Մարտի 1-ի ԱԺ հանձնաժողովը դիտեց հակաֆիլմը

30/11/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն իր նիստում կազմակերպել էր մի քանի օր առաջ ստացած ֆիլմի դիտումն ու քննարկումը: Հիշեցնենք, որ դա այն, այսպես ասած` «հակաֆիլմն» էր, որտեղ ներկայացված էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսան Արզումանյանի գաղտնալսված հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Սիրունյանի եւ այլ ընդդիմադիր գործիչների հետ:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նախքան դիտումը տեղեկացրեց, որ այդ ֆիլմը հանձնաժողովին է տրամադրվել վեց քաղաքացիների՝ Արմեն Գրիգորյանի, Հովհաննես Մանուկյանի, Կարինե Սահակյանի, Սամվել Հարությունյանի, Գայանե Աբրահամյանի եւ Կարեն Աբրահամյանի կողմից, որին կցված է եղել նաեւ գրություն: Գրության տակ ստորագրած այս անունները հայտնում են, թե ցանկանում են ներկայացնել մարտի 1-2-ի «իրական» դեպքերը, եւ հույս են հայտնել, որ հանձնաժողովն «իրավաբաններին կպարտադրի բոլոր այդ ապացույցները դարձնել քննարկման առարկա»: Իսկ «ապացույցներն» ընդդիմադիր գործիչների գաղտնալսված հեռախոսազրույցներից հատվածներ են:

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էի, թե չի բացառվում, որ այդ ֆիլմի հնարավոր հեղինակը Ազգային անվտանգության կամ իրավապահ այլ ծառայություններն են, քանի որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատավոր Ժորա Վարդանյանը հենց ԱԱԾ-ին է թույլ տվել գաղտնալսել Ա.Արզումանյանի հեռախոսազրույցները: Նաեւ նշել էինք, որ այդ ֆիլմով հեղինակներն իրենց առջեւ մի քանի նպատակ են դրել: Նախ՝ նրանք ցանկանում էին այդ հեռախոսազրույցների հրապարակումով լարվածություն ստեղծել վերը նշված գործիչների եւ ընդդիմության այլ ներկայացուցիչների միջեւ: «Ընդդիմության մեջ եղել է շերտավորում, ի՞նչ են խոսում իրար մասին իրենց հետեւից»,- հնչում է ֆիլմում: Իսկ հանձնաժողովն այդ գաղտնալսումները հրապարակելիս ստացե՞լ է հեռախոսազրույցների հեղինակների եւ գաղտնալսումների մեջ հիշատակվող մարդկանց համաձայնությունը: Չէ՞ որ մարդկանց հեռախոսազրույցների գաղտնալսումների հրապարակումը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է: «Ո՛չ»,- պատասխանեց Ս.Նիկոյանը: Ինչպես արդեն նշել էինք, ֆիլմի նպատակներից մեկն էլ մարտյան իրադարձությունների կազմակերպման ու պատասխանատվության մեջ Լ.Տեր-Պետրոսյանին ու ընդհանրապես ընդդիմությանը մեղադրելն էր: Երեկ Ս.Նիկոյանը դիտումից հետո հայտարարեց, թե արժե ուշադրություն դարձնել ֆիլմի մի քանի շեշտադրումների վրա: «Առաջինը, որ հնչեցվում է, հետեւյալ հարցն է. ինքնաբո՞ւխ էր արդյոք Ֆրանսիական դեսպանատան մոտ այդ հանրահավաքը: Երկրորդը` երեւի փորձ էր արվում պատասխանել այն հարցին, թե ով է կազմակերպել թալանը: Եվ փորձ է արվում ապացուցել, որ իրադարձությունները Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Պարոնյան փողոցներից մինչեւ Լեո փողոցի սկիզբը ոչ թե զուտ չկազմակերպված զանգվածային անկարգություն էր, այլ վերահսկվող: Ես հասկացա՝ նյութը մտահղացողների շեշտադրումները սրանք էին: Դուք ի՞նչ կարծիքի եք»,- հանձնաժողովի անդամներին հարցրեց Ս.Նիկոյանը եւ եզրակացրեց, որ ֆիլմում ապացուցվում է, որ խանութները թալանել են ոչ թե իշխանությունների կողմից ուղարկված սադրիչները, այլ` ցուցարարները: Մինչդեռ հեռախոսազրույցի մեջ Ս.Սիրունյանը Ա.Արզումանյանին ընդամենը տեղեկացնում է, թե ինչ է տեղի ունենում: Իսկ ներկայացնողները մեկնաբանում են, թե քանի որ ընդդիմադիրներն այդ մասին իրար հայտնել են, ուրեմն իրենք էլ կազմակերպել են: Մինչդեռ ժամանակին նաեւ դատավարությունների ընթացքում պարզվեց, որ այդ թալանի մասնակիցները եղել են պրովոկատորներ, ու նրանք էլ հայտարարեցին, թե ընտրությունների ժամանակ եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք: Ինչեւէ, երեկ այդ ֆիլմը ցուցադրելով` հանձնաժողովը լավագույնս իրագործեց ֆիլմի հեղինակների կողմից իր առջեւ դրված խնդիրը: Այսինքն` փորձ արվեց ներկայացնելու, թե ընդդիմության մեջ հակասություն ու շերտավորում կա, եւ որ մարտյան դեպքերի կազմակերպողն ընդդիմությունն է: Այլ հարց է` հասարակությունը լուրջ կընդունի՞ նրանց կողմից առաջ քաշված այս վարկածները, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, ֆիլմը դիտելուց հետո հանձնաժողովի անդամները որոշեցին իրենց մոտ առաջացած հարցերի պատասխանները ստանալուց հետո կազմակերպել նոր քննարկում: Որոշվեց ճշտել, թե ֆիլմում հեռախոսազրույցների հատվածները համընկնո՞ւմ են իրական տարբերակի հետ, թե՞ ոչ: Պարզվում է` հանձնաժողովն ամիսներ առաջ նախաքննական մարմնից ստացել է նաեւ գաղտնալսումների ձայնագրությունը:

Ի դեպ, այդ ֆիլմում տեղ գտած հեռախոսազրույցներից մեկի ժամանակ էլ Լ.Տեր-Պետրոսյանը հարցնում է. «Ալիկ, ո՞նց ես, դուխդ տեղն ա՞»: Եվ այս կարճ զրույցից բոլորովին էլ պարզ չի դառնում, թե առաջին նախագահը ե՞րբ է այս հարցը տվել Ա.Արզումանյանին, մարտի 1-2-ի՞ն, թե՞ ավելի շուտ: Այս խնդիրը եւս պետք է պարզվի: «Իսկ տեսաերիզը ներկայացրած քաղաքացիներին որտեղի՞ց ընդդիմության լիդերների գաղտնալսման ձայնագրությունը»,- հարցրեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: «Սա մոնտաժված է, հրապարակախոսական չգիտեմ ինչ է»,- հայտարարեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Իսկ հետո Գ.Արսենյանն ու ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեցին, թե սա ընդամենը ֆիլմ էր, ինչպես նախորդը՝ ընդդիմության պատրաստածը: Որոշվեց ֆիլմը չքննարկել, մինչեւ առաջացած հարցերի պատասխանները չպարզվեն: