Նոյեմբերի 10-14-ը Հայաստան-Գերմանիա բարեկամության ԱԺ պատգամավորական խումբն այցելել էր Գերմանիա: Այցին հաջորդած մամուլի ասուլիսում խմբի` ԲՀԿ-ական անդամ, պատգամավոր Արմեն Մելիքյանն ասել էր, թե Ֆրիդրիխ Էբերտի եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ինքը նրանց մեղադրել է, թե այդ կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի պատճառով Հայաստանի իշխանությունների եւ հասարակության միջեւ պառակտում է մտցվում:
Սակայն լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Գերմանիայում նշված հիմնադրամների ներկայացուցիչներ Կանի եւ Շուբերտի հետ հանդիպման ժամանակ Ա. Մելիքյանը ոչ միայն նման բան չի ասել, այլեւ` ընդհանրապես որեւէ բառ չի արտասանել: Թե ինչու է Հայաստան ժամանելուց հետո նա որոշել նման հայտարարություններ անել, կարելի է միայն կռահել: Դժվար է բացատրել սակայն, թե պատգամավորական խմբի մյուս անդամները, որոնք եւս ներկա են եղել այդ ասուլիսին, ինչու Ա. Մելիքյանին չեն զգուշացրել, որ ասուլիսների ժամանակ ասում են այն, ինչ իրականում տեղի է ունեցել: Սակայն մեջբերենք այդ ասուլիսում Ա. Մելիքյանի կողմից հնչած հայտարարությունները, որոնք, ի դեպ, տեղադրված են խորհրդարանի պաշտոնական կայքում: «Ես ուզում եմ նշել մեր հանդիպումները հիմնադրամների ներկայացուցիչների հետ, մասնավորապես Ֆրիդրիխ Էբերտի եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամների ներկայացուցիչներ Կանի եւ Շուբերտի հետ: Այստեղ մի շարք հարցեր առաջացան: Նախ` մենք ցանկանում էինք, որ նրանք իրենց ծրագրերը ֆինանսավորեին ոչ թե հակասությունները խորացնելով իշխանությունների եւ հասարակության միջեւ, այլ հասարակության համերաշխության արժեքների ամրապնդման ոլորտում: Ցանկություն հայտնվեց, որ ֆինանսավորումը հիմնադրամների կողմից լինի արվեստի, մշակույթի, առողջապահության բնագավառներում»,- Հայաստան վերադառնալուց հետո հրավիրած ասուլիսում ոգեւորված պատմում էր Ա. Մելիքյանը: Ակնհայտ է, որ ոչ միայն Ա. Մելիքյանը, այլեւ նրանք, ովքեր հուշել են նման «հայրենասիրական ճառեր» ասել, տեղյակ չեն, որ վերոնշյալ հիմնադրամների նպատակը ոչ թե Ա. Մելիքյանի ու նրա նման այլ պատգամավորների առողջապահական հաստատությունները ֆինանսավորելն է, այլ` Հարավային Կովկասում տնտեսական ազատականության եւ ժողովրդավարության հաստատումը: Սակայն զավեշտն այսքանով չի ավարտվել, եւ Ա. Մելիքյանն, իր իսկ ասելով` հիմնադրամների ներկայացուցիչներին նաեւ անուղղակի մեղադրել է Վրաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ: «Իմ կողմից նրանց հարց ուղղվեց, թե արդյոք կապ կա՞ նրա հետ, որ այդ հիմնադրամների կենտրոնական գրասենյակները գտնվում են Թբիլիսի քաղաքում եւ լայն գործունեություն են ծավալում հենց Վրաստանում, եւ նրա հետ, ինչ տեղի է ունեցել Վրաստանում: Իհարկե, նրանք դժվարացան պատասխանել` հասկանալով, թե հարցն ինչին է վերաբերում: Համենայնդեպս, ինձ թվում է` նրանք լավ պատկերացրեցին, հասկացան, որ մենք ինչ ենք ուզում եւ ինչպես ենք պատկերացնում նրանց հետագա գործունեությունը, որը որ առաջարկեցինք նրանց ծավալել Հայաստանում»,- ասուլիսի ժամանակ ասել էր Ա. Մելիքյանը:
Օգտվելով առիթից, որ այս օրերին Հայաստանում է գտնվում Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Վոլֆգանգ Իոնը, նրանից հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, ինչպես է վերաբերվում ԲՀԿ-ական պատգամավորի այս հայտարարություններին: Պարոն Իոնը նախ հատուկ Ա. Մելիքյանի համար ներկայացրեց, թե ինչով է զբաղվում իրենց հիմնադրամը: Վ. Իոնի պատասխանը խիստ կտխրեցնի «Մալաթիա Սեբաստիա» հիվանդանոցի սեփականատեր Մելիքյանին, քանի որ նրա թվարկած գործառույթների շրջանակներում ոչ մի կերպ չի տեղավորվում ո՛չ մշակութային, եւ ոչ էլ, առավել եւս, առողջապահական ծրագրերի ֆինանսավորումը:
Վոլֆգանգ Իոնից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է վերաբերվում հայ պատգամավորի կողմից հնչեցված «մտահոգություններին», թե` իրենք, այսպես ասած` սեպ են խրում Հայաստանի իշխանությունների եւ հասարակության միջեւ: «Ես միանշանակ այդպես չեմ կարծում: Մենք քաղաքական հիմնադրամ ենք եւ զբաղվում ենք քաղաքականությամբ: Մենք գերմանական լիբերալիզմի հիմնադրամ ենք եւ մեր սեմինարներից առաջ բոլորին բացահայտ ասում ենք, որ մենք չեզոք չենք եւ ունենք հստակ քաղաքական ուղղվածություն եւ կապված ենք Գերմանիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի` «Ազատ ժողովրդավարության» հետ, որը ներկայացված է Գերմանիայի խորհրդարանում: Այդ կուսակցությունն, արդեն 8 տարի է, ընդդիմություն է, սակայն նրանք էլ 35 տարի իշխանության կազմում են եղել: Հարավային Կովկասում` ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում եւ Ադրբեջանում, մենք աշխատանքային չորս նպատակ ունենք: Առաջինը` տնտեսական ազատականությունն է: Մենք կարծում ենք, որ այն չափազանց կարեւոր է ոչ միայն նրա համար, որ կյանքը հավասարապես չի բարելավվում, այլեւ, որ բոլոր երկրները կարող են հաջողությամբ հաղթահարել աղքատությունը: Մեր` եվրոպական փորձից ելնելով, կարող եմ ասել, որ սա նույնպես խաղաղության հասնելու ճանապարհ է. եթե այս ուղղությամբ տարվող աշխատանքները լավ են ընթանում, ապա տվյալ երկրում ագրեսիան պակասում է, ավելանում է համատեղ հետաքրքրությունների շրջանակը, եւ խաղաղություն է լինում: Եվ մենք համագործակցում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են այս մոտեցումը»,- ասաց Վոլֆգանգ Իոնը: Հիմնադրամի երկրորդ նպատակն, ըստ նրա` Հայաստան-Ադրբեջան, Վրաստան-Աբխազիա երկխոսության հաստատումն է: Երրորդ նպատակը, որը նա նույնպես կարեւորեց` վերաբերում է եվրոպական ինտեգրացիային եւ ՆԱՏՕ-Հարավային Կովկաս հարաբերություններին: «Իսկ չորրորդն այն է, որ մենք օգնում ենք մեր գործընկերներին, իրենց կազմակերպությունների միջոցով ժողովրդավարական գործունեություն ծավալելու հարցում: Իհարկե, սա է Գերմանիայի քաղաքական հիմնադրամների նպատակը: Տարբերությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը ներկայանում է տարբեր ուղղություններով: Սա շատ լավ է, որովհետեւ մեր գործունեության միջոցով դուք տեսնում եք, թե մենք Գերմանիայում ինչպես ենք կառուցում մեր քաղաքական համակարգը, որը բավական հաջող է: Դրա համար մենք` Գերմանիան, այստեղ (Հարավային Կովկասի երկրներում) համագործակցում է տարբեր քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների հետ, որոնք էլ իրենց հերթին՝ համագործակցում են իշխանական կառույցների հետ: Կան նաեւ այնպիսիք, որոնք համագործակցում են միայն ընդդիմության հետ: Այո, մենք դրանցից մեկն ենք, եւ մենք համագործակցում ենք միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, ինչն, իմ կարծիքով` շատ լավ է, որովհետեւ ինչպե՞ս կարող է ժողովրդավարությունը լինել առանց ընդդիմության: Առանց ընդդիմության ժողովրդավարություն չկա: Եվ ես կարծում եմ, որ մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ քաղաքական գործընթացները տեղի ունենան ոչ թե փողոցներում, աստիճանների վրա, զենքով, այլ` խորհրդարանում, քաղաքացիական հասարակությունում` երկխոսության եւ փոխհամաձայնության ճանապարհով: Սա է մեր նպատակը, եւ կարծում եմ, սա ձեր երկրի համար շատ կարեւոր է: Եվ մեղադրել մեզ նրանում, որ մենք համագործակցում ենք Հայաստանի ընդդիմության հետ` ճիշտ չէ, եւ եթե կուզեք իմանալ` նույնիսկ Հայաստանի իշխանությունների օգտին չէ: Հայաստանի իշխանությունները պետք է շահագրգռված լինեն ուժեղ, շրջահայաց եւ կառուցողական ընդդիմություն ունենալու հարցում, որը մասնակցություն կունենա երկրի կառուցմանը: Մենք հենց սա ենք ցանկանում տեսնել այստեղ ու հենց դրան ենք աջակցում: Մենք չենք աջակցում ոչ կառուցողական ակցիաներին»,- իրենց հասցեագրված մեղադրանքներին ի պատասխան՝ ասաց Վոլֆգանգ Իոնը:
Հիշեցմանը, թե հայ պատգամավորն ակնարկել էր, որ իրենք եւս մասնակից են եղել Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությանը», Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրենը պատասխանեց. «Ի՞նչ «վարդերի հեղափոխություն»: Դա «վարդերի հեղափոխություն» չի եղել, Վրաստանում եղել է խաղաղ դեմոնստրացիա: Մենք մեղավոր չենք, որ այնտեղ ինչ-որ մեկը թունավոր գազով գնաց ժողովրդի դեմ: Ուրիշներն են դրանում մեղավոր, եւ դա պետք է ասել: Մենք ընդհանրապես մեղք չունենք այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Վրաստանում: Մենք այնտեղ էլ համագործակցում ենք ոչ իշխանական կուսակցությունների հետ, բայց որոնք մոտ հարաբերություններ ունեն Վրաստանի Հանրապետական կուսակցության հետ, որը ոչ թե փողոցային կուսակցություն է, այլ` ինտելեկտուալների կուսակցություն է, որը կառուցողական քայլեր է իրականացնում, որպեսզի նորից չկրկնվի այն, ինչ եղավ Վրաստանում»:
Վոլֆգանգ Իոնը` փարատելու համար ԲՀԿ-ական պատգամավորի մտավախությունը, թե նույնը կկրկնվի Հայաստանում, այսինքն` իրենց հիմնադրամի միջոցով Հայաստանում հեղափոխություն կլինի, ասաց. «Մեզանից նման վտանգ չկա: Որովհետեւ ես կարծում եմ, որ ոչ թե հեղափոխությունն է Հարավային Կովկասում ծագած խնդիրների լուծման բանալին, այլ` էվոլյուցիան, խաղաղության տարածումը, քաղաքական տարբեր ուժերի միջեւ երկխոսությունը: Միայն սա է առաջընթացը: Հեղափոխական որեւէ ակցիա չի կարող հաջողություն բերել»: Մեր հարցին, թե հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները՝ պետք է էվոլյուցիա՞ ակնկալել, թե՞ հեղափոխություն, Վ. Իոնը ընդհանրական պատասխան տվեց. «Ես հուսով եմ, որ էվոլյուցիա կլինի: Հուսով եմ: Ես ողջունում եմ նաեւ Հայաստանի իշխանությունների քայլերը` ուղղված խաղաղության հաստատմանը: Ես ողջունում եմ ձեր քաղաքականությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ: Հուսով եմ, որ ձեր իշխանությունները հետագայում այստեղ ժողովրդավարությանն ուղղված քայլեր կձեռնարկեն»: Հարցին, թե` հիմա Հայաստանն ինչպիսի՞ երկիր է` ժողովրդավարակա՞ն, թե՞ ոչ ժողովրդավարական, Վ. Իոնը պատասխանեց. «Ես ձեզ ուղիղ կասեմ` դա իմ գործը չէ, մենք չենք զբաղվում վերլուծական ծրագրերով, դրա համար այլ կազմակերպություններ կան: Կա Եվրախորհուրդ, որը գնահատականներ է տալիս Հայաստանի ընտրություններին: Միայն կասեմ, որ մենք շատ ենք վստահում ԵԽ-ին, եւ նրանք շատ լուրջ վերլուծություններ են անում: Իհարկե, կարող եք համարել, որ մենք համաձայն ենք նրանց կողմից տրվող գնահատականներին ու վերլուծություններին»:
Իսկ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի ներկայացուցիչ Նաիրա Գեւորգյանը մեզ հետ զրույցում Ա. Մելիքյանի հայտարարությունների վերաբերյալ ասաց. «Մեր հիմնադրամն ունի հետեւյալ նպատակները. աջակցություն ժողովրդավարությանն ու իրավական պետությանը, մերձեցումը Եվրոպային եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Սրանք են եղել եւ կլինեն մեր խնդիրները: Մենք աշխատում ենք բոլոր այն հասարակական խմբերի հետ, որոնք նույնպես իրենց պարտավորված են զգում այս նպատակներն իրականացնելու համար: Մեր աշխատանքով մենք փորձում ենք աջակցել երկխոսությանը հասարակական խմբերի միջեւ, մենք աջակցում ենք կառավարության եւ հասարակության միջեւ երկխոսությանը: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորական խմբի եւ հիմնադրամի ներկայացուցիչների հետ Գերմանիայում կայացած հանդիպմանը, ապա այնտեղ պատգամավորները հիմնադրամների աշխատանքները ՀՀ-ում գովաբանել են: Օրինակ, շատ գովերգել են մեր հիմնադրամի համագործակցությունը ՍԴ-ի եւ Երեւանի Մամուլի ակումբի հետ: Պատգամավորներից ոմանք խնդրել են մեր հիմնադրամին իր գործունեությունն ավելի լայն ծավալել: Այնպես որ` մենք շատ ուրախ ենք, որ մեր գործունեությունը շատ դրական է ընդունվում պատգամավորների կողմից»:
Այնպես որ` Ն. Գեւորգյանի վերոնշյալ ասածներից պարզ է դառնում, որ իրականում ո՛չ Ա. Մելիքյանը, եւ՛ ոչ մեկ այլ պատգամավոր այնտեղ, բացի գովեստից, այլ բան չեն ասել, իսկ թե ինչո՞ւ են այստեղ հակառակը հայտարարում` պարզ չէ: