Առաջիկայում արտահերթ ընտրությունների հավանականության մասին ցանկացած վերլուծության կամ կարծիքի իշխանություններն անմիջապես հակադրվում են՝ ասելով, որ քաղաքական անկայունություն չկա, երկիրը բնականոն կյանքով է ապրում, եւ Հայաստանում ո՛չ նախագահական, ո՛չ էլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենա:
Սակայն իշխանությունները կարծես թե իրենք են պատրաստվում արտահերթ ընտրությունների: Համենայնդեպս, դժվար է այլ կերպ բացատրել նախօրեին «Գելափ» կազմակերպության արեւելաեվրոպական մասնաճյուղի կողմից հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կատարված սոցիոլոգիական հարցումների հրապարակումը: Նշենք, որ այդ հարցումների պատվիրատուն իշխանություններն են` ի դեմս Հայաստանի Հանրային հեռուստաընկերության: Հարցումների ձեւաչափը եւ ընդհանրապես շեշտադրումները ճիշտ այնպիսին են, ինչպիսին լինում են նախագահական կամ խորհրդարանական ընտրություններից առաջ:
Հարցումների արդյունքում գրեթե բոլոր ցուցանիշներով առաջին տեղում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես, «Եթե այսօր անցկացվեին նախագահական ընտրությունները, ո՞ւմ կտայիք ձեր ձայնը» հարցին ի պատասխան՝ հարցվողների 37.4 տոկոսը տվել է Ս. Սարգսյանի անունը: Ինչպես 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ «Գելափի» հրապարակած հարցումներում, այս մեկում եւս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ երկրորդ տեղը չի «զբաղեցրել». ըստ «Գելափի», նրա օգտին է արտահայտվել հարցվածների ընդամենը 6.5 տոկոսը, այն դեպքում, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 9 տոկոսով «զբաղեցրել» է պատվավոր երկրորդ հորիզոնականը: Իսկ, ասենք, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, նույն հարցման արդյունքներով՝ ստացել է ձայների 5.8 տոկոսը: «Գելափը» փորձել է ճշտել նաեւ այս կամ այն թեկնածուի օգտին արտահայտված հնարավոր ընտրողների հոգեբանական կողմնորոշումները: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստ հիմնական հոգեբանական սեգմենտին բնորոշ են կողմնորոշվածությունը դեպի ժամանակակից տեխնոլոգիաները, ինքնաիրացումը, այդ հոգեբանական սեգմենտը նյարդային է, սիրում է ռիսկը եւ, այսպես ասած` իրավիճակային սպառող է: Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր ընտրազանգվածը եւս բնորոշվում է նյարդայնությամբ, նաեւ քաղաքացիական պարտքի զգացումով, ընկերասիրությամբ, ավանդական կարծրատիպերով եւ փողի նկատմամբ խնայողության ունակություններով: Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել պատրաստվողները, ըստ նույն հարցման արդյունքների, այն հոգեբանական սեգմենտի ներկայացուցիչներն են, որոնք օժտված են քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով:
Գրեթե նույն տրամաբանությամբ եւ համամասնություններով ներկայացվել են նաեւ քաղաքական կուսակցությունների վարկանիշները: «Գելափի» հարցումների համաձայն, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն առաջիկա կիրակի օրը, ապա Հանրապետական կուսակցությունը կստանա 33.3 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»` 15.4 տոկոս, «Ժառանգությունը»` 13.4 տոկոս, Դաշնակցությունը` 9.5 տոկոս, իսկ «Օրինաց Երկիրը»` 7.7 տոկոս: «Գելափի» կողմից կազմված կուսակցությունների առաջին հնգյակում Հայ Ազգային կոնգրեսին անդամակցող որեւէ քաղաքական ուժ ներառված չէ: Այսինքն` այս հարցումների արդյունքներով ստացվում է, որ եթե առաջիկայում Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ապա քաղաքական դաշտի պատկերը բացարձակապես չի փոխվի: Ի դեպ, «Գելափն» առանձին անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ըստ այդմ, հարցվածների միայն 26.1 տոկոսն է համարում, որ Հայաստանը պետք է համագործակցի Թուրքիայի հետ, այն դեպքում, երբ 47.3 տոկոսը գտնում է, որ պետք է զգույշ լինել Թուրքիայի հետ հարաբերություններում: Հարցման մասնակիցների 18.3 տոկոսը կարծում է, որ Հայաստանը չպետք է համագործակցի Թուրքիայի հետ, մինչեւ վերջինս չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսկ հարցվածների 7.5 տոկոսը կտրականապես դեմ է Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն հաստատելուն` գտնելով, որ վերջինիս շահերը հակասում են Հայաստանին: Այդուհանդերձ, հարցվածների 10.1 տոկոսը կարծում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Թուրքիան կդառնա Հայաստանի տնտեսական գործընկերը: Նրանց 50.6 տոկոսը դա հնարավոր է համարում, 21.7 տոկոսը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, նման բան տեղի չի ունենա, իսկ 12.5 տոկոսը միանշանակ բացառում է նման հնարավորությունը:
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ