Ո՛չ լավ գործընկեր են, ո՛չ լավ խորհրդատու

30/11/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումները վարչապետ Տիգրան Սարգսյանի համար հերթական լավ առիթն են հանդիսացել` այսօրվա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի «անխոցելիության» մասին թեզը եւս մեկ անգամ առաջ քաշելու համար: Եվ պետք է արժանին մատուցել վարչապետին. նա, իրոք, վերջին 10 տարվա ընթացքում նաեւ սեփական ջանքերի շնորհիվ կայացած ֆինանսաբանկային համակարգի PR-ն իրականացնելու հնարավորությունը պատշաճ մակարդակով օգտագործեց: Դրսից հնչած կարծիքին առավել մեծ նշանակություն տալու` հայաստանցիների մենթալիտետը հաշվի առնելով, վերջին օրերին Հայաստան հրավիրվեցին նաեւ մի շարք միջազգային ֆինանսական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ: Վերջիններս հրավիրող կողմին հուսախաբ չարեցին եւ իրենց հերթին, նույնպես, ինչպես, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալը, գովեցին Հայաստանի բանկային համակարգը, պնդեցին, որ այն կայուն է, եւ չմոռացան նշել, որ պարզապես տպավորված են հայկական դրամի ամրությամբ: Ավելին, պարզվեց՝ իրավիճակը Հայաստանում այնքան լավ է, որ ԱՄՀ-ի գործադիր տնօրենը չբացառեց, որ համաշխարհային կապիտալը, որը կայուն հանգրվան է այժմ փնտրում, կարող է խարիսխ գցել Հայաստանում: Հայաստանի ներկայի եւ ապագայի շուրջ լավատեսական կանխատեսումների առումով իր ղեկավարից հետ չի մնացել նաեւ ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը, որը վերջերս իր հարցազրույցներից մեկում գոհունակությամբ հայտնել էր, որ տնտեսական աճի տեմպը Հայաստանում կկազմի մոտ 10 տոկոս, եւ սա՝ այն դեպքում, երբ Եվրոպայում այն 0 տոկոս է կազմելու: Նա նաեւ բոլորին հավաստիացրել է, որ «հայաստանյան բոլոր բանկերը բավարար ռեսուրսներ ունեն դեպոզիտները ծածկելու համար»: Մի խոսքով` ԱՄՀ-ի բարձրաստիճան «արհեստավարժներն» ամենայն պատասխանատվութամբ այս օրերին հավաստիացնում էին, որ հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի ամրությունը, գոնե ԱՄՀ-ի կողմից, կասկածի տակ չի վերցվում: Սակայն պետք է նկատենք, որ հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի կայունության մասին պնդումը վերահաստատելու համար Հայաստանի իշխանություններն այսօր առնվազն ամենավստահելի «հեղինակությանը» չէ, որ պետք է ներգրավեին: Քանի որ այսօր աշխարհում, հատկապես ֆինանսատնտեսական ստեղծված կացության պայմաններում, արդեն շատ քչերն են լուրջ վերաբերվում գործող միջազգային ֆինանսական կառույցների եւ, առավել եւս, հենց ԱՄՀ-ի տված գնահատականներին, կանխատեսումներին եւ խորհուրդներին: Եվ նման վերաբերմունքին այդ կառույցներն արժանացել են վերջին տասնամյակներում որդեգրած քաղաքականության ու գործելաոճի պատճառով, բայց եթե նախկինում միջազգային ֆինանսական կառույցների «վրիպումները» հիմնականում լոկալ աղետների էին հանգեցնում, ինչպես եղավ 1995թ. ԱՄՀ-ի անմիջական խորհուրդներով ապրող Մեքսիկայում եւ 1998թ. Ռուսաստանում, ապա ԱՄՀ-ի եւ ֆինանսական այլ կառույցների տարօրինակ «կուրությունն» արդեն ահռելի չափերի հասնող ֆինանսատնտեսական համաշխարհային աղետի են հանգեցրել: Պատահական չէ, որ նախեւառաջ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի՝ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության եւ այդ կառույցները բարեփոխելու խնդիրներն առաջնային են դարձել տարբեր ձեւաչափերի ամենաբարձր մակարդակի քննարկումների ժամանակ, որոնք ուղղված են ճգնաժամից ելք գտնելուն:

Հատկանշական է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություններն ԱՄՆ-ում ծնունդ առած հիպոթեքային ճգնաժամի աշխարհով մեկ տարածմանն արձագանքեցին միայն այն սկսվելուց մի քանի շաբաթ անց: Ընդ որում, դրանից ընդամենը մեկ ամիս առաջ համաշխարհային տնտեսության վիճակին վերաբերող իր հերթական զեկույցում ԱՄՀ-ն կանխատեսում էր տնտեսական աճի բարձր տեմպեր ոչ միայն զարգացող երկրների, այլեւ ԱՄՆ-ի համար: Իհարկե, ինչպես պնդում են վերլուծաբանները, արդարացի չէր լինի պնդել, թե ԱՄՀ-ն չէր տեսնում, թե ինչ է իրականում տեղի ունենում ԱՄՆ-ի հիպոթեքային շուկայում: Պարզվում է՝ եւ՛ տեսնում էր, եւ՛ նույնիսկ նախազգուշացնում էր: Բայց դա այնքան «նուրբ» էր կատարում, որպեսզի հանկարծ չնեղացնի ԱՄՀ-ի հիմնական բաժնետերերին: Ընդ որում, իր վերլուծություններում ԱՄՀ-ն այնուամենայնիվ համոզված էր, որ «Fannie Mae»-ի եւ «Freddi Mac»-ի նման հսկա ընկերություններին սնանկացում չի սպառնում, եւ ֆինանսական ճգնաժամը քիչ հավանական է: Ընդ որում, ԱՄՆ-ում երկար ժամանակ խուսափում էին աղետալի գործընթացները ճգնաժամ անվանել` գերադասելով «կորեկցիա» տերմինը: Այդ ժամանակ ԱՄՀ-ի զեկուցագրում «համեստորեն» կանխատեսեցին, որ անկումն ԱՄՆ-ում դժվար թե տարածվի նաեւ այլ երկրների վրա: Հիմնադրամի փորձագետներն անգամ պնդում էին, որ «իրավիճակն այլ երկրներում հնարավորություն է տալիս այլ երկրներին տարանջատվել ԱՄՆ տնտեսությունից եւ նպաստել տնտեսական աճին»: Այսօր արդեն բոլորին է պարզ, որ ԱՄՀ-ի «մասնագետներն» իրենց կանխատեսումներում սխալվել են: Սակայն դա, ինչպես հաճախ է լինում, ԱՄՀ-ի գործունեության մեջ ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին սխալ կանխատեսումն ու վերլուծությունն էր: Այսպես օրինակ` դեռեւս այս տարվա մայիսին ԱՄՀ-ի ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը հայտարարեց, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի վատագույն փուլը գործնականում արդեն անցած է: Նրա այդ հայտարարությունը տարածեցին աշխարհի բոլոր լրատվական գործակալությունները, սակայն շատ շուտով ակնհայտ դարձավ, որ ԱՄՀ-ի ղեկավարի այս գնահատականն էլ զարմանալիորեն հեռու է իրականությունից: Գուցե այս եւ այլ կանխատեսումների «դառը փորձն էր» պատճառը, բայց մեր կողմից հիշատակված ԱՄՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Մ. Պորտուգալի Երեւանում հնչեցրած գնահատականները զգալիորեն տարբերվում էին ԱՄՀ-ի նախկին կանխատեսումներից: Այս անգամ ԱՄՀ բարձրաստիճան այս ներկայացուցիչը զգուշությամբ նկատեց, որ «թեպետ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը 15 ամիս է, ինչ շարունակվում է, սակայն դեռեւս դժվար է ճգնաժամի ավարտի ճշգրիտ ժամկետների մասին խոսել»: ԱՄՀ բարձրաստիճան այս պաշտոնյան, այնուամենայնիվ, ստիպված եղավ արձանագրել, որ «ֆինանսական ճգնաժամը սկսում է ներազդեցություն ունենալ տնտեսության իրական հատվածի վրա», եւ հավելեց, որ «1970-ական թվականներից սկսած՝ ԱՄՀ-ն զարգացած երկրներում տնտեսական աճի տեմպերի աճի անկում է կանխատեսում, որը կշարունակվի նաեւ հաջորդ տարվա ընթացքում»: Բայց նույնիսկ այս «հոռետեսական» կանխատեսումներով հանդերձ, ԱՄՀ-ն, այնուամենայնիվ, պնդում է, որ ճգնաժամի գագաթնակետն արդեն անցյալում է. այս անգամ պարզվում է` այն եղել է 2008թ. հոկտեմբերին: Զարմանալի չէ, որ իր հիմնական գործառույթները, այն է՝ աշխարհում ֆինանսական եւ արտարժութային կայունությունն ապահովելու պարտականությունները չիրականացնելու համար ԱՄՀ-ն այսօր սուր քննադատական թիրախ է դարձել աշխարհի հզորների համար: Դեռեւս գարնանը սանկտպետերբուրգյան տնտեսական ֆորումում ելույթ ունենալիս ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւն առաջարկեց լուրջ բարեփոխումների ենթարկել եւ՛ ԱՄՀ-ն, եւ՛ Համաշխարհային բանկը, քանի որ վերջիններս այլեւս ի վիճակի չեն կարգավորիչ դերակատարում իրականացնել համաշխարհային շուկայում: Ըստ ՌԴ նախագահի` այս ֆինանսական ինստիտուտներն «աշխարհում ձեւավորված ժամանակակից նոր իրողություններին բացարձակապես չեն համապատասխանում, ժողովրդավարական չեն եւ ծայրաստիճան դանդաղաշարժ են»: Ճգնաժամի հետագա ծավալումն եւ խորացումն ու այս պայմաններում ԱՄՀ-ի եւ այլ միջազգային ֆինանսական կառույցների ոչ համարժեք գործողությունները ցույց տվեցին, որ տրված այդ գնահատականներն իրականությունից, «մեղմ ասած», հեռու չէին:

Ի դեպ, Դ. Մեդվեդեւն իր այս գնահատականներում բոլորովին էլ միայնակ չէ: Ինչպես ցույց տվեց վերջերս Վաշինգտոնում կայացած աշխարհի տնտեսապես քսան «հսկաների» առաջնորդների գագաթաժողովը, գրեթե նման մոտեցումներ այս կամ այն չափով արտահայտվում են նաեւ մի շարք եվրոպական եւ զարգացող երկրների առաջնորդների մոտեցումներում: Օրինակ` Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին առաջարկեց (եւ ամփոփիչ փաստաթղթում այն ներգրավեց) ուժեղացնել վերահսկողությունը վարկառեյտինգային գործակալությունների եւ կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաեւ՝ ակնարկեց միջազգային ֆինանսական ինստիտուտներն արմատապես բարեփոխելու անհրաժեշտության մասին: Ընդհանրապես պատահական չէ, որ այս գագաթաժողովի ընթացքի մասին խոսելիս վերլուծաբանները եկել են եզրակացության, որ գագաթաժողովում սուր պայքար էր ընթանում մայրցամաքային-եվրոպական եւ անգլոսաքսոնական մոդելների միջեւ: Վերջինիս կողմնակիցները, հիմնականում ի դեմս ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների, ինչպես միշտ, զուտ կոսմետիկ փոփոխություններ էին առաջարկում. «Ուոլ Սթրիթի» եւ նրա շահերը սպասարկող միջազգային ֆինանսական կառույցների դերի նվազեցման դեմ էին հանդես գալիս: Արդյունքը եղավ այն, որ գագաթաժողովի ընթացքում ընդունված, այսպես կոչված, «կոմպրոմիսային փաստաթուղթը» որեւէ լուրջ ազդեցություն առայժմ չի թողնում համաշխարհային տնտեսությունում ընթացող բարդ զարգացումների վրա: Ու թերեւս արդեն բոլորին է պարզ, որ գոնե մոտակա ժամանակահատվածում ամեն մի երկիր ինքնուրույն պետք է փորձի ճգնաժամին դիմակայել: Եվ ինչպես ցույց տվեց վերջին տարիների փորձը, միջազգային ֆինանսական կառույցները ու, գուցե, առաջին հերթին, հենց Արժույթի միջազգային հիմնադրամը՝ ճգնաժամերին դիմակայելու գործում, մեղմ ասած, լավագույն գործընկերներն ու խորհրդատուները չեն: