Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ հայտարարել է, թե 2009թ. «բացառիկ ու նպատակահարմար» է լինելու ԼՂՀ հակամարտության կարգավորման հասնելու համար: «Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բոլոր ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի լուծման հասնելու համար»,- ասված է Սարկոզիի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղված նամակում, որտեղ նա Ալիեւին պաշտոնական այցով հրավիրում է Ֆրանսիա: «Ձեզ հայտնի է, թե անձամբ ես որքան շահագրգռված եմ այդ հարցում, ուստի մեծ գոհունակությամբ տեղեկացա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած հանդիպման հուսադրող արդյունքների մասին»,- նշել է Սարկոզին` հավելելով, թե Ֆրանսիան պատրաստ է իր «ավանդը» ներդնել այդ դրական դինամիկայում: