Նոր օպերա՝ հավերժ հարցադրումներով

30/11/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Երեւանի Օպերային թատրոնը պատրաստվում է նոր օպերային ներկայացման պրեմիերայի։ Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին կներկայացվի Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի բեմականացումը, որը տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցի նախաշեմին ու կնվիրվի արհավիրքի զոհ դարձած մարդկանց հիշատակին։

Նոր օպերային ներկայացումներով աղքատ մեր թատրոնում այս օպերան իրականություն դարձնելու համար շատ ու բազմաբնույթ ուժեր էին ներդրված։ Շուրջ 200 մարդ է բեմ դուրս գալու, գործի են դրվելու ոչ միայն երգիչ-մենակատարներն ու երգչախումբը, այլեւ՝ պլաստիկ թատրոնի դերասան-ուսանողներն ու միմոսները։ Իսկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Մինչ առաջին բեմելը բեմադրության ստեղծագործական խումբը լրագրողների համար ասուլիս էր կազմակերպել հենց բեմի վրա՝ հնարավորություն տալով տեսնել բեմական մեկ հատված ու բեմական ձեւավորումը (սցենոգրաֆն ու զգեստների հեղինակը Ավետիս Բարսեղյանն է)։

Ավետ Տերտերյանը իր «Das Beben»՝ «Ցնցում» օպերան գրել է 1984 թվականին, գերմանական հրատարակչություններից մեկի պատվերով։ Հետագայում օպերայի անվանումը խմբագրվեց։ «Երկրաշարժ» օպերայի լիբրետոյի հիմք է ծառայել 19-րդ դարասկզբին գրված Հայնրիխ ֆոն Կլյաստի «Երկրաշարժը Չիլիում» պատմվածքը, որը, սակայն, ոչ մի կոնկրետ վայրի ու ժամանակաշրջանի հետ զուգահեռներ չունի։ Ինչպես ասաց բեմադրության ռեժիսոր Լեւոն Իվանյանը՝ այնտեղ ժամանակ չկա։

Օպերայի սյուժեն շատ խճճված ու բազմաշերտ է։ Հիմքում սերն է ու մարդ էակի բնության մասնիկ լինելու խնդիրը։ Հերոսուհին կախաղան է գնում՝ խնդրելով Բարձրյալին՝ փրկել իրեն ու բանտում գտնվող իր սիրեցյալին, ու երկինքը՝ ի պատասխան նրա խնդրանքների՝ ցնցում է հողն ու աղետ է դարձնում մարդկության կյանքը։ Աղջիկն ու տղան փրկվում են, սակայն ողբերգությունը տեղափոխվում է շրջապատի վրա։ Անհատի ու հասարակության փոխկապակցման նման խնդիր է ռեժիսորը դնում օպերայի ենթատեքստում։ Թեեւ ճակատային լուծումներով այդ մասին չի ասվելու, սակայն ժամանակակից կյանքը ներկայացվելու է ժամանակից վեր սիմվոլներով։ Դա նկատվելու է եւ՛ հերոսների վերացական զգեստների, եւ՛ բեմի ձեւավորման մեջ (բեմում կախաղան եւ կախաղան հանված տիկնիկներ կան)։ Լեւոն Իվանյանը նկատեց, որ Ա.Տերտերյանը՝ փորձելով հուշել իր օպերայի ապագա բեմադրիչներին՝ խորհուրդ է տվել օգտագործել Հերոնիմուս Բոսխի ու Պիտեր Բրեյգելի կտավների երազային հերոսների շարանները։ Եվ այդ նկարիչների ազդեցությունը նկատվելու է երեւանյան ներկայացման մեջ, թեեւ՝ ոչ ուղղակի։

Իհարկե, կախարդական ու խորհրդավոր մթնոլորտը ստեղծվելու է առաջին հերթին երաժշտության շնորհիվ, քանի որ Ավետ Տերտերյանի երաժշտությունը շատ կոնկրետ ու շատ պատկերավոր է։ Այն շատ նման է ծիսական արարողությանը, որտեղ աղմուկ, երկար դադարներ, պոռթկումներ ու լռություն կա։

Նրա երաժշտությունը շատ դժվար է լսել, քանի որ այն հասկանալու համար՝ պետք է լարել ուղեղն ու զգայարանները։ Ինչպես ասաց Օպերային թատրոնի մեներգիչ Բարսեղ Թումանյանը՝ Ավետ Տերտերյանի երաժշտությունն այնպիսի դաշտ է ստեղծում, որն անտարբեր թողնել չի կարող. «Ավետ Տերտերյանը համարյա բանաձեւեր է ստեղծել, որտեղ չափազանց լարված ու խտացված փիլիսոփայություն է դրել»։

Կոմպոզիտորի համար լռությունը նույնպես երաժշտություն էր, որտեղ բազմաթիվ հնչյուններ են ննջում ու սպասում են այն վայրկյանին, երբ պետք է թնդան ու պատռեն լռության պատյանը։ Ավետ Տերտերյանն ասել է, որ «կոմպոզիտոր» բառն այնքան էլ չի սիրում, այլ՝ գերադասում է «ընդունիչ» բառը, քանի որ հնչյունի հետ գործ ունեցող յուրաքանչյուր մարդ ոչ թե ստեղծում, այլ՝ ընդունում է հնչյունը։ Իսկ հնչյունի տեւողությունը երաժշտության բաղադրիչ մասնիկն է։ Նա կարծես միշտ ցանկացել է յուրովի փոխակերպել ժամանակի էությունը՝ այն «սեղմելով», «ձգելով», եւ «հարմարեցնելով» հնչյունի էությանը։ Եվ այդ երաժշտությունը ոչ միայն բարդ է լսել, այլեւ՝ բարդ է կատարել։ Դիրիժոր Ռ.Ասատրյանն այդ բարդությունը տեսնում է մեղեդայնության բացակայության մեջ։ «Մեղեդի չկա, էներգետիկ դաշտ կա»,- ասում է նա։

Ավետ Տերտերյանը խոշոր կոմպոզիտոր-մտածող էր, ով ունկնդրին սուզում էր հնչյունների աշխարհ ու նրանից անպայման պատասխան ռեակցիա էր սպասում։ «Նույնիսկ, եթե այդ երաժշտությունը դժվար է լսվելու ու բողոք է առաջացնելու հանդիսատեսի մոտ, այն անպայման պետք է հնչի, քանի որ բողոքը նույնպես արձագանք է։ Եվ շատ թանկ արձագանք է, քանի որ մտածել է ստիպում»,- ասում է Բ.Թումանյանը։ Իսկ ինչո՞ւ է հենց այդ «դժվարամարս» ավանգարդիստական օպերան ընտրվել. այս հարցին նա պատասխանում է. «Օպերային թատրոնը կարելի է թանգարանի հետ համեմատել, որտեղ տարբեր ոճի նկարներ կան, այսինքն՝ տարբեր է ռեպերտուարը։ Իհարկե, ես կցանկանայի, որ խաղացանկում նաեւ դասական օպերաներ լինեն, բայց այս օպերայի ընտրությունը նշանակում է, որ մենք գոնե փորձում ենք հարուստ խաղացանկ-«հավաքածու» ստեղծել»։ Իսկ երաժշտագետ Նելլի Ասլանյանն ավելացնում է, որ այս օպերային բեմադրությունը հետագայում ողջ աշխարհում ցուցադրվելու ու թատրոնի հյուրախաղային գրաֆիկում ընդգրկելու մեծ հնարավորություն ունի։

Ավետ Տերտերյանն այն ստեղծագործողների շարքում է, ով բարձր է գնահատվել Հայաստանից դուրս ու գրեթե անծանոթ է իր հայրենիքում։ Կոմպոզիտորն իր վերջին տարիները Գերմանիայում է անցկացրել, որտեղ ոչ միայն իրեն օպերաներ էին պատվիրում, այլեւ՝ բարձր պարգեւներ շնորհում։ Նա ստացել է բարձրագույն գերմանական պարգեւը՝ «Ադենաուեր» մրցանակը։ Նրա երաժշտությունը ճանաչում է ստացել նաեւ Եկատերինբուրգ քաղաքում, որտեղ ապրել է 1990-ական թվականներին եւ որտեղ նրա անունը կրող փառատոն է ստեղծվել։

Ավետ Տերտերյանը նորարար էր, ով վաղուց արդեն դասական է համարվում։ Նա մեզ շրջապատող պարտիտուրայի «ականջ դնող» էր, որ կարողացել է իր երաժշտական կտրուկ պտույտներով իրար միացնել երկնային խորհրդանիշներն ու երկրային կրքերը։ «Վեր»-ն ու «վար»-ը միշտ եղել են ու միշտ էլ լինելու են, եւ յուրաքանչյուր անհատ դա զգում է իր մաշկի վրա ու իր մտքերում։ Ավետ Տերտերյանն իր երաժշտության միջոցով փոխանցել է մեզ այդ երկու մարդկային բեւեռների ներդաշնակության հնարավոր լինելը։ Նա կարծես գրել է այն, ինչ լսել է, իսկ լսել է նա ողջ տիեզերքը միաժամանակ։ «Երկրաշարժ» բեմադրության հեղինակները Ավետ Տերտերյանի երաժշտության միջոցով կարող են վերակենդանացնել այն հավերժ հարցերը, որոնք ծագում են մեր այս խառն ու անսիրտ ժամանակներում։ Սակայն կարող են, նաեւ շատ բան ցանկանալով ասել՝ իրականում ոչինչ էլ չասել։ Ամեն ինչի պատասխանները կստանանք պրեմիերայից հետո։

Կոմպոզիտորի այրին՝ Իրինա Տերտերյանը, ով ներկա է եղել 2003 թվականին Մյունհեն քաղաքում տեղի ունեցած օպերայի առաջին կատարմանը, չցանկացավ համեմատել գերմանական ու հայկական տարբերակները՝ ասելով, որ ներկայացումները տարբեր խնդիրներ են ունեցել, այդ պատճառով էլ համեմատությունն ավելորդ է։ Հասկանալի է, որ ՀՀ կառավարությունը նոր օպերան պլանավորել է որպես 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հուշ։ Այն ընդգրկվել է պետական միջոցառումների շարքում։ Իսկ նման մեկնարկ ունեցող միջոցառումները սովորաբար երկար չեն ապրում, քանի որ դրանք ոչ թե ներքին պահանջարկից, այլ՝ վերից պարտադրված որոշմամբ են իրականացվում։ Ընդ որում՝ հենց այդ հակասության մասին էլ իր սիմֆոնիաներում ու օպերաներում «խոսել» է Ավետ Տերտերյանը։ Հուսանք, որ երաժշտությունը ոչ միայն չի տուժի (տույժն այս դեպքում՝ անտարբեր լռությունն է լինելու), այլեւ՝ «կհաղթի» հենց նույն այդ անտարբերությանը։

«Մի գերագնահատեք ձեր նշանակությունն այս աշխարհում»,- ասել է Ավետ Տերտերյանը։ Եվ նրա այս խոսքերը արժե վերաիմաստավորել անկախ ու ազատ մեր հանրապետությունում։ Առավելեւս հիմա, երբ մեր Օպերային թատրոնն իսկական ավերակ է դարձել։