«Օպերային ծեսը ռեստորաններ է տեղափոխվել»

04/12/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Օպերային մեներգիչ, հանրահայտ «բաս» Բարսեղ Թումանյանը Հայաստանում քիչ է լինում, քանի որ նրա անձնական աշխատանքային խիտ գրաֆիկն ու հայրենիքում օպերային բեմադրությունների պակասն անիմաստ են դարձնում նրա մասնագիտական ներկայությունը Հայաստանում: Որպես «բեմական ձայն»՝ նա այստեղ անելիք չունի: Իսկ որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը շատ բան ունի ասելու: Ներկայանալի արտաքին ու հպարտ կեցվածք ունեցող 50-ամյա արտիստը շատ կտրուկ է արտահայտվում այն իրավիճակի մասին, որին մենք աննկատելիորեն ընտելացել ենք` դուրս մղելով մեր մտքերից արվեստի ներգործությունը: Բարկության ու միաժամանակ հիասթափության հնչերանգները Բարսեղ Թումանյանն ի մի է բերում` ասելով, որ հիմա ոչ թե ահազանգելու, այլ` արտակարգ միջոցներ կիրառելու ժամանակն է:

– Որոշ ժամանակ առաջ ես ավելի հանգիստ էի, մտածում էի, որ ամեն բան բնական է զարգանում, ու ինչ էլ որ լինի, մեր տաղանդավոր ազգն անպայման ինքն իրեն «կմաքրի»։ Չէ՞ որ յուրաքանչյուր օրգանիզմ ինքն իրեն բուժում, մաքրում, տեղն է գցում, հավասարակշռում է։ Նույնիսկ, եթե մենք դա չենք գիտակցում, ենթագիտակցաբար սպասում ենք, որ բնական պայքարի միջոցով է մեր օրգանիզմը բուժվելու։ Բայց հիմա մի սարսափելի բան է տեղի ունենում. նույնիսկ այդ բնության օրենքը չի աշխատում։ Չգիտես՝ ինչո՞ւ, ինքներս մեզ հարց ենք տալիս՝ մեզ պե՞տք է արվեստը, թե՞ պետք չէ։ Բնականաբար՝ պետք է։ Բոլորս էլ գիտենք, որ աշխարհի բոլոր արհավիրքները տգիտությունից են ծնվում։ Հայաստանը հիմա դարձել է ժամանցային պետություն։ Այո, եկեք ընդունենք, որ երբեմն այդպես էլ է լինում, ու լուրջ արվեստը ստիպված է լինում բնական պայքարի մեջ մտնել «ռաբիսի» հետ։ Բայց հիմա այդ «ռաբիսն» այնքան է շատացել ու ուժեղացել, որ մոլախոտի նման խեղդում է ամեն ինչ։ Հավատացեք, արդեն ուղղակի անհնար է որեւէ բան փոխել, արդեն ամեն բան մոլախոտերի ձեռքում է։ Մենք նույնիսկ չենք էլ հասկանում, թե որքան վտանգավոր է «ռաբիսը»։ Դա կարծես հատուկ ծառայությունների կողմից մշակած մի ծրագիր լինի, որը մեզ մոտ է ուղարկվել՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայ ազգը։

– Իսկ ինչո՞վ է վտանգավոր «ռաբիսը»:

– Վտանգավոր է նրանով, որ երբ սկսում ես գովերգել մարդու թուլությունները՝ դրանով իսկ նրան ոչնչացնում ես, դարձնում ես կենդանի։

– Ո՞ր թուլությունների մասին է խոսքը։

– Դրանք հարուստ լինելու, անձնական կրքերին կարեւոր տեղ տալու ու էլի շատ եւ շատ թերի մղումներն են։ Երբ մարդուն ասում ես՝ մի՛ զրկիր քեզ հաճույքներից, դու նրան վերացնում ես։ Հերիք է մարդը մի քանի անգամ ասի, որ ինքը գեղեցիկ է, սեքսուալ է, կամ` սկսես գովերգել նրա հեշտությամբ ստեղծված տգեղ արվեստը, վերջ՝ դու նրան արդեն այդ կետում հիմնավորեցիր։ Եվ այդ հիմնավորումը շատ հեշտ ու թեթեւ է տեղի ունենում, քանի որ հայտնվում են մարդիկ, որոնք գովերգում են մարդու կենդանական ձգտումները։ Իսկ հիմա փառաբանվում են միայն տգետ, «անասուն» գովերգությունները։ Ոչ ոք հիմա չի ուզում աստրոֆիզիկոս կամ գիտնական դառնալ, բոլորը ձգտում են կիսագողական մի էակ դառնալ։ Գո՞ղ ես ուզում դառնալ։ Արի ցույց տանք, որ ավելի լավ է ոչ թե գող դառնալ ու բանկ թալանել, այլ՝ բանկիր դառնալ ու այդպես հարստանալ։ Այսինքն` կարեւոր է մոտեցման խնդիրը։ Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպիսի խնդիր է դրված, եւ այս խնդիրն ունենալով, զուր եմ համարում խոսել արվեստի մասին։ Ոչ մի արդարացում լինել չի կարող, եւ ինչ բացատրություն էլ որ բերեն, դա կլինի սոսկ տգետ մարդու բացատրություն։

– Ստացվում է, որ զուր է նաեւ Օպերային թատրոնի մասին խոսել, քանի որ այն հիմնովին քայքայվել է:

– Օպերան կարող է լինել միայն պալատական կամ խոշոր պետությունների արվեստի տեսակ։ Այն շատ թանկ ինտելեկտուալ հաճույք է։ Օպերան ժամանակին նույն դերն է խաղացել, որը հիմա խաղում է կինոն։ Այն պատմություններ է պատմել՝ օգտագործելով երաժշտությունը, գրականությունը, թատրոնը, նկարչությունը, այսինքն՝ բոլոր բազմատեսակ արվեստները։ Օպերան պատմել է պատերազմների, տարբեր ժողովուրդների, սիրո ու դավաճանության մասին։ Եվ այն միշտ էլ էլիտայի համար է եղել։ Եվ ծաղկում է ապրել այն ժամանակ, երբ իրար են միացել հանճարները, օրինակ, Վերդին ու Շեքսպիրը կամ Վերդին ու Շիլլերը։

– Գուցե իսկապես հիմա հարկավոր չէ մտածել Երեւանի Օպերային թատրոնը վերակենդանացնելու մասին, քանի որ ո՛չ օպերայի պահանջարկ կա, ո՛չ էլ նման գործ անել կարողացող մարդիկ։

– Ասեմ այսպես՝ կիրթ մարդուն, իհարկե, օպերան պետք է։ Կիրթ մարդը միշտ էլ լավ դրամա ու լուրջ դերասանին տեսնելու ու լսելու պահանջ կունենա։ Բայց հայերի մեծամասնությանն օպերա պետք չէ, քանի որ այն ժամանցային, «հեշտ մարսվող» արվեստի տեսակ չէ։ Շատերը հիմա ուտելիքի, խմելիքի նման «տեսնելիք» են ուզում։ Եվ արդեն իսկ երրորդ դասի մարդիկ են դառնում։ Եվ վերջ, հարցը փակվում է։

– Իսկ չի՞ կարելի անել այնպես, որ օպերան մոդայիկ ժամանց դառնա, այնպես, ինչպես փոփ-համերգներն են մոդայիկ:

– Ժամանակին հենց այդպես էլ եղել է։ Մարդիկ օպերա գնալու համար գեղեցիկ հագնվել են, զուգվել ու զարդարվել են, գնացել են թատրոն՝ իրենց ցույց տալու, իրար հետ շփվելու համար։ Իսկ հիմա այդ ամենը ձեւափոխվել է, ու էլիտար օպերային ժամանցը ռեստորաններ է տեղափոխվել։ Ծիսակարգը պահպանվել է, բայց այն արդեն արվեստի հետ ոչ մի կապ չունի։ Մարդիկ գեղեցիկ հագնվում են ու գնում են «տաշի-տուշի» լսելու։ Նրանք երբեք օպերա չեն լսի, եւ պետք էլ չէ, որ լսեն։

– Նկատե՞լ եք, որ հիմա մանր ու փոքր ղեկավարները սովորաբար ձգտում են իրենց ավելի միջակ ու գորշ մարդկանցով շրջապատել, որպեսզի գոնե նրանց ֆոնին ավելի գունեղ ու խելացի երեւան։

– Իհարկե, նկատել եմ, ու հենց դա է բոլոր ցավերի պատճառը։ Եվ այդ միջակ տգեղ «դվորնյաշկաները» շատ պրակտիկ ուղեղ ունեն, եւ նրանց դաստիարակելն անհնար է։ Մինչդեռ նույնիսկ կենդանիներին է հարկավոր դաստիարակել։ Իսկ ի՞նչ է` մարդկանց պետք չէ՞ դաստիարակել։ Անուններ թվարկել չեմ ուզում, բայց տեսեք, թե բեմում ինչպիսի «մսագունդ» երգիչներ են երգում, որոնց բերանից միայն այլանդակություն է դուրս գալիս։ Ինչպե՞ս կարելի է դրանց ցույց տալ մարդկությանը։ Էլի եմ կրկնում, մեզ մոտ «ռաբիսն» արդեն կրոն է դարձել։ Եվ դա նկատվում է ամենուրեք, ոչ միայն երգերում։

– Ի՞նչ անել։

– Պետք է ուրիշ պահանջներ ունեցող մարդկանց դաստիարակել։ Դա ո՛չ նորություն է, ո՛չ էլ՝ գաղտնիք է։ Պահանջ ստեղծելու վրա աշխարհում հսկայական ինստիտուտներ ու լուրջ կազմակերպություններ են աշխատում։ Մեր կառավարությունն էլ, առանց այդ մասին որեւէ մեկին բացատրելու ու հայտարարելու, պետք է դանդաղորեն, «տակից» ստեղծի այդ պահանջարկը։ Ինչպե՞ս են մարդուն թմրամոլ դարձնում։ Կախվածություն են ստեղծում։ Նույն կերպ պետք է վարվել նաեւ հիմա։ Ծրագիր են ասում, թե «PR» են ասում, նշանակություն չունի, ամեն բան պետք է գործի դնել, որպեսզի մարդկանց մոտ ենթագիտակցաբար լուրջ արվեստից կախվածություն առաջանա։ Եվ դա պետք է ոչ թե հրապարակային, այլ՝ շատ նուրբ, անձայն անել։ Միգուցե պետք է դիմել հոգեբաններին ու հիպնոսին տիրապետող մասնագետներին, որոնք վաղուց արդեն լուրջ պետական ծրագրերի մեջ են ներգրավված։ Եթե նման ծրագիր մշակվի ու սուսուփուս սկսի աշխատել, ամեն բան իր տեղը կընկնի։ Բարձր արվեստը քիչ-քիչ, փոքր դոզաներով պետք է հրամցնել հասարակությանը, մինչեւ այն կդառնա կենսական պահանջ։ Այսինքն, հարկավոր է գեղեցիկով գայթակղել։ Մի հետաքրքիր բան էլ ասեմ. իսկական, մաքուր գեղեցկությունը մարդկանց մոտ միշտ վախ է առաջացնում։ Ամեն անհասանելի բան վանում է մարդկանց, որոնք վախենում են գեղեցիկին «դիպչել»։ Իսկ արվեստի դեպքում գեղեցիկը միանշանակ չի կարող ընդունվել։ Մարդիկ նույնիսկ չգիտեն էլ, թե բարձր արվեստն իրենից ի՞նչ է ներկայացնում։ Նրանք չգիտեն, այն գեղեցի՞կ է, թե՞ ոչ։ Նրանց աչքերը պետք է բացել։

– Օպերայի՞ միջոցով:

– Ոչ միայն օպերայով, այլ՝ ամեն ինչով։ Պարզապես օպերան՝ լինելով տարբեր արվեստների համագումար, միշտ էլ եղել է մարդկության ամենագեղեցիկ զգացմունքների տեղը։ Էլի եմ կրկնում` պետք է աշխատել: Եթե թողնենք ամեն բան այնպես, ինչպես կա, ու ասենք` «եղունգ ունես` գլուխդ քորի», ոչ մի բանի չենք հասնի: Արդեն իսկ մարդիկ դադարել են հավատալ, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել: Մարդը հիմա մտածում է` մի քիչ փող ունեմ, պետք է ուրախանամ, երազեմ, գնամ ռեստորաններ, իսկ վաղը, երբ փողս վերջանա, կսկսեն մտածել` ինչպես դուրս գալ նեղված վիճակից: Սովետական ժամանակներում, իհարկե, մարդու սոցիալական վիճակը վատ էր, խոսվում էր միայն երկնագույն երջանկության ու պատկերազարդ հայրենիքի մասին: Եվ որքան էլ այդ ամենը կեղծ էր, այնուամենայնիվ, մարդկանց մեջ նախանձ չկար: Իսկ հիմա մեկը մյուսի նկատմամբ ահավոր նախանձ ունի: Եվ այդ նախանձը ոչնչով հիմնավորված չէ, դա լրիվ օդից ծագած, անհիմն նախանձ է: Հիմա ոչ թե տարիներ, այլ` տասնամյակներ են հարկավոր, որպեսզի ամեն ինչն իր տեղն ընկնի:

– Բայց միեւնույն է` Դուք եւ արվեստի ոլորտում մեծ կշիռ ունեցող շատ մարդիկ նորից գալիս են Հայաստան, փորձում են որեւէ բան շտկել ու նորից գնում են:

– Մենք գալիս-գնում ենք, քանի որ մեր տեղն այստեղ չէ: Ես, օրինակ, եվրոպական արվեստի ներկայացուցիչ եմ, քանի որ օպերան եվրոպական արվեստի տեսակ է: Պետք չէ անընդհատ ասել, որ միայն ազգայինն է կարեւոր: Ազգայինը կարող է մարդու էության ու մասնագիտության միայն մի մասը կազմել: Օլիմպիական խաղերում, օրինակ, հունական մարզաձեւեր են ընդգրկված, եւ մենք դրանք սեփականացրել ենք ու դարձրել ենք մերը: Շախմատը հո զուտ հայկական սպորտաձեւ չէ՞, բայց մենք հիանալի արդյունքի հասանք: Իսկ ինչո՞ւ նույնը չենք անում արվեստում:

– Իսկապես` ինչո՞ւ: Ինչո՞ւ չեն գտնվում լավագույնները, որոնք ոչ թե այս կամ այն պաշտոնյայի հետ բարեկամական կապեր ունեն, այլ` ներուժ ու խելք ունեն` առաջ շարժվելու համար;

– Տեսեք, ինչ կատարվեց. շախմատը շատ լավ ցույց տվեց, թե ինչպես է պետք վարվել, ասենք, թատրոնների հետ: Պետք է համատեղ աշխատել, «խառնել» դաշտը` ուժեղագույններին գտնելու համար: Իսկ ցանկացած ոլորտ իր լավագույններն ունի, նրանք կան, պարզապես նրանց բանի տեղ դնող չկա: Պետք է նրանց գտնել, մասնագիտական աճի համար ուղարկել սովորելու: Ընդունենք, որ նրանք կարող են երկար ժամանակ ետ չգալ, բայց մի օր հո գալու են: Հարկավոր չէ նոր բան հնարել: Սովետական Միությունն, օրինակ, այդ ամենն իդեալական կերպով անում էր: Իսկ ինչո՞ւ էր անում, որովհետեւ տարրական ծրագիր ուներ, ուզում էր դառնալ լավագույնն ու բոլորին անցնել: Այդպես էլ եղավ: Ուզեց` լավագույն զենքը արտադրեց, դարձավ առաջինը գիտության ու արվեստի ոլորտներում: Եվ մինչեւ հիմա էլ Սովետի շորշոփը զգացվում է, ու այլ երկրներ Ռուսաստանի ուժից վախենում են: Հայաստանը նման ծրագիր չի կարող ունենալ, որովհետեւ որոշ մարդիկ միայն մեկ ծրագիր ունեն` ուզում են հարստանալ: Բայց ախր երբեք ոչ մեկին չի հաջողվել աշխարհի բոլոր փողերին տիրանալ: Եվ փողը մնայուն չէ:

– Իսկ դժվա՞ր է հասկանալ, որ կարելի է ոչ թե այս վայրկյանին, այլ` մի քանի տարի հետո հարստանալ, քանի որ հանրապետության հարստությունը նաեւ իրենց հարստությունն է:

– Մեր բոլոր ցավերը եկել են նրանից, որ երբեք պետական մտածելակերպ չենք ունեցել։ Ծրագիր է հարկավոր: Ես ուրիշ ուղի չեմ տեսնում։

– Երբ խոսեցինք թատրոնների մասին, պարզ դարձավ, որ Դուք, այնուամենայնիվ, կարոտում եք հայ բեմը: Միգուցե ոչ օպերային ներկայացումների մեջ, այլ` դրամատիկ դերերով հանդես գաք: Համոզված եմ, որ Շեքսպիրյան արքաներից մեկի դերը հենց Ձեզ համար է:

– Օպերային դերասանի համար շատ ավելի հեշտ է դրամատիկ դերեր խաղալը, քանի որ օպերայի սպեցիֆիկան ավելի բարդ դերասանական խաղ է ենթադրում։ Ես ունեցել եմ նման փորձ. երբ Ֆրանսիայում «Ֆաուստ» էի երգում, խնդրեցի ռեժիսորին` օպերային բեմադրության մեջ հատուկ ներդնել դրամատիկական կտորներ, որտեղ ես Մեֆիստոֆելի անունից ոչ միայն երգում էի, այլեւ խոսում էի։ Եվ դա ռեչիտատիվ չէր, այլ՝ հենց երկխոսություն էր։ Սկզբում, իհարկե, փոքր-ինչ վախենում էի ֆրանսերեն ասել տեքստը, բայց հետո տեսա, որ լավ է ստացվում։ Համոզված եմ, որ օպերային բեմադրությունները միայն շահում են, երբ խոսակցական դրամայի հետ են միանում ու դառնում են ավելի գունեղ, ավելի դրամատիկ։ Արվեստում շատ բան կարելի է անել: Արվեստով շատ բան կարելի է ասել: Եթե, իհարկե, դրա պահանջարկը լինի: