Մի առիթով գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն ասաց, որ կյանքի յուրաքանչյուր բարդ իրադարձությանը հայ մարդու առաջին արձագանքըգ չլողանալն է: Ընդ որում` երկար ժամանակով: Սա՝ կյանքի ամենաբարդ շրջաններում, իսկ ամենաուրախ իրավիճակներում մենք ուրախանալու միայն մեկ եղանակ գիտենք` համերգ հայ աստղերի կատարմամբ, որը պետք է անպայման վարեն նույն հաղորդավարները` հիացած սեփական գեղեցկությամբ եւ մտքի անկրկնելիությամբ: Այդպես էր նաեւ չորեքշաբթի օրը, երբ դիմավորում էինք Դրեզդենից վերադարձող շախմատի օլիմպիադայի Հայաստանի թիմին:
Այս դեպքում դիմավորման արարողության նրբությունն այն էր, որ ընդունում էինք շախմատիստների եւ ոչ թե այնպիսի մարզաձեւերի հաղթողների, ում համար հայ աստղերի տաշի-տուշիի առաջ, ասենք, Բախի երաժշտությունը ձանձրալի նվնվոց է: Կոնկրետ մեր շախմատիստների դեմքին նայելով` արդեն ակնհայտ էր, թե ինչ ինտելեկտի, հետեւաբար` համեստության եւ ճաշակի մարդիկ են: Եվ դա երեւում էր նաեւ այն պարզագույն հանդերձներից, որոնցով նրանք եկել էին կամ, ավելի ստույգ, բերվել էին Մարզահամերգային համալիր` մեդալներ ստանալու, ավելի՛ն, լսելու նաեւ հայ աստղերի երգերը: Աչքերի այն արտահայտությամբ, որով հատկապես Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանն էին հետեւում բեմում կատարվող իրադարձություններին, պարզ էր դառնում, որ րոպե առաջ այդ դահլիճից դուրս գալը նրանց համար փրկություն կլիներ: Սակայն, ոչ, նրանք դեռ պիտի բեմ բարձրանային Լեյլա Սարիբեկյանի երգի ներքո: Ի դեպ, երբ անգամ Թաթա Սիմոնյանը բեմից նկատեց, թե, եթե բոլորս միասին լինենք, կկարողանանք հաղթել ում ցանկանանք, որտեղ ցանկանանք եւ երբ ցանկանանք (օլիմպիադայում մեր շախմատիստների արդեն երկրորդ հաղթանակից հետո այս միտքը հնչում է շատերի շուրթերից): Գուցեեւ այդպես է, սակայն այս դեպքում էական է ճշտումը. խնդիրը ոչ թե պարզապես միասնության մեջ է, այլ այն կարգի մարդկանց միասնության, ովքեր ունեն դեմքի այնպիսի արտահայտություն, որպիսին ունեն մեր շախմատիստները:
Մի փոքր կտրուկ անցում կատարելով` ներկայացնենք եւս մեկ նկատառում: Որքան հասցրել ենք նկատել, Հայաստանից անգամ կարճ ժամանակով բացակայած մարդկանց հետ պետք է նուրբ վարվել: Ազնիվ մարդկանց եւ քաղաքակիրթ փոխհարաբերությունների պայմաններում որոշ ժամանակ անցկացրած մարդկանց դեպի Երեւան շտապող ինքնաթիռներում արդեն սպասում է լուրջ սթրես: Բերեմ ամենաթարմ օրինակներից մեկը, որի ականատեսն էի անձամբ: Երեքշաբթի, ժամը 13:00-ին Դուբայից Երեւան թռչող օդանավը լեփ-լեցուն էր հայաստանցիներով: Վերջին պահին օդանավ բարձրացավ նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Արդեն «Հայլուրի» երեկոյան ռեպորտաժից տեղեկացանք, որ Վեհափառը հայրապետական այցով Հնդկաստանում էր: Եվ տեսնել էր պետք, թե ինչպես էին նրան Հնդկաստանի փողոցում ընդունում հնդիկները` նրանից օրհնություն էին խնդրում, համբուրում աջը: Հասկանալի պատճառներով Հայաստանում հոգեւորականության հանդեպ հարգանքն այնքան էլ ընդգծված չէ, սակայն այդ աստիճանի անտարբերությունը կաթողիկոսի պաշտոնի եւ ներկայության հանդեպ՝ մտահոգիչ էր: Հասկանալի է, որ Հայաստանն այնքան փոքր է, որ բոլորը միմյանց մասին գիտեն ավելին, քան անհրաժեշտ է: Սակայն, անկախ կաթողիկոսի անձի հանդեպ ունեցած որոշ վերապահումներից` ուղեւորներից որեւէ մեկը չմոտեցավ եւ կաթողիկոսի աջը չհամբուրեց: Ավելին, նրա ներկայությունը որեւէ մեկին չէր կաշկանդում` բարձր ու դատարկ զրույցով լցնել սրահը: Ուղեւորներն անթաքույց հետաքրքրությամբ փորձեցին միայն ճշտել` հատկապես ի՞նչ մատուցվեց Վեհափառին` ճաշին: Դրանով էլ հետաքրքրությունն ավարտվեց:
Ուղեկցորդուհիները պարբերաբար զգուշացնում եւ հորդորում էին հայերին` օդանավում չծխել եւ թռիչքի ընթացքում անջատել բջջային հեռախոսները` սեփական անվտանգությունից ելնելով: Սակայն ինքնաթիռի սրահում ծխի շերտը հատկապե՛ս թանձրացավ, երբ հայ տղամարդիկ ավարտեցին համեստ ճաշը: Պարզորոշ լսվեց, թե ինչպես մի տղամարդ զուգարանից անկեղծացավ, որ ուտելուց հետո ինքը պատրաստ է մեռնել, բայց չծխել ոչ մի կերպ չի կարող: Իսկ ինքնաթիռի վայրէջքից հետո ազգությամբ հայ ուղեւորները, ինչպես միշտ, բուռն ծափահարում էին` հընթացս ոտքի կանգնելով եւ օդանավից առաջինն իջնելու վճռականությամբ: Սա ծանոթ տեսարան է, թերեւս, բոլորի համար:
Կրկնենք, որ Հայաստան մտնող յուրաքանչյուր նորմալ մարդու հանդեպ պետք է որոշակի ժամանակ զգույշ վարվել: Նույնը, տասնապատիկ ավելի, պետք էր անել մեր շախմատիստների հանդեպ: Վստահ ենք, որ ժողովրդի անկեղծ ուրախությունն ու մայրաքաղաքի լեփ-լեցուն փողոցներն ու հաղթողներին դիմավորելու դուրս եկած հազարավոր մարդկանց ուրախությունը գոնե առաջին օրվա համար պիտի որ նրանց բավարար լիներ: Հայ աստղերի երգուպարը մտավոր ծանր աշխատանքից հետո հաղթած, բայց հոգնած մարդկանց (եւ ոչ միայն նրանց) համար լուրջ սթրես է:
Այնպես որ, երբ ԵՄ կամ միջազգային այլ կառույցներից պաշտոնյաներ կամ դիտորդներ են ուղեւորվում Հայաստան, հայ ժողովրդի մասին կարծիքը նրանք ձեւավորում են արդեն օդում, եւ այդքանից հետո ակնկալել հարգանք մեր հասարակության, մեր երկրի քաղաքացիների իրավունքների կամ ազատությունների հանդեպ, սպասել, թե նրանք լուրջ աշխատանք կթափեն` հասկանալու համար, դիցուք, մարտի մեկի իրադարձությունների տրամաբանությունը, պարապ գործ է:
Դժվար է պատկերացնել, թե դեպի այլ երկրներ ուղղություն վերցրած էլ ո՞ր օդանավի ուղեկցորդուհիներն են ընդհատում թռիչքի բարձրության կամ ջերմաստիճանի մասին տեղեկատվությունը` հերթական անգամ զգուշացնելու, որ օդանավում չծխեն: Քանի դեռ ինքներս մեզ չենք հարգում, անմիտ գործ է այլոց հարգանքն աղերսելը: Եվ երբ որեւէ այլ երկրից Հայաստան վերադառնալն ամեն անգամ ուղեկցվում է շոկով կամ ընկճվածությամբ, եւ ոչ մեկի պապի գերեզմանը չի կարող լուրջ հիմնավորում լինել, թե ինչու այսինչը կամ այնինչը չեն ցանկանում ապրել այս միջավայրում: Իրոք բարդ է, եւ չի փրկում նույնիսկ հայրենասիրությունը: