Լենմարկերը բացել է փակագծերը

30/11/2008

ԵԱՀԿ-ում ամենակարճ ժամկետում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հույս ունեն: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ղարաբաղյան հակամարտության խնդրով զեկուցող Գորան Լենմարկերն այն կարծիքին է, որ վերջին ժամանակներս ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը հակամարտությունն ամենակարճ ժամկետում լուծելու հույս է տալիս: Նա մտադիր է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների գործընթացի բարելավման համար նոր գաղափարները Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ քննարկել ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների՝ Հելսինկիում կայանալիք նիստին մասնակցության շրջանակներում, որը դեկտեմբերի 4-5-ը տեղի է ունենալու Ֆինլանդիայում: «2 երկրներն էլ դրական շատ բաներ կստանան ղարաբաղյան հակամարտության լուծումից»,- «Թրենդին» ասել է Լենմարկերը: Նա նաեւ սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, թե հակամարտության լուծումից հետո Ադրբեջանը կարող է կրճատել իր ռազմական ծախսերը, իսկ հարկադիր վերաբնակները կարող են վերադառնալ իրենց տներ: «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա կկարողանա բարելավել հարաբերություններն իր հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչը նոր ազդակ կհաղորդի նրա էկոնոմիկայի զարգացմանը»,- ասել Է ԵԱՀԿ ներկայացուցիչը: Ի դեպ, Հելսինկիից հետո Գորան Լենմարկերը նախատեսում է այցելել տարածաշրջան եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր ուղիները: