«Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ, ռուսաստանցի քաղաքագետ Վյաչեսլավ Նիկոնովը երեկ հայտարարել է, թե իր կարծիքով` երեք նախագահների կողմից նոյեմբերի 2-ին ստորագրված մոսկովյան հռչակագիրը հնարավորություն է տալիս, բայց չի երաշխավորում ԼՂՀ հակամարտության կարգավորումը: «Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ հակամարտություն է, եւ նույնիսկ տեսականորեն դժվար է պատկերացնել դրա լուծումը: Ուստի մոսկովյան համաձայնագիրը ընդամենը հնարավորություն է, որը կարող է իրացվել, բայց կարող է նաեւ չիրացվել»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոնովը: Ըստ նրա` հակամարտության կարգավորումը կախված է բոլոր կողմերից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից, ՌԴ-ից, Ադրբեջանից եւ Հայաստանից: «Իհարկե, հակամարտության լուծման դինամիկան առայժմ ամենահուսադրողը չէ, քանի որ հռչակագրի ստորագրմանը չհետեւեցին հաջորդ քայլերը: Բայց ճակատագրական ոչինչ տեղի չի ունեցել: Հակամարտության կողմերը դեռեւս նախկին դիրքերում են»,- ասել է նա: