Երեկ Դատախազության, Պետեկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության եւ Ոստիկանության մի շարք բարձրաստիճան ու միջին պաշտոնյաներ ստիպված էին 4 ժամ շարունակ լսել բազմաթիվ տաղտկալի ու անիմաստ զեկույցներ այն մասին, թե ինչպես են իրենք ու իրենց կառույցների ղեկավարները կատաղի պայքար մղում կոռուպցիայի դեմ:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստիպված էր ժամանակ առ ժամանակ գրիչով տկտկացնել սեղանին` դահլիճում քար լռություն ապահովելու համար: Արդարության առջեւ չմեղանչելու համար նշենք, որ դա նրան հաջողվում էր: Ոմանք, իհարկե, ընդմիջումից անմիջապես հետո ծլկեցին, թեեւ գլխավոր դատախազը հրամայեց մասնակցել «խորհրդակցության աշխատանքներին» մինչեւ վերջ: Ոմանց բախտը (ինչպես, օրինակ, Արաբկիրի ու Նոր Նորք համայնքների դատախազներինը) ավելի քիչ բերեց, քանի որ Ա.Հովսեփյանը պահանջեց բացատրություններ տալ, թե ինչու են իրենց մոտ արձանագրվել կոռուպցիոն բնույթի քիչ հանցագործություններ: Օրինակ` նրան զարմացրեց այն, որ Վայոց Ձորում, Սյունիքում եւ մի շարք այլ մարզերում ու Երեւանի համայնքներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը շատ փոքր է Լոռու, Արմավիրի, Շիրակի եւ մի քանի այլ մարզերի համեմատ: Սա՝ նաեւ այն դեպքում, երբ հաշվի ենք առնում բնակչության թիվը: Այստեղից էլ գլխավոր դատախազը եզրակացրեց, որ այնտեղ, որտեղ իրենք «դիտողություններ են արել» պաշտոնյաներին, արձանագրվել են հանցագործությունները գրանցելու եւ բացահայտելու միտումներ:
«Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության առանձնահատկությունները» վերնագրված այդ խորհրդակցության սկզբում բացման խոսքով, Ա. Հովսեփյանից բացի, ելույթ ունեցավ նաեւ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հովսեփյանը խոսեց այն մասին, թե պետք է այնպես անել, որ մարդիկ չմտածեն, թե կոռուպցիայի դեմ պայքարը ժամանակավոր բնույթ է կրելու: «Բազմաթիվ անգամ նշել ենք, որ կոռուպցիան չարիք է, չարիք, որը դարերով եւ հազարամյակներով մարդկության ուղեկիցն է եղել: Միշտ չէ, որ մարդկությունը փորձ է արել համատեղ ուժերով պայքարել դրա դեմ: Կոռուպցիան պարզապես ժողովրդի մոտ պետության եւ իրավապահների հանդեպ հիասթափություն է առաջացնում»,- ասաց նա: Իսկ Ա. Բաղդասարյանը ինչ-որ բաներ ասաց «իրավակիրառական պրակտիկայի», «կոռուպցիոն ռիսկերի», «համակարգային բարեփոխումների» եւ մի քանի այլ նմանօրինակ հասկացությունների մասին, ու առաջին զեկուցողի` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի ելույթից հետո վերջինիս հետ լքեց դահլիճը: Արդարադատության նախարարը երկար խոսեց իրավական բարեփոխումներից, հասարակության վստահությունից, փողերի լվացումից եւ այլն: Առանձնացնենք նրա ելույթի` ինչ-որ բան ասող հատվածները: «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պետք է մատչելի լինի ոչ միայն դատախազների, այլեւ մարդկանց համար»: «Եթե մենք սպասում ենք, որ մեզ ինչ-որ մեկը պետք է պատրաստի տա տեղեկատվություն 190-րդ հոդվածի վերաբերյալ (խոսքը փողերի լվացման հոդվածի մասին է.- Հ.Մ.), այդպես չի լինում: Ցանկացած դեպքում քննիչը պետք է կարողանա իր տրամադրության տակ եղած տեղեկատվության շրջանակներում վերլուծել: Որովհետեւ, եթե դուք վերլուծեք որեւէ ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը, ձեզ համար պարզ կդառնա, որ հարկերից խուսափելու արդյունքում ձեւավորված գումարները ոչ միայն բարձի տակ են պահում, այլ օգտագործում են ձեռնարկատիրության ոլորտում»: «Լինում են դեպքեր, երբ մարդն ապօրինի պահվում է Ոստիկանության որեւէ բաժանմունքում։ Սա մենք բացատրում ենք գործի շահերից ելնելով: Իմ համոզմամբ՝ մենք պետք է նման քայլի չդիմենք, քանի որ դա գործի շահերից բացարձակապես չի բխում: Սա ավելի շատ պայմանավորված է գործի շահերի նկատմամբ յուրովի պատկերացումներով, ցածր պրոֆեսիոնալիզմով եւ փաստում է, որ դեռեւս հին ավանդույթներով ենք շարժվում»: Այնուհետեւ 2008-2012 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նպատակների եւ խնդիրների մասին խոսեց ՀՀ նախագահի խորհրդական Գեւորգ Կոստանյանը: Նա նշեց, որ ինչ-որ գերատեսչություններ են ձեւավորվել Կոռուպցիայի դեմ պայքարի համար նախագահի հրամանագրով:
Հիշեցնենք, որ նման մի ռազմավարական ծրագիր էլ կար 2003-2007թթ. համար: Արդյունքները, կարծում ենք, ակնհայտ են. մինչ այդ ծաղկող կոռուպցիան «չորացել» է: Մյուս ցնցող հայտարարությունը քաղաքական կոռուպցիայի մասին էր, որի համաձայն՝ 2012-ին քաղաքական կոռուպցիայի կրճատման արդյունքում երկրում կմեծանա քաղաքական կայունությունը (՞): ՀՀ փոխոստիկանապետ, Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն էլ նշեց կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրությունը: Ըստ այդմ, այս տարվա նոյեմբերի 26-ի դրությամբ հանրապետությունում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 214 հանցագործության դեպք կամ 2,7 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հայտնաբերված հանցագործությունների 55,6 տոկոսը կամ 119 դեպք բաժին է ընկնում Ոստիկանության մարմիններին, այդ թվում` 37-ը` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը: Նա նաեւ կրկնեց տարիներ շարունակ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից ասվող ձանձրալի դատողությունները: «Չնայած արձանագրված նկատելի տեղաշարժին` կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը դեռեւս հեռու է բավարար լինելուց: Այս տիպի հանցագործությունների հայտնաբերման եւ բացահայտման աշխատանքներում անհրաժեշտ է համախմբել ինչպես իրավապահ մարմինների, պետական կառույցների, այնպես էլ հանրության ուժերը: Մենք չենք կարող խուսափել կոռուպցիոն ռիսկերից, սակայն պետք է ուսումնասիրենք համաշխարհային փորձը, համագործակցենք միջազգային կազմակերպությունների հետ, կատարելագործենք մեր ազգային օրենսդրությունը»: Հարկային համակարգի բարեփոխումների մասին էլ խոսեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Օսիկյանը: 109 միջոցառումների ու դրանցից կոռուպցիայի դեմ ուղղվածների մասին, արդեն 3-4 ամիս է խոսվում է: Այնուամենայնիվ, պարոն Օսիկյանը գերազանցեց իրեն տրված ժամանակը եւ խոսեց նաեւ ընդմիջման հաշվին: Ա. Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց նաեւ դահլիճում գտնվող ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, որը, Ա. Հովսեփյանի ասելով՝ իր հետ համակարծիք էր այն հարցում, որ կոռուպցիոն ռիսկերի կրճատման հիմնական երաշխիքը սուբյեկտիվ գործոնների կրճատումն է: «Եթե նախկինում կատարվել է 2200 ստուգում, այս ժամանակահատվածում կատարվել է ընդամենը 176 ստուգում: Մենք հանգեցինք այն եզրակացության, որ ստուգումների քանակի էական կրճատմամբ նույնպես կարելի է սուբյեկտիվ գործոնները հասցնել նվազագույնի»: