Ի պաշտպանություն թեմի առաջնորդի

04/12/2008

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջեւ առաջացած հակասությունները Գյումրիի հանրության որոշ շրջանակների հարկադրել են հանդես գալ ուղերձով` ի պաշտպանություն թեմի առաջնորդի, որտեղ մասնավորապես ասվում է. «Այսօր հայի դիմագիծը ճշտվում է ոչ միայն աշխարհագրական, այլեւ հոգեւոր տարածքների ու արժեքների պահպանման ձգտումով: Օրերս հոգեւոր դիմադարձության եւ խռովության աննախադեպ ալիք է բարձրացել Շիրակ աշխարհում. փորձ է արվում բեւեռացնել հասարակությունը` թեմի առաջնորդի` Միքայել եպիսկոպոս Աջապահյանի անձի ու գործունեության մեջ տեսնելով իբր թե նշավակելի դրսեւորումներ: Միանգամայն ակնհայտ է, որ Շիրակի թեմի առաջնորդը իննամյա գործունեության առաջին իսկ օրերից ձեռնամուխ է եղել մարզի եկեղեցական համայնքների հոգեւոր կյանքի բարենորոգչական աշխատանքներին: Այսօր մեր տարածաշրջանում թերեւս չկա որեւէ համայնք, ուր նա իր օրհնությունն ու հոգեշահ խորհուրդը բերած չլինի: Պատարագներ են մատուցվել անգամ կիսականգուն եկեղեցիներում ու մատուռներում: Շիրակի թեմում Սրբազան հոր շնորհիվ բացվել եւ գործում է իր տեսակի մեջ եզակի սոցիալ-կրթական կենտրոնը, Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմական երիտասարդական խորհուրդը, ՀԱԵ Ուսանողական միությունը, Սբ. Աստվածածին (Յոթվերք), Սբ. Հակոբ Մծբնեցի եւ եկեղեցասեր երիտասարդաց այլ միություններ: Կազմակերպվել են բազմաթիվ ուխտագնացություններ մարզի եւ Հայաստանի այլ վայրերում գտնվող եկեղեցիներ, սրբատեղիներ, ուխտավայրեր: Նրա քարոզները, հորդորներն ու պատվիրանները մեր հոգեւոր կյանքի անբաժանելի մասն են: Վերջերս վարչաքաղաքական ուժի բիրտ միջամտությամբ փորձ է արվում կասեցնել այս առողջ հոգեւոր հոսանքը, սրբազանի գործունեությունն ընդհուպ տանելով քաղաքական հորձանուտ եւ շահարկելով նրա քաղաքացիական դիրքորոշումը: Դրանով ստեղծվում է քաղաքական իշխանությունների կողմից հոգեւոր առաջնորդի գործունեության սահմանափակման նախադեպ: Այս իրողությունը հանգեցնում է հոգեւոր կյանքի խաթարման` տարածաշրջանում առաջացնելով ընդհանուր բողոքի ալիք: Մենք` Հայ եկեղեցու զավակներս, մեր վրդովմունքն ենք հայտնում այս անհանդուրժելի երեւույթի հանդեպ, միաժամանակ, վճռականություն եւ հաստատակամություն` մինչեւ վերջ զորավիգ կանգնելու ժողովրդի իսկական սերն ու հարգանքը վայելող հոգեւոր առաջնորդի անձին ու գործին»։ Ուղերձի հրապարակման պահից մեկնարկել է համաժողովրդական ստորագրահավաք: