ՀՀ կառավարությունը երկու օր առաջ հավանություն է տվել «Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին: Իսկ առաջարկվող հիմնական փոփոխությունն ու լրացումը վերաբերում է նրան, որ նախագահի ու Ազգային ժողովի հետ միասին, հանրաքվե անցկացնելու իրավունք տրվի նաեւ կառավարությանը:
Առաջարկվել է օրենքի մեջ ներառել նաեւ այս դրույթը. «Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական եւ ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես համաձայնեցվում են ՀՀ նախագահի հետ»: Կառավարությունն իր այս առաջարկությունն Ազգային ժողով է ուղարկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու ու 24 ժամվա ընթացքում քննարկելու եւ ընդունելու պահանջով: Այս փոփոխությունը կատարելու հրատապությունն ուշադրության է արժանի հատկապես այն առումով, որ վերջին մի քանի ամսում ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ազատագրված շրջանները հանձնելու շուրջ բանակցություններն ու քննարկումները: Մեր հարցին, թե այս նախաձեռնությունը որքանո՞վ է առնչվում ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կոնկրետ պատասխան չկարողացավ տալ` ասելով, թե հնարավոր է, որ այն կապված լինի հիմնախնդրի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների հետ: Հարցին էլ` արդյո՞ք խնդիրն այդքան հրատապ է, կամ` կառավարությունն ի՞նչ հարց է ուզում դնել քվեարկության ԼՂՀ վերաբերյալ` ազատագրված շրջանները հանձնելո՞ւ, խաղաղապահ ուժեր տեղակայելո՞ւ, թե՞ մեկ այլ, Ա. Մարտիրոսյանը, ով երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մասնակցում էր այս օրինագծի քննարկմանը, պատասխանեց. «Չեմ կարող ասել»:
Ա.Մարտիրոսյանի խոսքով` քննարկման ժամանակ ինքը նաեւ կարծիք է հայտնել, որ` «եթե կառավարությունն իսկապես համապետական հանրաքվե է ուզում անցկացնել, ուրեմն` նաեւ որոշակի կարծիք պետք է ունենա այդ համապետական ընտրության հարցի հետ կապված»: Այսինքն` հարցը հանրաքվեի ներկայացնելիս պետք է հայտնի, թե իր համար որ տարբերակն է նախընտրելի: Ա.Մարտիրոսյանն առաջարկել է օրինագծում ներառել նաեւ կառավարության հրաժարականի հարցը: «Եթե իսկապես ժողովուրդը կառավարության առաջարկած տարբերակին կողմ կլինի, այդ դեպքում, կարծում եմ, փառքուպատիվ նման կառավարությանը, որովհետեւ, ըստ էության, ժողովրդի հետ կապը չի կորցրել եւ ժողովրդի մեջ առկա տրամադրությունները կարողանում է իդենտիֆիկացնել, համապատասխան ընթացք տալ: Բայց եթե կառավարության առաջարկած տարբերակին մեր քաղաքացիները դեմ կքվեարկեն, այդ դեպքում կառավարությունը պետք է ավտոմատ կերպով հրաժարական տա: Որովհետեւ հանրաքվեն բավականին մեծ պրոցես է, ծախսատար է, ուստիեւ, կարծում եմ, որ սա բացառիկ դեպքերում պետք է անցկացվի, եւ կառավարությունը հարցի հետ կապված նաեւ պետք է իր կարծիքն ունենա: Սա նաեւ քաղաքական պատասխանատվության խնդիր է, հակառակ դեպքում հարցի հետ կապված հասարակական կարծիքը կարելի է ճշտել նաեւ սոցիոլոգիական հարցումների միջոցով»,- ասաց Ա.Մարտիրոսյանը: Սակայն օրինագծում Ա. Մարտիրոսյանի առաջարկը ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը չի ընդունել: