Նոյեմբերի 10-14-ը Հայաստան-Գերմանիա բարեկամության ԱԺ պատգամավորական խումբն այցելել էր Գերմանիա: Պետական բյուջեի հաշվին կատարված այս հերթական անիմաստ այցն ուշադրության չէր արժանանա, եթե չլիներ ԱԺ նորաթուխ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Մելիքյանը: Վերջինս Հայաստան վերադառնալուց հետո ասուլիս էր հրավիրել եւ հպարտորեն պատմում էր, թե ինչպես է Գերմանիայում Ֆրիդրիխ Էբերտի եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամների ներկայացուցիչներին «շշպռել» այն բանի համար, որ նրանց ֆինանսավորած ծրագրերը սեպ են խրում Հայաստանի իշխանության եւ հասարակության միջեւ: Ավելին` «Մալաթիա-Սեբաստիա» բժշկական կենտրոնի սեփականատեր այս պատգամավորը, ըստ իր պատմածի, քաղաքական ծրագրեր իրականացնող գերմանական հիմնադրամներին կոչ է արել Հայաստանում հասարակական համերաշխության մթնոլորտն ամրապնդելու համար գումարներ հատկացնել առողջապահական, մշակութային բնագավառներին: «Պետականության հիմքերի պաշտպանության ու կայունության պահպանման» մասին սույն պատգամավորի արտահայտած մտքերը տեղադրված են նաեւ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Իրականում, պարզվում է, Ա. Մելիքյանը Գերմանիայում նշված հիմնադրամների ներկայացուցիչների հետ ոչ միայն նման «հայրենանվեր» ելույթներ չի ունեցել, այլեւ ընդհանրապես որեւէ բառ չի արտասանել: Ինչպես տեսնում եք, ԱԺ-ի դերը բարձրանում է ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: