Շահել են բոլորը, բացի Հայաստանից

30/11/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Սեպտեմբերի 16-ով ինձ համար ոչինչ չի փոխվել` բացի պաշտոնից: Ոչինչ չի փոխվել իմ սկզբունքներում, երեւույթների նկատմամբ իմ վերաբերմունքում»:

Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, ներկայումս անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Իսկ պարոն Թորոսյանը դա ընդգծեց թերեւս այն պատճառով, որ վերջին շրջանում նրա արտահայտած դիրքորոշումները չէին հնչում ԱԺ նախագահի պաշտոնում եղած ժամանակ: Օրինակ, դժվար է պատկերացնել, որ որպես ԱԺ նախագահ՝ Տ. Թորոսյանը խոսեր մայնդորֆյան հռչակագրի` մեզ համար «չափազանց վտանգավոր» կողմերի մասին, որոնց մասին խոսում է անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:

Ինչեւէ: Երեկվա ասուլիսում Տ. Թորոսյանը եւս խոսեց ղարաբաղյան հակամարտության մասին: Մասնավորապես անդրադառնալով իշխանությունների կողմից ամենաշատը կարեւորվող այն երեւույթին, թե մայնդորֆյան հռչակագրում ամրագրվել է խնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, նա հայտարարեց. «Որոշ մարդիկ մոլորության մեջ էին ընկել, թե այդ հռչակագրիը ստորագրումից հետո այլեւս ոչ ոք պատերազմի մասին չի մտածի: Ցանկացած պատերազմի ավարտից հետո սկսվում են նման լավատեսական հայտարարություններ, բայց կարճ ժամանակ անց կարող է սկսվել նոր պատերազմ: Ես ավելի քան համոզված եմ եւ կարող եմ ապացուցել, որ որեւէ ձեւակերպում խնդրի միայն խաղաղ կարգավորման մասին հռչակագրում գոյություն չունի: Կա քաղաքական լուծումների մասին ձեւակերպում, իսկ պատերազմը քաղաքական լուծումներից դուրս դնել, մեծ հաշվով, հնարավոր չէ»: Նա նաեւ շեշտեց այն, որ այդ հռչակագրում բացակայում է ԼՂ ներկայացուցչի ստորագրությունը, ինչը հետագայում Ադրբեջանին կարող է շահարկումների հնարավորություն տալ: «Պետք է ամեն ջանք գործադրել ԼՂ-ին օր առաջ բանակցությունների մասնակիցը դարձնելու համար»,- հայտնագործեց ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողած Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած Տ. Թորոսյանը: Այս պահին, սակայն, նրան չի հետաքրքրում, թե երբ եւ ում «ջանքերով» է ԼՂ-ն դուրս մնացել բանակցային գործընթացից: «Ես նպատակ չունեմ, առավելեւս` ԼՂ խնդրի հետ կապված, որեւէ մի պետական կամ քաղաքական գործչի պաշտպանել, մյուսին` չպաշտպանել»,- ասաց նա:

Իսկ ընդհանրապես` Տ. Թորոսյանը կարծում է, որ ԼՂ հարցի կարգավորման «վերջին զարգացումները պայմանավորված են ոչ թե կարգավորման ընթացքով, այլ տարածաշրջանային զարգացումներով»: «Ռուսաստանը եւ նախագահ Մեդվեդեւը փորձեցին ցույց տալ, որ իրենք կարեւոր դերակատար են տարածաշրջանում: Կարծում եմ, այդ փաստաթղթի հիմնական նշանակությունը դա էր»,- հավելեց Տ. Թորոսյանը: ՀՀ արտաքին քաղաքականության ակտիվացումը նույնպես Տ. Թորոսյանը պայմանավորեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմի հետեւանքով տարածաշրջանային պրոցեսների ակտիվացմամբ: Սակայն, ըստ նրա, այդ ակտիվության արդյունքը մենք չենք նկատում: «Չեմ կարծում, թե արդյունքների տեսակետից մենք նոր ձեռքբերումներ ունենք, մինչդեռ ուրիշները օգտվում են դրանից, հատկապես Թուրքիան, ինչ-որ չափով՝ նաեւ Ռուսաստանը»,- գտնում է ԱԺ նախկին նախագահը: Այնուամենայնիվ, ըստ նրա, այսօր «Էական տեղաշարժ կարգավորման գործընթացում չկա»: «Դժվար թե որեւէ լուրջ տեղաշարժ ԼՂ խնդրի կարգավորման մեջ լինի»,- հայտարարեց Տիգրան Թորոսյանը: Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, որոնց մասին հիշատակում կա հռչակագրում, ապա Տ. Թորոսյանը կարծում է, որ դժվար է խոսել այնպիսի բաների մասին, որոնք հստակ չեն:

«Հռչակագիր կոչված այս փաստաթուղթը, մի շարք այլ թերություններից զատ, ունի նաեւ մի շատ լուրջ թերություն: Խոսվում է սկզբունքների մասին, որոնք իրականում անհայտ են: Իսկ Մադրիդյան սկզբունքները, որոնք պրահյան գործընթացի հիմքում դրված սկզբունքների խմբագրումն են, կարեւոր են մեկ պատճառով: Այն է` պրահյան գործընթացից սկսած՝ համանախագահները խոսեցին խնդրի կարգավորումը եւ՛ տարածքային ամբողջականության, եւ՛ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների շրջանակներում իրականացնելու մասին: Եթե մենք համեմատենք նախկին նախագծերի հետ, կտեսնենք, որ դրանցում ոչ մի բառ չկար ինքնորոշման սկզբունքի մասին: Բայց ոչ մի դեպքում չպետք է մոռանանք, որ մադրիդյան սկզբունքներ կոչվածը դեռեւս վերջնական տեսք չունի: Ամենակարեւորը մանրամասներն են: Օրինակ` եթե հանրաքվե է նորից արվելու, ապա ինչո՞ւ պետք է նախորդ հանրաքվեն հաշվի չառնվի, որ տարածքում է այդ հանրաքվեն արվելու, երբ է արվելու եւ այլն»,- նշեց Տ. Թորոսյանը: Նա անդրադարձավ նաեւ ներքաղաքական իրավիճակին:

Գնահատելով ղարաբաղյան հարցի շուրջ Սերժ Սարգսյանի եւ կուսակցապետերի հանդիպումը՝ նա դա որակեց՝ որպես «անվնաս հավաք»: «Մասնակից բոլոր կողմերին այդ հանդիպումը իմ տպավորությամբ բավարարեց: Եթե հնարավոր է ինչ-որ միջոցառում անցկացնել, որը բոլոր կողմերին բավարարում է, դա լավ է»,- նշեց Տ. Թորոսյանը` հավելելով, որ, ցավոք, ԼՂ կարգավորման մասին չկա լուրջ մասնագիտական, փորձագիտական քննարկում: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ապա Թորոսյանը նշեց, թե մարտ ամսին պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը եւ նրանց ձերբակալելը ճիշտ էր: «Ուզում եմ հիշեցնել, որ անգամ Հակոբ Հակոբյանը ելույթում ասաց, թե կնախընտրի կալանքը որպես խափանման միջոց իր նկատմամբ կիրառելը` միայն թե ճշմարտությունը բացահայտվի: Այլ բան է, որ նրանց խափանման միջոցը փոխելուն եւ կալանքը վերացնելուն վերջերս ես կողմ էի քվեարկել: Արդեն մոտ ութ ամիս է, որ պատգամավորները կալանքի տակ են: Այս ընթացքում կամ պետք է գործը տարվեր դատարան, կամ պետք է բերվեին լուրջ հիմնավորումներ, որ պետք է կալանքը երկարաձգվեր»,- նշեց Տ. Թորոսյանը: