Կրկեսում ռուսներ են

27/06/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Այս օրերին Երեւանի կրկեսի մանեժում հատուկ՝ չոր սառցե ծածկույթ է, քանի
որ հյուրախաղերով հանդես են գալիս Մոսկվայի «Կրկեսը սառույցի վրա»
թատերախմբի մասնակիցները: Տոմսերի գները բավականին բարձր են ՝ 3-4.000
դրամ: Ամենաէժանը օթյակների տոմսերն են՝ 1500 դրամ, եւ զարմանալի չէ, որ
առաջին հերթին հենց դրանք են սպառվում: Տոմսավաճառուհին ասաց. «Հասկանում
եմ, որ թանկ է, բայց ի՞նչ արած՝ սառույց սարքելն էր թանկ»:
Բարձրահասակ, շիկահեր ու գեղեցիկ ռուսները ներկայացնում են գեղասահքի եւ
կրկեսի խառնուրդ: Կրկեսի բոլոր ժանրերը՝ բացառությամբ կենդանավարժության,
որը ներկայացված չէր, կատարվում են չմուշկներով: Եվ օդային ակրոբատները,
եւ ձեռնածուները, եւ ծաղրածուները չմուշկներով են: Կրկեսային ներկայացումը
շատ լավ տպավորություն է թողնում, երեխաների համար այցելությունը կրկես
անմոռանալի է դառնում: Շատ են նաեւ պարային համարները, իսկ ծրագրի վերջում
դերասանները, հուրախություն դահլիճի, ուս ուսի են տալիս եւ հայկական
շուրջպար բռնում:
Հատուկ ուշադրության ու հիացմունքի էին արժանի մասնակիցների զգեստները,
երեւում է, որ վիզուալ էֆեկտի հասնելու համար Կրկեսը տնտեսելու խնդիր չի
ունեցել: Գունեղ եւ սրամիտ դիզայներական աշխատանքը հետաքրքիր է դարձնում
դերասանների ելույթը նույնիսկ այն ժամանակ, երբ ցույց տալու բան էլ չի
լինում, պարզապես գեղեցիկ ու ոչ բարդ գեղասահքային համարներ են
ցուցադրվում: Թիթեռների, կարապների, ռուսական կամ արեւելյան ոճի զգեստները
որոշ դեպքերում քողարկում են համարների պարզությունը: Իսկ մի օր էլ
նույնիսկ գողության դրդապատճառ դարձան: Ռուսական կրկեսի տնօրենը այլայլված
հայտարարեց, որ ծրագիրը ստիպված են ընդմիջել, քանի որ կուլիսների ետեւից
գողացել են դերասանի հագուստը: Հավանաբար, մի քանի րոպե հետո զգեստները
հայտնաբերվեցին, եւ ներկայացումը շարունակվեց: Հոգնած, շոգած, բայց
ժպտերես ռուսներին հյուրախաղերի օրերին կարելի է տեսնել ոչ միայն
արենայում, այլ Կրկեսի շենքի երեւի թե յուրաքանչյուր անկյունում՝ նրանք են
դարձել ճեմասրահում առաջարկվող բազմաթիվ լուսային, ձայնային, զարդային
խաղալիքների եւ փուչիկների վաճառողները՝ սովորելով առաջարկվող ապրանքի
գինը հայերեն ասել: