուց առաջ կին եք:
– Եթե ասո՜ւմ եք… Դա նորմալ բան է: Ձեզ զարմացնո՞ւմ է:
– Չի զարմացնում, սակայն հաստատում է այն միտքը, որ գրող, արվեստագետ կանայք հատկապես զգայուն են իրենց թողած տպավորության վրա: Արտաքին իմիջը, այն ուշադրությունը, որ վստահաբար Ձեզ շռայլել են շրջապատող տղամարդիկ, Ձեզ գուցե չափազանց ինքնավստահ են դարձրել:
– Չէի ասի: Ես շատ եմ աշխատել, իմ ճանապարհն արվեստում բավական բարդ է եղել, ես այդ մասին մի օր գիրք կգրեմ, միշտ կռիվ եմ տվել` պաշտպանելու իմ անհատականությունը: Միշտ փորձել են ինձ կոտրել, բայց ես դիմադրել եմ, եւ գուցե դրանում է իմ ուժն ու հմայքը: Կարեւոր է նաեւ ամուսնուս գործոնը: Ես հենց դրա համար նրան ընտրեցի. շատ երկրպագուներ ունեի, բայց հասկացա, որ այս տղան ոչ միայն չի խանգարի ինձ աճելու, այլեւ խթան կդառնա: Այդպես էլ եղավ: Երբ ընդամենը 23 տարեկան էի, նա ֆրանսերենից թարգմանեց Կոկտոյի «Ձայն մարդկային» մոնոդրաման եւ ասաց` եթե սա խաղաս, քեզ կհամարեմ դերասանուհի, եթե ոչ` ինձ համար գոյություն չունես: Այսինքն` խաղաց իմ ինքնասիրության հետ, բարդ ստեղծագործական խնդիր դրեց իմ առջեւ: Ես ընդունեցի մարտահրավերը եւ հաղթեցի: Ձեր ասած «արտաքին իմիջը» ես միշտ լրացրել եմ իմ ներքին իմիջով, ինչն արդյունքում ստեղծել է Անահիտ Թոփչյան իմիջը: Ամենօրյա աշխատանքով:
– Ստեղծագործող, մտածող կնոջ համար լավ է ունենալ գրագետ ամուսին, ով քեզ օգնում է…
– Անկասկած: Սակայն, ես կասեի՝ «ով քեզ հասկանում է»: Նախեւառաջ` դա: Հասկանալն անչափ կարեւոր է: Շատ հարցերում մենք համախոհներ ենք: Դա արդեն մեծ օգնություն է: Սակայն նա այնքան զբաղված է իր գործերով, որ ինձ համար ժամանակ չի մնում: Դեռ մի բան էլ ես եմ նրան օգնում: Օրինակ, նրա բոլոր գրական գործերն առաջինը ես եմ կարդում, խմբագրում… Նա իմ կարծիքը շատ է գնահատում: «Եվ անգամ մահից հետո…» վեպը 1000 էջ էր, ես այն խմբագրել եմ եւ մոտ 400-ը կրճատել: Ի՜նչ վեճեր էինք ունենում, չեք կարող պատկերացնել… Սակայն իմ անունն իր ոչ մի գրքի վրա չեք գտնի: Ես դա անում եմ որպես հոգու պարտք, եւ հաճույքով: Դուք ինձ լավ չեք ճանաչում. ես բավական ինքնուրույն մարդ եմ: Անշուշտ, լավ է ունենալ գրագետ ամուսին, սակայն լավ է նաեւ ունենալ գրագետ կին, չե՞ք կարծում:
– Խելացի տղամարդու համար դա արդեն երջանկություն է: Ամուսնուց զատ` ընտանիքում կան երեխաներ, ովքեր ունեն ուշադրության մեծ կարիք եւ մայրերից խլում են շատ ժամանակ: Եթե չեմ սխալվում, ունեք դուստր:
– Այո, նա արդեն իր սեփական կյանքն ունի: Երբ փոքր էր, շատ դժվար էր, եթե մայրս չօգներ, ոչինչ չէի հասցնի: Հետաքրքիր է, որ այժմ նա չափազանց ուշադիր է տատիկի հանդեպ, շատ է նրան օգնում: Դա ինձ անչափ ուրախացնում է:
– Ձեր ստեղծագործություններում կան դրվագներ, որոնք Ձեզ շատ բնորոշ են:
– Հնարավոր է, եւ դա նորմալ է: Հեղինակը ներկա է տեսանելի եւ ավելի հաճախ անտեսանելի կերպով իր բոլոր գործերում: Երբեմն ընթերցողը նույնիսկ շփոթում է պերսոնաժին հեղինակի հետ: Բայց աղաչում եմ, պետք չէ խառնել: Եթե ես այդ բոլորն եմ, ապա ո՞վ եմ ես:
– Սակայն ոչ մեկին չեք համոզի, որ Դուք նման չեք Ձեր հերոսուհիներից նրան, ում գեղեցկությամբ բոլորը հիանում էին, եւ հանկարծ հայտնվում է մեկը, ով հանդգնում է ուշադրություն չդարձնել նրա վրա` զայրացնելով հերոսուհուն:
– Զարմացնելով, ոչ թե զայրացնելով: Հեղինակն էլ, այսինքն` ես, եզրակացնում է բավական թեթեւ հումորով. «Զարմանալի է կնոջ սիրտը»: Նման բան գուցե ես զգացել եմ, բայց դա հատուկ է թերեւս բոլոր կանանց: Դա հոգեբանական վերլուծություն է: Առհասարակ, հոգու հետ պետք է շատ զգույշ լինել՝ թե՛ քո, թե՛ ուրիշի: Երբ հոգուն մոտենում ես առանց սիրո` դա սպանություն է, երբ մարմնին ես մոտենում առանց սիրո` դա նույնպես սպանություն է: Ուրեմն` առանց սիրո այս կյանքում ոչինչ անել չի կարելի` ո՛չ գրել, ո՛չ կարդալ, ո՛չ անգամ սիրել: