Կապանի մանկապարտեզներն այս տարի եւս ջեռուցվում են ավանդական եղանակով` փայտով: Քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Անուշ Սիմոնյանն «Արմենպրեսին» ասել է, որ քաղաքի միայն թիվ 10 մանկապարտեզն է ջեռուցվում գազով: Չնայած գազիֆիկացվել է նաեւ թիվ 4 մանկապարտեզը եւ արդեն ունի լոկալ ջեռուցման ցանց, սակայն այն կշահագործվի դեկտեմբերից: Իսկ մինչ այդ այս նախակրթարանի խմբասենյակները եւս ջեռուցվում են փայտե վառարաններով: Վառելափայտի ձեռքբերմանն աջակցում են ծնողները: Ամեն տարի մանկապարտեզներին որոշակի քանակությամբ փայտ է տրամադրում նաեւ քաղաքապետարանը: Ըստ կրթության բաժնի պետի` իրենց կողմից պարբերաբար ստուգվում է բոլոր նախակրթարանների խմբասենյակների ջերմաստիճանը, ինչը համապատասխանում է նորմային: Եթե ամեն տարի այս տարեշրջանում մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 40-50 տոկոսով կրճատվում էր, ապա այս տարի նման միտում չի նկատվում: